Ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ խոսքերից հետո ժողովրդին «քցեցին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակվեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում վրդովված հայտարարեց, որ հայրենի կառավարությունը հերթական անգամ ցանկանում է «քցել» ժողովրդին, քանի որ այս նախագծով սահմանամերձ բնակիչներին, ըստ էության, որեւէ օգնություն չի ցուցաբերվելու:

Նախ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ էր ինքն առաջարկում սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու մասին իր օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորը հայտարարեց, որ ինքն առաջարկում էր սահմանագոտու բնակիչների օգտագործած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի 50 տոկոսը վճարել պետբյուջեից, ինչպես նաեւ՝ աջակցություն տրամադրել այդ համայնքների երիտասարդ ընտանիքների եւ բնակիչների առողջական խնդիրները լուծելու համար:

Մինչդեռ կառավարության ներկայացրած այս փաթեթով, ըստ Փաշինյանի, սահմանագոտու բնակիչներին բացարձակապես ոչ մի արտոնություն չի տրվում. «Առաջարկվում է, որ այդ խանութները կազատվեն հարկերից, եթե, օրինակ, լուցկի, ատամի չոփ, չայի կոնֆետ եւ վաֆլի վաճառելու համար պահեն ու ունենան մեծ հաշվապահություն: Իսկ այդ հաշվապահությունը պահելու համար քանի՞ հաշվապահ է հարկավոր, օրենքի նախագիծը չի ասում: Եթե, օրինակ, սահմանապահ համայնքների կրպակները խախտեն այդ պայմանները, իսկ օրենքում նշվում են լիքը պայմաններ, տնով-տեղով տոկոսի տակ կընկնեն, ամեն ինչ կկորցնեն: Ու կառավարությունն ասում է, որ ինքը շատ մեծ լավություն է անում սահմանապահ համայնքներին, որովհետեւ 2.5 մլրդ դրամի հարկ, որ պետք է հավաքեր այդ կրպակներից ու օբյեկտներից, չի հավաքում, եւ դա ինչ-որ օգնություն է»:

Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու. «Ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո նշանակում է քցել, կոտրել, հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում-արթնանում, ապրում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների ուղիղ նշանառության ներքո»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է կառավարության ներկայացրած նախագծի հարակից զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի հետ` պարզելու համար, արդյոք ՀՀ կառավարությունը «քցում» է ժողովրդին:

-Պարո՛ն Այվազյան, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքերով ՀՀ կառավարությունն այս նախագծով ընդամենը «քցում» է սահմանամերձ համայնքի բնակիչներին ու որեւէ կերպ չի օգնելու նրանց: Խաբո՞ւմ եք ժողովրդին:

-Այս նախագիծը նրա մասին է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկային արտոնություններ են տրվելու, իսկ պարոն Փաշինյանի առաջարկածը կոմունալ վարձերի փոփոխությունն է: Հիմա կարող է հաջորդ նախաձեռնության մեջ նման մեխանիզմներ բերվեն, այսինքն՝ սա մեկը մյուսին համալրող է, ոչ թե մեկը մյուսին դեմ է: Այստեղ «քցելու» խնդիր չկա, եթե մարդկանց ասում ենք՝ հարկերը մի վճարեք, դա քցե՞լ է:

-Եթե դրանք մեկը մյուսին լրացնող են, ապա ինչո՞ւ Ն. Փաշինյանի ներկայացրած նախագիծը եւս չքննարկվեց, քանի որ դրանով ավելի մեծ առավելություններ էր տրվում սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

-Ցավոք սրտի իր նախագիծն իմ հանձնաժողովում չի քննարկվել, կարո՞ղ է իրեն ասել են, որ նախագիծը վերջնական տեսքի բերի, ես տեղյակ չեմ:

-Նշվեց նաեւ, որ այս նախագծով կառավարությունը որեւէ կերպ չի օգնելու սահմանապահ գյուղերի բնակիչներին, քանի որ այս օրենքը մնալու է թղթի վրա, եւ գյուղացին այն իր մաշկի վրա չի զգալու:

-Դա ես շատ քիչ հավանական եմ համարում, որովհետեւ գյուղացին է չէ՞ այնտեղ աշխատում, ի վերջո այդ խանութն աշխատացնում է ու այդ գյուղացուն ենք չէ՞ հարկերից ազատում: Չէ, անպայման զգալու է: Կարող է էն կոմունալ առումով ավելի անմիջական զգար… օրենսդրական խնդիրները դեռեւս վերջնական չեն, սա առաջին ընթերցումով է, երկրորդ ընթերցում էլ դեռեւս կա:

-Դուք համարո՞ւմ եք, որ կառավարության ներկայացրած նախագիծն առավելագույնն է, ինչ կարելի էր անել սահմանապահ համայնքների համար:

-Չեմ համարում, որ ամենալավ նախագիծն է, որովհետեւ ոչ մի դեպքում ոչ մի նախագիծ չի կարելի համարել ամենալավը: Նախագիծն այնքանով է լավը, որ հարկերից ազատում է սահմանամերձ համայնքների բնակիչներին, իսկ խոսքը գնում է 31 համայնքի մասին: Հարկերի առումով լավ է:

-Նայած` ում համար: Պարո՛ն Այվազյան, գաղտնիք չէ, որ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ բիզնեսներ ունեն նաեւ սահմանամերձ համայնքներում: Եվ նշվում է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են իրենց բիզնեսներն ազատել հարկերից:

-Ես, օրինակ, ողջունած կլինեմ, եթե որեւէ մեկը գնա Վահան գյուղում բիզնես դնի:

-Դուք ինքներդ բիզնես «կդնե՞ք» այնտեղ:

-Դե եթե ես, համենայնդեպս, տենց բիզնեսներ ունենամ, կգնամ, կանեմ, ասենք առեւտրի բիզնեսով զբաղված լինեմ կամ ուրիշ բիզնես անեմ: Բայց ես, որպես պատգամավոր, չեմ կարող բիզնեսով զբաղվել:

Հ. Գ. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին» կառավարության օրենսդրական փաթեթը ձայների 96 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց :

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս