ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կազմում դարձել է ԱԺ պատգամավոր, վայր դրեց իր մանդատը: Երեկվա ճեպազրույցի ժամանակ պարոն Սարգսյանը նաեւ չբացառեց, որ որպես իր քայլի շարունակություն` կարող է հետեւել ՀԱԿ-ի կազմից դուրս գալը:
«Բոլոր այն մարդկանց, որոնք ազնվորեն գնում են Ազգային Ժողով` հույս ունենալով, որ բան կարող են փոխել, հաջողություն եմ մաղթում: Եւ իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը,-ասաց Սարգսյանը՝ հավելելով,-առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է Կոնգրեսի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը»: Նա նշեց, որ դեռ 2011թ.  գարնանից ՀԱԿ-ի ներսում ունեցել են տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ: Մատնանշեց, օրինակ, ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության փաստը: «Լուրջ աշխատանք ունենք անելու: Նույնիսկ գործող իշխանությունը փոփոխություն բառն օգտագործեց` դրանով քվեներ հավաքելու ակնկալիքով: Ես հակված եմ այդ փոփոխություն ուզող մարդկանց տեսակետները հաշվի առնել եւ այդ մարդկանց համախմբել: Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն այդ պոտենցիալն ունի»,-ասաց նա:
Նկատենք, որ Արամ Սարգսյանի այս քայլը սպասված էր: Ու թեեւ նա պաշտոնապես չի հայտարարել ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին, այնուամենայնիվ, դե ֆակտո վաղուց է իրեն ՀԱԿ-ի կազմից դուրս դրել: Սա պարզ երեւաց այն բանից հետո, երբ նրա ղեկավարած կուսակցությունը ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակը կազմելու վերաբերյալ քննարկումների հենց առաջին փուլում հայտարարեց՝ բացի Ա. Սարգսյանից, որեւէ այլ թեկնածու չեն առաջադրում: Հակառակ տրված հավաստիացումներին՝ նրանք հետագայում հրաժարվեցին նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելուց: Ակնհայտ էր, որ այդքանից հետո «Հանրապետություն»-ը պարզապես աննկատ հեռանում է՝ հակառակ պարոն Սարգսյանի այն բոլոր հավաստիացումների, որ «Հանրապետություն»-ը կլինի ամենավերջին կուսակցությունը, որ կլքի Կոնգրեսի շարքերը:
Կոնգրեսն առայժմ չի շտապում մեկնաբանել Արամ Սարգսյանի հայտարարությունները: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ընդամենը ասել է, թե իրենց համար դա նորություն չէր, եւ Ա. Սարգսյանն իր մտադրության մասին նախկինում բարձրաձայնել էր: Զուրաբյանը, պատասխանելով ՀԱԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության տարաձայնությունների մասին հարցին, նշել է. «Ո՞ր հարցի շուրջ են տարաձայնությունները եղել: Երբ առարկայական խոսակցություն լինի, այն ժամանակ էլ կխոսենք»:
Իսկ ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ եթե «Հանրապետություն»-ը դուրս գա Կոնգրեսից, այն կթուլանա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս