ԼՈՒՐԵՐ
ՎԱՐԴԱՔԱՐԸ ԴՊՐՈՑ ՉՈՒՆԻ
Շիրակի մարզի Վարդաքար համայնքն իր անվանումը ստացել է գյուղում վարդագույն քարերի առատության պատճառով: Չնայած քարերի առատությանը` Վարդաքար համայնքը դպրոց չունի: Տարիներ առաջ շինարարները հիմնովին քանդեցին դպրոցը` նորը կառուցելու հեռանկարով: Շիրակի մարզպետարանը պայմանագիր էր կնքել մի շինարարական կազմակերպության հետ, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով աշխատանքները սահմանափակվեցին եղած կառույցը քանդելով:
Վարդաքարի համայնքապետն ասում է, որ դիմել է մարզպետին, երկու վարչապետերին, քաղաքաշինության նախարարին, անգամ ՀՀ նախագահին, իսկ վերջերս նաեւ` սոցներդրումների հիմնադրամին: Սակայն այդքանից հետո էլ սայլը տեղից չի շարժվում:
Վերջերս մարզպետարանը հրատապ կերպով խնդիրը ներկայացրել է ՀՀ կառավարությանը, որտեղից հույս են տվել, թե 2015 թվականից շինարարական աշխատանքներ կընթանան: Բայց թե ինչ միջոցների հաշվին, առայժմ ոչ ոք չգիտի:
Իսկ մինչ այդ վարդաքարցիները խնդրի լուծման ժամանակավոր եղանակ են գտել: Դպրոցը տեղափոխվել է գյուղապետարանի շենք, որտեղ, դարձյալ շենքային պայմանների բացակայության պատճառով, տեղակայված է նաեւ մշակույթի տունը: Հասկանալի է, որ գյուղապետարանի շենքը բոլորովին հարմար չէ նորմալ ուսումնական ծրագրերի անցկացման համար: Ի թիվս այլ թերությունների, աշակերտները զրկված են նաեւ գրադարանից եւ մարզադահլիճից: Բացի այդ, շինության ապակիները կոտրված են, պատերը՝ քարուքանդ, իսկ ձմռանը սենյակները տաքացնում են փայտե վառարաններով:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՃ ՉԿԱ
Ըստ «168 Ժամ»-ի՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.3%։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՏԱՑ-ն աճել է 11.3%-ով։ Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ճյուղերին, ապա բոլոր ոլորտներն աճ են արձանագրել, բացի շինարարությունից։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 1.7%-ով եւ կազմել 918.9 միլիարդ դրամ։ Չնայած դրան՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կրճատվել է 2.5%-ով (5661.8 մլն.կՎտ.ժ)։ Գյուղատնտեսությունն աճել է 6.9%-ով (ծավալը՝ 701 միլիարդ դրամ), ծառայությունների ոլորտը՝ 6.9%-ով (594.8)։ Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա ծավալը նվազել է 2.4%-ով եւ կազմել 244.1 միլիարդ դրամ։ Ներքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 5.2%-ով եւ կազմել 1 տրիլիոն 642.4 միլիարդ դրամ։