Եռյակի ներկայացրած 12 կետերը մենք պահում ենք ուշադրության կենտրոնում, և դա մենք ընդունում ենք որպես առաջարկ, ոչ թե պահանջ: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հարկ համարեց որևէ կանխատեսումներ չանել այսօր կայանալիք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչներից կան մարդիկ, ովքեր եղել են իշխանություն:
«Պետք է ձևակերպումը փոխել: Ուրիշ բան է, որ ասեն` ուզում ենք նորից իշխանության գալ»,- ասաց Բաղդասարյանը: Այն դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է նախագահ դառնալ, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Դուք էլ կարող եք ասել, բոլորն էլ կարող են ասել, բայց ծրագիր է պետք: Երբ կոալիցիայում էինք, նման ամբիցիաներ չեն եղել»,- նշեց նա:
Հարցին` հետևելո՞ւ եք հանրահավաքին, նշեց, որ ինքը միշտ հետևում է հանրահավաքներին, սակայն օնլայն. «Օնլայն ավելի շատ բան ես տեսնում, քան հրապարակում: Հրապարակում տեսնում ես զուտ քո շրջապատը»,- հավելեց նա: