ՄԻՆՉ ՕՐՍ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՎԵԼ ԱՐԱՐՉԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ-2
Մեր ոչ մտածված կենցաղային քայլերով մենք գրգռում ենք մեր մոլորակի բացասական էներգիան, որը կարող է պայթել եւ հանգեցնել ամբողջ տիեզերքի կործանմանը:
Մարդկության՝ այսօրվա պատմության ամեն մի օրից արյան եւ արցունքի համ ու հոտ է գալիս: Մեռածները եւ սպանվածներն օրեօր այնքան են շատանում, որ աստվածապաշտ եւ աստվածավախ ողջերը չեն հասցնում համապատասխան հոգեւոր արարողությունները բոլորի համար կատարել: Եվ նույնիսկ սպանված անմեղ մարդկանց, խաղաղ բնակիչների հոգիները Տիրոջ մոտ անպատրաստ եւ անսպասելի են ուղեւորվում:
Մարդիկ չեն հասկանում, որ այդ ձեւով մենք սատանայի բանակն ենք մեծացնում, որի նպատակը երկրի վրա քաոս ստեղծելն է, որպեսզի երկիրն էլ դժոխքի վերածվի:
Մենք միշտ, անցած դարերում նույնպես, շատ սխալներ ենք գործել, որոնց բացասական էներգիաները կուտակվել եւ ռումբի պես, մի փոքր դետոնատորից ամեն վայրկյան կարող են պայթել: Դրա համար պետք է իմանանք, որ ապագայից սպասվող դրական էներգիան միշտ ավելի քիչ է լինում, քան անցյալում թողնված եւ կուտակված բացասական էներգիաները: Եվ պետք է հասկանանք, որ հենց նրանք են ամենամեծ զենքը, որն այսօր սոցիալական մեծ ցունամիներ եւ երկրաշարժեր է ստեղծում:
Հենց այդ էներգիաներն են, որ կայծ են դառնում հրդեհների համար, որոնք քայքայիչ եւ ավերիչ են մարդկության համար: Այդ էներգիաները միակն են մոլորակի վրա, որ կառավարման ենթակա չեն նույնիսկ որեւէ կատարյալ պետական համակարգի կամ գերհզոր բանակի միջոցով, որովհետեւ նրանց հիմքում մարդն է` իր ջունգլիական սկզբունքներով:
Մարդկությունը պետք է հետ նայելով կանգ առնի, քանի որ նրա թողած պատմության մեջ սեր Աստծո նկատմամբ, հավատ ու նվիրվածություն գրեթե չկա: Մենք Նրա ստեղծածն ու Նրա տան մեջ լինելով՝ ջունգլիների օրենքներով ենք կառավարում այն: Միեւնույն է՝ դեռ ոչ ոք մահանալուց հետո, բացի հոգուց, այն աշխարհ իր հետ ոչինչ չի տարել: Էլ ինչո՞ւ ենք այսքան չարանում մեկս մյուսիս վրա` միմյանց դժբախտությունների հաշվին բախտ եւ հարստություն շինելով:
Հոգեւոր էներգիայի դերը մարդու կյանքում դժվար է թերագնահատել: Այն մի կողմից հոգեւոր, ստեղծագործական պոռթկումների նախապայմանն է, իսկ մյուս կողմից օգնում է մարդուն ելք գտնել անհույս թվացող իրադրություններից: Այլ կերպ ասած` հավատքը եւ նշված էներգիան մարդու կյանքում տարբեր բացասական ապրումների դեմ իմունիտետի դեր են կատարում եւ իրականացնում ինքնապահպանման գործառույթ: Հոգեւոր կենսաէներգիան էներգիայի միակ տեսակն է, որը կարող է մարդուն հույս ներշնչել, երբ վերջինս հոգեկան ծանր ապրումներ է ունենում: Դրանով իսկ այդ էներգիան պահպանում է մարդու կյանքը:
Եվ պատահական չէ, որ ամեն մարդու կյանքում նույնիսկ ամենածանր պահերին, երբ թվում է, որ այլեւս փրկության հույս չկա, կարող է հրաշք կատարվել: Բայց հրաշքը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մարդն այդ հրաշքին հավատում է: Հավատքն այս տեսակետից հենց ինքը հրաշքի էներգիան է, այն օգտագործելու համար պետք է ընդամենը սովորել մոդելավորել այն մտովի` գեներացնելով մեր գիտակցության մեջ:
Հոգեւոր տարրի առկայությունը մարդու մեջ պետք է դրսեւորվի նրա գործերում, ինչպես նաեւ՝ մտքերում, հակառակ դեպքում ակտիվանալու հնարավորութունից զրկված հոգեւոր էներգիան քայքայելու է մարդուն ներսից:
Հոգեւոր կյանքով ապրող մարդը չպետք է իդեալականացնի ինքն իրեն` անընդհատ պնդելով՝ «Ե՛ս, ի՛նձ, ի՛մ»:
Ցավոք սրտի, իր ողջ գոյության ընթացքում, էվոլյուցիայի տարբեր փուլեր անցնելուց հետո նույնիսկ, մարդկությունը մինչ օրս չի գիտակցել Արարչի կարեւորագույն պատգամները, որոնք են Հավատքը, Սերը, Կարեկցանքը:
Ընչաքաղցությունը, ցավոք, դարձել է մարդկային կյանքի կարգախոսը եւ մարդկային հասարակության հենասյունը: Գիտատեխնիկական առաջընթացի արդյունքում, որն էլ ավելի ահռելի դարձրեց երկրների մարտական ներուժը, այն, ինչ նախկինում տեղի էր ունենում արշավանքների միջոցով, այսօր տեղի է ունենում այնպես, որ հաշված վայրկյանների կամ րոպեների ընթացում կարելի է ոչնչացնել ցանկացած օբյեկտ երկրագնդի ցանկացած անկյունում:
Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ ի սկզբանե մեր մոլորակը մտածված է եղել որպես երկրային դրախտ, քանի որ միայն մեր մոլորակում կա այն ամենը, ինչը բացակայում է Արեգակնային համակարգի մնացած օբյեկտներում կամ գուցե նույնիսկ՝ գալակտիկայում: Երկրի վրա ապրող ցանկացած կենդանի օրգանիզմ, այսպիսով, Արարչի կողմից է արժանացել այս բերկրանքը վայելելու հնարավորությանը: Ամեն մեկը տարբեր պատճառներով է լույս աշխարհ եկել, տարբեր առաքելությամբ, տարբեր ժամկետներով եւ տարբեր գործառույթներով:
Միջամտելով բնության զարգացման գործընթացներին՝ մարդկությունը, առանց գիտակցելու, կտրուկ մեծացնում է մեր մոլորակում կուտակվող բացասական էներգիայի ծավալները, ինչի պատճառով խախտվում է պատմության` նախապես ծրագրավորված ընթացքը, խաթարվում են էվոլյուցիոն գործընթացները:
Նորություն չէ, որ Արարատ լեռը համայն մարդկության բնօրրանն է, որը դարձավ հայ ազգի համար հայրենիք, ում նախահայրերն ուղարկվել են այլ զարգացած մոլորակներից այս երկիր, որպեսզի մարդկանց նոր ցեղեր ստեղծեն եւ նրանց համար բնականոն զարգացում ապահովեն նորաստեղծ այս աշխարհում: Մայր ծառի ճյուղերն Արարատ բնօրրանից, այսպիսով, տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ: Մարդկությունը՝ իբրեւ մայր տոհմածառի ճյուղ ու բերք, ձեռք բերեց տարբեր համ ու հոտ, կրոն, լեզուներ, մշակույթ, քաղաքակրթություն: Եվ կապ չունի, որ բոլորս տարբեր գույնի մաշկ ունենք, լեզուներ, կրոններ, կրում ենք այն տարածքի ազդեցությունները, որտեղ ապրում ենք: Սա պայմանավորված է միայն արեւի ճառագայթների ուժով, ուտելիքի տեսակներով, հարեւաններից գաղտնի խոսելու պահանջով ու մրցակցությամբ:
Ավաղ, մարդկությունը զարգանալով եւ բազմանալով, ճյուղավորվելով տարբեր ցեղերի, ազգերի, երկրների եւ պետությունների՝ միեւնույն ժամանակ միմյանց հանդեպ թշնամություն ձեռք բերեց: Մինչեւ հիմա բոլորի մեջ հիմնական բնազդ-օրենքը մնում է հետեւյալը` ուղեղը միշտ ճիշտ է:
Եվ ամենացավալին այն է, որ այդ բնազդ-օրենքն առաջին հերթին սկսեց կիրառվել եւ կիրառվում է մինչ այսօր հենց տոհմածառի բնի հանդեպ` հայերի հանդեպ, ու Տիրոջ քթի տակ: Կործանման սկիզբը սկսված է, շուտով կտրված տոհմածառը կընկնի, եւ նրա ճյուղերն էլ բերքի հետ միասին ցած կընկնեն, իսկ արմատները վեր կուղղվեն եւ կարտասանեն վերջին աղոթքը` ուղղված Արարչին.
«Հայր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո…»
Վերադարձի ճանապարհից առաջ, ների՛ր մեզ մեր հանցանքների համար, ինչպես որ մենք ենք ներել, ովքեր հանցանք են գործել մեր հանդեպ:
Մեր մոլորակը մեր տունն է, իսկ նրա բնակիչները` մեր բարեկամները: Երկիր մոլորակի իմ բազմազգ, բազմացեղ ու բազմակրոն բնակիչներ, կա՛նգ առեք ինքնաոչնչացման ճանապարհի գոնե եզրին` ներելով, հանդուրժելով ու միմյանց սեր բաժանելով:
Ամեն…
Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր)
ՄԱՐԶԵՐ
ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական գերությունից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանին այդպես էլ օգնող չեղավ, որպեսզի նա մեկնի Երեւան եւ բժշկական հետազոտության ենթարկվի: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ նման հետազոտությունն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք ադրբեջանցիները նրան թունավոր նյութեր ներարկել են, թե՞ ոչ: Եղբոր` ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նրան իր տանը պահել եւ խնամել է քույրը՝ Կողբի բնակչուհի Քնարիկ Խասիկյանը: Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին Սարգիսը տեղափոխվել է Նոյեմբերյանում գտնվող հայրական տուն: Նրա որդին` Նորիկը, Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի խնամի հորը: Նշենք, որ Սարգիս Անանյանը նաեւ հոգեկան որոշ շեղումներ ունի եւ երբեմն կտրվում է իրականությունից: Եւ, չնայած այս ամենին, ո՛չ պետական մարմինները, ո՛չ էլ բարեգործական որեւէ կազմակերպություն մինչ օրս չի օգնել ադրբեջանական գերության սարսափներն ապրած Ս. Անանյանին: Մինչդեռ, եթե սահմանը լավ հսկվեր, նա չէր կարող հատել այն եւ հայտնվել Ղազախի շրջանի Քամառլի գյուղի տարածքում: Պետությունը պարտք է Սարգիս Անանյանին, սակայն ոչինչ չի ձեռնարկում:
ՆՈՐԻՑ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ
Մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր: Անասնատերը խոզերը մորթել է եւ հանձնել քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին: Նա անասունների միսը լաբորատոր հետազոտության չի տարել՝ պարզելու, թե ինչ հիվանդություն են ունեցել անասունները: Դրանից առաջ էլ խոզերի անկման դեպք է եղել Կոթի գյուղի Ձիանու ուրթ սարամասում: Սարվորները կարծում են, որ անասունները սատկել են աֆրիկյան ժանտախտի հետեւանքով, սակայն խոզատերերն այդ մասին չեն հայտնել անասնաբուժական ծառայությանը: Նախ` աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը չի բուժվում: Բացի այդ` պետությունն անկված կենդանիների համար դրամական փոխհատուցում կամ աջակցություն չի ցուցաբերում: Օրինակ` անցյալ տարի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում աֆրիկյան ժանտախտից սատկեց ավելի քան 160 խոզ, սակայն գյուղացիներին փոխհատուցում չտրվեց: Ներկայումս Տավուշի մարզում խոզի միսը վաճառվում է կիլոգրամը 3500 դրամով, եւ չնայած նման բարձր գնին` խոզի մսի պակաս է զգացվում: Այդ պատճառով էլ գյուղացիները գերադասում են անասունների հիվանդանալու դեպքում դրանց շուտափույթ մորթել եւ հանձնել մսի վաճառքի կետերին: Նախկինում Նոյեմբերյանի սարերում մարդիկ անտառի կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: Սակայն 2007 թվականին աֆրիկյան ժանտախտի համաճարակից անտառում պահվող խոզերը սատկեցին, իսկ անկված անասունների մի մասն այդպես էլ ձորերում անթաղ մնաց կամ հոշոտվեց վայրի գազանների կողմից: Արդյունքում` համաճարակը կրկնվեց 2010-ին: Փաստորեն աֆրիկյան ժանտախտի վիրուսը մնում է Նոյեմբերյանի անտառներում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՑԻՆԻԶՄ ԹԵ՞ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ
«Այս ամենը խոսում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական տհասության, անպատժելիությունից ու փողի շատությունից առաջացած ցինիզմի մասին»,- «Առաջին լրատվական»-ին ասել է Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը՝ գնահատելով Գագիկ Ծառուկյանի դիմակավորված անձանց կողմից իր հանդեպ հնչեցված սպառնալիքները: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ գնդապետ Հովհաննիսյանն արձագանքել էր Սերժ Սարգսյանին եւ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ծաղրող Zham.am կայքի «Քաղաքական տիկնիկներ» նյութին՝ իր հերթին իր հոդվածում որոշ մանրամասներ վերհիշելով Գագիկ Ծառուկյանի անցյալից: Չհանդուրժելով այդ քննադատությունը՝ մի քանի դիմակավորված անձինք նստել էին Հովհաննիսյանի մեքենան եւ, առանց անուններ նշելու, հորդորել այլեւս այդպիսի հոդվածներ չգրել, հակառակ դեպքում, եթե իրենց հրամայեն, ապա իրենք ամեն ինչի ընդունակ են: Վերը նշվածը, սակայն, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը armlur.am-ի հետ զրույցում որակել է որպես հիմարություն եւ հրաժարվել է մեկնաբանել Վոլոդյա Հովհաննիսյանի ասածները: