ՀԱՑՍ ԿԵՐԱՆ ՈՒ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ԻՆՁ ԴԱՏԵՑԻՆ-2
«Ժողովուրդ»-ի նախորդ համարում արդեն ներկայացրել ենք, թե ինչպես իր տանը հյուրընկալած եւ Կարեն Գենաշվիլու Օհանյանի հիվանդ երեխային կերակրած Աշոտ Մանուկյանը հայտնվեց ոստիկանությունում եւ հանուն փոքրիկ երեխայի փրկության` ստորագրեց սեփական մեղայականի տակ` խոստովանելով, որ ինքն է Կարենին թմրանյութ տվել:
«Ես դա արեցի, որ երեխային փրկեմ, որ նա չմնա ոստիկանությունում անօգնական: Սակայն հաջորդ պահին ես հասկացա, որ ծուղակ էր, եւ ես խաբված եմ: Փաստաբան պահանջեցի եւ հայտնեցի, որ ես առհասարակ ծխող չեմ, որ կապ չունեմ որեւէ թմրամիջոցի հետ եւ պատմեցի ողջ եղելությունը: Ես չէի կարող լսել երեխայի հեւոցն ու ճիչը, քանի որ լավ գիտեմ, թե ինչ սարսափելի ցավեր են դրանք. մայրս արդեն 35 տարի է, ինչ տառապում է այդ հիվանդությամբ (երեւանյան հիվանդություն), ում անգամ իրեն հասանելիք հաշմանդամության կարգը չեն տալիս: Տունս հոսանքազրկված է, քանի որ մայրս հնարավորություն չունի վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը»,-կատարվածի դեմ անօգնական հուսահատությամբ լցված ասում է Աշոտ Մանուկյանը:
Նա դատապարտված է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ, ահա, Կարենն ազատության մեջ է: Մինչդեռ Աշոտ Մանուկյանի մասին հարեւանների բնութագիրը լրիվ այլ բան է փաստում. հարգալից, համեստ, աշխատասեր եւ հավասարակշռված անձնավորություն:
Ուշագրավն այն է, որ խուզարկությունն անցկացվել է տաքսու վարորդի ներկայությամբ, ով ինքն էլ փաստում է, որ Աշոտի մոտից թմրանյութ չի հայտնաբերվել: Իսկ Կարենի մոտի «թմրանյութ» կոչվածը ձեռք է բերվել հենց ճանապարհին, երբ Կարեն Օհանյանը վարորդին խնդրել է մեքենան կանգառել` բնական կարիքները հոգալու, եւ հենց այդտեղ էլ նկատել է կանեփի թուփը: Կարելի է մտարծել, որ այդտեղ քիչ դեր չեն խաղացել նաեւ Ինդիրա եւ Անահիտ ընկերուհիները, ովքեր քաջատեղյակ էին, որ Կարենն օգտագործում է թմրանյութ, ինչը նրա մոտ միշտ անպակաս է: Հետեւաբար Կարենից հեշտ ազատվելու միջոցն արդեն կար, եւ, ըստ ամենայնի, ոստիկանների հետ համաձայնեցրած` իրագործվել է նախապես պլանավորած սցենարը: Իսկ Ինդիրա եւ Անահիտ ընկերուհիները, ինչպես տեղեկացանք հեռուստատեսությունից եւ Արմավիր քաղաքի բնակիչներից, գտնվում են ոստիկանության «հովանավության» տակ` որպես «գործակալներ»: Նշենք նաեւ, որ մտերիմ ոստիկանները նրանց տեղափոխել են մեկ այլ բնակարան վերը նշված սկանդալների եւ կրակոցների պատճառով… Ավելորդ չէ նաեւ հիշատակել, որ այս գործով երբեւէ վկաների առերեսում չի կատարվել, չեն առերեսվել նաեւ Աշոտ Մանուկյանն ու Կարեն Օհանյանը:
Քննիչ Դանիելյանը մերժել է միմյանց հետ առերեսում կատարելու Կարենի եւ Աշոտի պահանջը, ասելով, թե ժամանակ չկա, գործը կերկարի, եւ միանգամից այն ուղարկել է դատարան` նրանց ասելով, որ այդ ամենը պահանջեն դատարանից: Երբ վկաներին դատարանում հարցրել են, թե արդյո՞ք Աշոտը Կարենին թմրանյութ տվել է, վկաները միաբերան պատասխանել են, որ Աշոտին առհասարակ չեն տեսել եւ չեն ճանաչում: Այս ամենից հետո դատավոր Ադամյանն Աշոտ Մանուկյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Կարեն Օհանյանին ազատություն շնորհել: Ի դեպ, Կարենն ամեն անգամ դատարան է ներկայացել իր ընտանիքի ողջ կազմով, ընդ որում, Աշոտի զոքանչից գումարներ է պահանջել` ասելով, որ հեռվից տաքսիով գալիս է հանուն Աշոտի (Վանաձոր-Արմավիր եւ հետադարձ): Այդուամենայնիվ, նա նշել էր, որ իր խղճին ծանրացել է Աշոտին անմեղ դատապարտելու հանգամանքը: Ստացվում է, որ հենց Աշոտի դեպքի համար է ասված` ոչ մի լավություն անպատիժ չի մնում:
Հ.Գ. Այս ամենից հետո Աշոտն ու իր հարազատները դեռեւս չեն հուսալքվում. համոզված են, որ մեր հանրապետությունում կան իրենց աշխատանքին եւ մարդկային ճակատագրերին պատասխանատվությամբ եւ արդար մոտեցումով պետական պաշտոնյաներ` ոստիկանության աշխատակիցներ, դատավորներ եւ այլք, ովքեր իրավասու են մարդու ապագան որոշելու, իրավիճակները ճիշտ գնահատելու եւ վերլուծելու: Հուսով ենք` արդարությունն անպայման ի կատար կածվի հենց նման պաշտոնյաների շնորհիվ, իսկ իրավապահ մարմիններում աշխատող ապաշնորհ ոստիկաններն անպատիժ չեն մնա: Հոկտեմբերի 13-ին Աշոտ Մանուկյանը դիմել է վճռաբեկ դատարան` արդարությունը վերականգնելու միտումով:
ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ
Երեկ ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այն անցկացվել է ՀՀ Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում: Ինչպես ավանդաբար՝ գրեթե բոլոր համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը:
ՀՀ Արմավիրի Գետաշեն համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ-ական Գագիկ Հովհաննիսյանը: Նա հավաքել է 698 ձայն, իսկ մյուս անկուսակցական թեկնածուն՝ 174 ձայն: Կոտայքի մարզի Զորավան համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Բաղդասար Թովմասյանը վերընտրվել է 550 ձայնով: Նույն մարզի Դդմաշեն համայնքի ընտրություններում վերընտրվել է ՀՀԿ-ական Ավետիս Ավետիսյանը: Վերջինիս ընտրել է 922 քաղաքացի:
Ներքին Գետաշենում համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ-ական Կարո Գեւորգյանը, ով հավաքել է 1996 ձայն: Ի դեպ, այս համայնքում ընտրություններին մասնակցել է գյուղի բնակչության ընդամենը 50 տոկոսը: Արարատի մարզի Դալար համայնքում էլ է ՀՀԿ-ական թեկնածուն վերընտրվել՝ Գագիկ Ալեքսանյանը:
Վայոց ձորի Գնիշիկի համայնքում ՀՀԿ-ն հաղթել է ՀՀԿ-ին: Արա Լեւոնյանը հաղթել է ՀՀԿ-ական գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանին՝ հավաքելով 49 ձայն:
Նույն մարզի Սերս համայնքում ընտրություններին մասնակցել է միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Տիգրան Մալխասյանը: Նա ստացել է 73 ձայն: Լոռու մարզի Ձյունաշող համայնքում ընտրվել է համայնքի ղեկավարի տեղակալ ՀՀԿ-ական Գարրի Գրիգորյանը:
Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի ՀՀԿ-ական գյուղապետ Սարգիս Ալեքսանյանը պարտվել է՝ հավաքելով 166 ձայն: Այստեղ ընտրվել է անկուսակցական Վահրամ Ավետիսյանը՝ հավաքելով 212 ձայն:
Իսկ, ահա, Գեղարքունիքի մարզի Մաքենիսում վերընտրվել է ԲՀԿ-ական գործող գյուղապետ Հարություն Մանուկյանը՝ հավաքելով 154 ձայն: Նա մրցակից չի ունեցել:
Անդրադառնանք Շիրակի մարզի մի քանի համայնքներում տեղի ունեցած ընտրություններին. Լուսակերտում համայնքի ղեկավար է վերընտրվել ՕԵԿ-ական Սամվել Բալաբեկյանը՝ ստանալով 254 ձայն: Իսկ Արեւիկ համայքում՝ ՀՀԿ-կան գործող գյուղապետ Գարեգին Ստեփանյանը: Նույն մարզի Հովտաշեն համայնքում նույնպես վերընտրվել է ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը: Հիշեցնենք, որ նրա մրցակիցն էր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբոր որդին՝ Արսեն Եղոյանը, ով հավաքել է ընդամենը 55 ձայն: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում հնարավոր է նորից արտագնա աշխատանքի մեկնի դեպի Ռուսաստանի Դաշնություն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՎՏՈԵՐԹ
Նախախորհրդարանը նախատեսում է հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպել «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով: Իրազեկման այս յուրահատուկ ձեւն ընտրվել է նախախորհրդարանի գործունեության տեղեկատվական շրջափակման հանգամանքի հաշվառմամբ:
Ավտոերթերի նպատակն է հորդորել մեր ժողովրդին, որ նա չհավատա Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին եւ կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին եւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց եւ իր համախմբված ուժի պարտադրանքով հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտման գործին: Հաջորդ ավտոերթը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
2014թ. հոկտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության հայաստանյան դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 14 քաղաքացիներից 12-ին դատապարտեց 2-7 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ: Ինքը՝ Շանթ Հարությունյանը, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: «Ժառանգությունը» դատապարտում է ամբաստանյալ քաղաքացիներին նախնական կալանքում շուրջ մեկ տարի պահելու, այսինքն` փաստացի ազատազրկելու, խուլիգանության մեջ նրանց չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու, ինչպես նաեւ ցուցարարների հանդեպ անհամարժեք պատիժ կիրառելու գործողությունները. «Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսեւորում՝ «Ժառանգությունը» գտնում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի եւ Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ: Սա մեր պետության ու հայ ժողովրդի խայտառակությունն է, եւ «Ժառանգություն»-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի՝ շուրջ մեկ տասնյակի հասնող քաղբանտարկյալներին շուտափույթ ազատ արձակելու համար»:
ԹՎԵՐՈՎ
ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ 2013թ. ջրային ավազան թափված աղտոտիչ նյութերի դիմաց վճարը կազմել է 237 մլն 800 հզ. դրամ: Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի դիմաց վճարը կազմել է 133 մլն 800 հզ. դրամ: ՀՀ-ում արտադրված եւ իրացված, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը կազմել է 261 մլն 100 հզ. դրամ: Իսկ ահա թափոնակուտակիչներում թափոնների տեղադրման դիմաց վճարը կազմել է 73 մլն 300 հզ. դրամ: Նշենք, որ 2013թ. օգտագործված ջրի դիմաց վճարը կազմել է բնօգտագործման դիմաց ընդհանուր վճարների 14.4%-ը, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարը` 69.1%-ը, կենսապաշարների օգտագործման դիմաց վճարը` 16.5 %-ը: