Կալանավայրում մեկի սիրտը մարիխուանա է ուզել, մյուսն այդ սրտին կրծկալով մարիխուանա է տարել, սակայն երրորդը եւ չորրորդը, որոնք դատապարտյալի, կալանավայրի ու տանողի հետ գրեթե կապ չունեին, դատապարտվել են: Դատապարտվողներից մեկն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն է:
Հիմա ամեն ինչ հերթով. 2011թ. հոկտեմբերի 7-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելիք Մեսրոպյանին այցելած Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակչուհի Մարինեն կալանավայրում հեղափոխության պես մի բան էր փորձել անել. խոշոր չափի` 15,62 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցի` պոլիէթիլենային թաղանթով փաթաթված 3 փաթեթ տեղավորել էր կրծկալի մեջ ու… դեպի «Նուբարաշեն»: Սակայն երբ կալանավայրում ստուգել էին Մարինեի «տուլիկն» ու ոչ «տուլիկ», բայց անձնական օգտագործման «տուլիկանման տարաները», թմրամիջոցներ էին հայտնաբերել: Քրեական գործ էին հարուցել ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացման նպատակով) եւ 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն առանց իրացման նպատակի), որն ուղարկվել էր ոստիկանության ՔԳՎ էրեբունու քննչական բաժին:
Նախաքննություն էր սկսվել, եւ Մարինեին հարցաքննել էին: Նա պատասխանել էր, որ թմրանյութը դատապարտյալ Մելիքի ընկերուհի Քնարիկ Անտոնյանն է տվել իրեն Մելիքին փոխանցելու համար: Հետաքննական մարմինն էլ սկսել էր պարզել Քնարիկի ինքնությունը, թմրամիջոցի` նրա մոտ հայտնվելու հանգամանքները, ինչպես նաեւ Մարինեի առնչությունը կատարված հանցագործությանը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն էր տրվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Վերջինս էլ հաջորդ օրը Քնարիկ Անտոնյանին հրավիրել էր հարցաքննության: Նա ասել էր, թե ինքը Մելիքի ընկերուհին է, իսկ Մարինեն` Մելիքի «մամայացուն»` խորթ մայրը: Նաեւ նշել էր, որ 2011թ. սեպտեմբերի վերջին Մելիքն իրեն խնդրել է ոմն Արտաշից «հանձնուք» վերցնել եւ փոխանցել իր խորթ մորը` Մարինե Մովսիսյանին, որպեսզի վերջինս էլ տեսակցության ժամանակ տա իրեն:
Հարցաքննությունից հետո, երբ Քնարիկին բացատրել էին, որ նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, վերջինս սկսել էր հարցը լուծելու տարբերակներ փնտրել: Դիմել էր քրոջ ամուսնուն` Արտյոմ Խաչատրյանին, նա էլ իր ընկեր, ոստիկանության շտաբի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին՝ խնդրելով, որ օգնի իր քենի Քնարիկ Անտոնյանին ազատվել քրեական պատասխանատվությունից: Կարեն Խաչատրյանն էլ դիմել էր իր համակուրսեցի, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Վերջինս քննչականից ճշտել էր գործի հանգամանքները, «գնահատել գործի արժեքը» եւ Կարեն Խաչատրյանից 13.000 դոլար կաշառք պահանջել: Քնարիկն այդ գումարի մի մասն իր հարազատներից էր հայթայթել, իսկ մյուս մասն էլ Մելիքի միջնորդությամբ վերջինիս ծանոթներից էր պարտքով վերցրել ու մաս-մաս փոխանցել Կարեն Խաչատրյանին: Խաչատրյանն էլ 1000 դոլարը վերցրել էր որպես «միջնորդավճար», իսկ մնացած 12.000 դոլարը մաս-մաս փոխանցել Քեշիշյանին, այսպես ասած, լռության դիմաց, որպեսզի հանցագործությանը Քնարիկի մասնակցությունը հիմնավորող տվյալներ ձեռք չբերվեն: Սակայն Քնարիկն ու Արտյոմը հա՛մ փողն էին տվել, հա՛մ էլ կաշառք տալու մասին հայտնել իրավապահ մարմիններին:
Այստեղ էլ ծնվեց երկրորդ քրեական գործը: Մ. Քեշիշյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնական անգործություն դրսեւորելու միջոցով եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, իսկ Կարեն Խաչատրյանին` կաշառքի միջնորդության համար:
Նախաքննության ընթացքում թեեւ Միհրան Քեշիշյանն իրեն մեղավոր չճանաչեց` արարքի քրեաիրավական որակման հետ համաձայն չլինելով, սակայն դատաքննության ժամանակ ընդունեց մեղքն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Դատարանը հաշվի առավ, որ նախկինում նա արատավորված չի եղել, ընդունել է մեղքը, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ինքնակամ ներկայացրել է 12.000 դոլար գումարը: Իսկ Կարեն Խաչատրյանը խնամքին ունի 5 անչափահաս երեխա, դրական է բնութագրվել, մասնակցել է արցախյան ազատամարտին եւ արժանացել մի շարք կառավարական պարգեւների: Դատարանը նրան դատապարտեց 1 տարվա պայմանական ազատազրկման: Միաժամանակ դատարանը որոշեց դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց հանդիսացող 13.000 դոլար գումարը՝ որպես եկամուտ, հանձնել պետությանը:
ԿՐԾԿԱԼԻՑ ԳՏՆՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ