ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոնի հաստատման, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբն ամփոփեց արդյունքները:
Օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես եւ ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում են գտնվում 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերում են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքներին խոչընդոտելուն: Հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը հանցագործության դեպքի, իսկ 12-ը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր:
Շտաբի նիստի ավարտին «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանին:
-Ոստիկանության կողմից ստեղծված շտաբը, ամփոփելով ընտրությունները, արձանագրեց, որ այն նորմալ ընթացք է ունեցել, սակայն բազմաթիվ ահազանգեր եղան՝ ընտրակաշառքի հետ կապված, ինչը զանգվածային բնույթ էր կրում: Այդ դեպքում ի՞նչն է նորմալ:
-Նախ դա Դուք եք ասում, որ զանգվածային բնույթ էր կրում, ես կարծում եմ, որ ամեն մի ընտրության ժամանակ էլ այդպիսի դրսեւորումներ լինում են, այդպիսի տեղեկություններ տարածվում են: Ես չեմ կարծում, որ այս անգամ ինչ-որ առանձնահատուկ էր, իսկ եթե եղել են, ապա դրանց բոլորին արձագանք է տրվում, բոլորով ստուգումներ են կատարվում, արդեն կան հարուցված քրեական գործեր, նախաքննությունն ընթանում է, ու դեռեւս վաղ է գնահատականներ տալը:
-Եթե այդքան խախտումներ են եղել, քրեական գործեր կան հարուցված, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ընտրությունները որակել որպես աննախադեպ թափանցիկ, աննախադեպ օրինական:
-Աննախադեպ Դուք ասացիք, ես չասացի, ոչ մի առանձնապես… ընդունված չափերի մեջ են եղել ընտրությունները, եւ ես չէի ասի, որ այս անգամվա ընտրությունները առանձնահատուկ էին: Հիմա էլ ընթանում են այն բոլոր միջոցառումները, որ պետք է ձեռնարկվեն մեր մարմինների կողմից, եւ կարծում եմ՝ արձագանքները շատ շուտով կլինեն արդեն ամփոփված տեսքով: Ներկա դրությամբ էլ արդեն զեկուցվեց, որ երկու քրեական գործ կա հարուցված, իսկ ստուգումները դեռեւս շարունակվում են:
-Բացի Հանրապետական կուսակցությունից՝ բոլոր կուսակցությունները հայտարարեցին, որ ընտրություններն անցել են ակնհայտ խախտումներով, սա եւս ապացույց է, որ ընտրությունները նորմալ բնույթ չեն կրել:
-Ես չէի ասի, որ բոլոր կուսակցությունները դժգոհ են, իսկ ինչ բողոք, տեղեկատվություն մենք ստացել ենք՝ ընտրախախտումների հետ կապված եւ ընտրակաշառք բաժանելու հետ առնչվող, մենք արդեն ստուգումները կատարում ենք: Միայն ասելով չէ, պետք է փաստերը հաստատվեն, բոլոր այդ աշխատանքներն արվեն, ամփոփվեն, որ արդեն խոսենք, թե ըստ էության՝ ինչ պատկեր է մեզ մոտ:
-Ի վերջո, ընտրակեղծիքների դեպքերի բացահայտումն ո՞վ է իրականացնում: Ըստ տարածված հաղորդագրությունների՝ այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունն ու դատախազությունը մրցակցության են դուրս եկել տարածված հայտարարություններով, որի արդյունքում անպատիժ մնացին ընտրակեղծարարները:
-Ես չէի ասի, ընդհակառակը, մենք հստակ համագործակցում էինք, գիտեք, որ դատախազությունում ստեղծված էր հատուկ խումբ, որը մշտապես մեր շտաբի հետ կապի մեջ էր, եւ փաստորեն, ամբողջ տեղեկատվությանը, որ ստացել ենք դատախազության միջոցով, անմիջապես արձագանք էր տրվում մեր մարմինների կողմից: Ես գտնում եմ, որ շատ լավ համագործակցել ենք դատախազության հետ եւ որեւիցե մրցակցություն կամ փառքն իրար ձեռքից խլելու առիթ չկար: Ես կարծում եմ, որ երբեք այսպես ներդաշնակ չի եղել մեր համագործակցությունը, ինչպես այս անգամ:
ՓԱՌՔՆ ԻՐԱՐ ՁԵՌՔԻՑ ԽԼԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԻ ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ