ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԲԱՄԱՅԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՕԼԱՆԴԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՑԱԽ

Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դիվանագետներին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ԼՂՀ այցելելու հրավերները: Սա, թերեւս, աննախադեպ քայլ է, եւ դրա ցանկացած արձագանքը կարող է դրական նշանակություն ունենալ ԼՂՀ-ի համար: Արցախի համար, գուցե, ամենաանցանկալի տարբերակը կլինի հրավերների անտեսումը, բայց հուսանք, որ նման բան տեղի չի ունենա, եւ համանախագահող երկրների ղեկավարները կմնան իրենց հռչակած սկզբունքներին հավատարիմ:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում: Հիշեցնենք, որ այս տրիոն ամեն տարի՝ աշնանը, արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկում է կազմակերպում իր հանգիստը: Այս անգամ «քաղաքական հանգիստը» ուշագրավ է այնքանով, որ ԲՀԿ նախագահը հանրահավաքից առաջ գտնվում է Դուբայում: Ե՞րբ է վերադառնալու Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը պատասխանեց, թե. «Շատ կասկածելի տեղեկատվության աղբյուրներ ունեք, իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը: Պարոն Ծառուկյանը կարճատեւ ժամանակով բացակայում է Հայաստանից, բայց շուտով վերադառնալու է»:

 

 
ՀՀ փոխվարչապետի թեկնածության հարցով քաղաքական որոշումը կարծես կայացվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը հասկացնել է տվել, որ փոխվարչապետի պաշտոնում ինքը մտադիր է նշանակել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Այս նշանակմամբ կառավարությունը փաստացի կունենա երկու ղեկավար` վարչապետ Հովիկ Աբրահամյան եւ սուպերնախարարի լիազորություններով օժտված փոխվարչապետ Գագիկ Խաչատրյան: Առայժմ անհայտ է մնում, թե ով է զբաղեցնելու տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Իսկ ինչ վերաբերում է նախագահին կից անվտանգության խոհրդի քարտուղարի` արդեն հինգ ամսից ավել թափուր մնացած պաշտոնի հավակնորդներին, այս դեպքում իրավիճակը, թերեւս, անհույս է: Բացառված չէ, որ առաջիկա ամիսներին եւս այդ պաշտոնը կմնա թափուր, քանի որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կողմնորոշվում, թե ով պետք է լինի նոր ԱԽՔ-ը:

 

 
Ժնեւում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին մասնակցած ԱԺ պատվիրակության անդամները՝ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, անցած ուրբաթ վերադարձել են Հայաստան: Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի հետ, որոշել է հանգստյան օրերն անցկացնել Հռոմում, նոր վերադառնալ Հայաստան: Արդյո՞ք ԱԺ պաշտոնյաներն իրենց հռոմեական «ուիկենդը» պետբյուջեի միջոցների հաշվին են կազմակերպել, թե՞ ոչ, երեկ դեռ մեզ չհաջողվեց հստակ ճշտել: «Ձեր նշած օրերին, Ձեր նշած անձինք պաշտոնական գործուղումներ չեն ունեցել: Իսկ անձնական ուղեւորությունները ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում»,- ահա այսպես արձագանքեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ի պատասխան «Ժողովուրդ»-ի այդ մասին արված հարցմանը:

 

 
ՇԱՆԹԱՐԳԵԼՆԵՐԸ

Երեկ Աժ-ում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, անդրադարձել են Շանթ Հարությունյանի եւ նրա 12 ընկերների դատավճռին` այն համարելով անարդար, իսկ դատապարտվածներին հռչակելով քաղբանտարկյալներ: Շանթի եւ նրա ընկերների նկատմամբ հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը դժվար թե որեւէ մեկի համար անսպասելի էր: Թե՛ ողջ դատավարության ընթացքը, թե՛ մինչ դատավճռի կայացումը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը որեւէ մեկի մոտ չպետք է պատրանքներ կամ սպասելիքներ թողնեին, որ Շանթին չեն դատապարտելու, կամ էլ պատժաչափը մեղմ է լինելու:
Սակայն չգիտես ինչու՝ դատավճռի կայացումից հետո անսպասելիորեն շանթասեր դարձած հայրենի ընդդիմության ներկայացուցիչներն անցած գրեթե մեկ տարվա ընթացքում այդպես էլ որեւէ գործուն քայլ չձեռնարկեցին ի պաշտպանություն Շանթի, նրանք իրենց հասու որեւէ լծակ, եվրոպական կազմակերպություններում ունեցած որեւէ մանդատ չօգտագործեցին` Շանթի հարցում այս իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար: Ավելին՝ ոչ իշխանական եռյակի ամենաարմատական ուժի ամենաարմատական առաջնորդներն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվում էին Շանթին քաղբանտարկյալ անվանել: Հիշեցնենք, որ անցած մայիսին «Երիտասարդական» կոնգրեսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում, թվարկելով ՀԱԿ-ի ընկալմամբ բոլոր քաղբանտարկյալների անունները, ոչ միայն չնշեց Շանթի եւ նրա ընկերների անունները, այլեւ ավելի ուշ ասաց, թե Շանթն ու ընկերները «դեռ քաղբանտարկյալներ չեն», նրանք «մոտենում են» քաղբանտարկյալի չափանիշներին: «Շանթ Հարությունյանի դեպքում արդեն երկարում է գործի քննությունը, եւ դա բերում է մի իրավիճակի, որ արդեն կարելի է հետաքննել, թե արդյո՞ք այս գործը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալի չափանիշներին, որովհետեւ չափանիշներից մեկով, եթե քաղաքական դրդապատճառներով երկարում են կալանավորման ժամկետները, դա նույնպես կարող է դիտարկվել որպես քաղբանտարկյալ»,-պարզաբանեց Զուրաբյանը:
Այդպիսով՝ փաստորեն ՀԱԿ-ի համար ակնհայտ եւ անվիճելի իրողություն չէր, որ Շանթին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով. ըստ Զուրաբյանի, Շանթի դեպքում խնդիր կարող էր դառնալ այն, որ գործը երկարում էր, եւ հենց այս պատճառով նա կարող էր դասվել քաղբանտարկյալների շարքին: Հետաքրքիր կլիներ լսել, թե նման մոտեցում ունեցող ուժի կողմից պոստֆակտում իրեն քաղբանտարկյալ դասելուն եւ իր հաշվին «միավորներ» վաստակելուն ինչպես կարձագանքեր այսօր Շանթ Հարությունյանը: Վստահաբար՝ դա տպագրման ենթակա տեքստ չէր լինի:

 




Լրահոս