ՈՂՋ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻՑ Է ՍԵՐԵԼ
Երեւանի կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, թեեւ մեր երկրում մնալու եւ աշխատելու ցանկություն ունի, սակայն արտերկրից գրավիչ առաջարկ ստանալու դեպքում չի մերժի այն, քանի որ ուզում է իր ընտանիքին բարեկեցիկ կյանքով ապահովել: Դերասանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ կիսվել է իր մտորումներով եւ պատմել նորությունների մասին:
-Վերջերս մեծ էկրան բարձրացած «Սուպեր մամա» կինոկատակերգությունում Դուք եւ Ռաֆայել Երանոսյանը մարմնավորել եք «քյարթուների», որոնց ոմանք ասոցացրեցին նախկինում Ձեր կերտած կերպարների՝ Հալալի ու Զուլալի հետ. Դուք նմանություն տեսնու՞մ եք:
-Այդ կերպարները ստեղծելու շուրջ երկար ենք մտածել: Հալալն ու Զուլալը կիրթ տեքստով խոսող «քյարթուներ» էին, իսկ սրանք՝ ավելի լկտի դեմքեր, որոնց տեսակից այսօր շատ կա քաղաքում: Կոնկրետ իմ մարմնավորած կերպարին յուրահատուկ երանգ է հաղորդել բարակ ձայնը:
-Մի առիթով նշել եք, որ պրոդյուսերները հրաժարվում են Ձեզ լուրջ դերեր տալ, քանի որ մտավախություն ունեն, որ կերպարը լուրջ չի ընկալվի: Չե՞ք նեղվում դրանից:
-Այո՛, իհարկե: Ես չեմ ընդունում պրոդյուսերների այդ մոտեցումը, նրանք իրենց աշխատանքի ձեւաչափը չգիտեն: Ինքս շատ կուզենամ լուրջ դեր ունենալ, կլինի դա կինոյում, թե թատրոնում:
-Արա Երնջակյանի նոր ֆիլմում՝ «Ժաննա դ՚Արկ»-ում եւս հետաքրքիր կերպար եք կերտել. կպատմե՞ք այդ մասին:
-Այդ ֆիլմը շատ հետաքրքիր է ստացվել. այնտեղ կան կերպարներ, որոնք պատմության հետ ոչ մի առնչություն չունեն: Ես խաղում եմ ֆիլմի միակ հայի՝ Խաչիկի դերը: Նա ապացույցն է այն բանի, որ ողջ մարդկությունը հայերից է սերել: Ասեմ, որ էրոտիկ կերպարում եմ հանդես եկել, շփվել եմ ֆիլմի բոլոր կանանց հետ (ծիծաղում է):
-Այս տարին Ձեզ համար բուռն աշխատանքային ընթացք ունեցավ…
-Այո՛, մեկ այլ ֆիլմ էլ կա՝ «Սքոչ եւ վիսկին», որում եւս հանդես եմ եկել շատ զվարճալի դերով: Այնպես որ, այս տարի, իսկապես, բուռն ստեղծագործական կյանք եմ ապրում: Տեսնենք՝ նույնը հաջորդ տարի էլ կլինի՞, թե ոչ, Հայաստանից գնո՞ւմ ենք, թե էլի կմնանք:
-Փաստորեն` նաեւ երկրից հեռանալու մասին ե՞ք մտածում:
-Դե, եթե վատ լինի երկրի վիճակը, մնանք՝ ոնց ապրենք: Ուզում ենք ինչ-որ բան փոխել, չի ստացվում: Այսինքն՝ մեր՝ ժողովրդի ուզածով, ասածով չի լինում ոչ մի բան: Իսկ եթե չենք կարողանում ինչ-որ բան փոխել, բնականաբար, պետք է գնանք ուրիշ տեղ մեր հացը վաստակենք: Հիմա գործերը լավ են, փառք Աստծո, տա՛ Աստված՝ այդպես էլ շարունակվի:
-Իսկ եթե այստեղ ամեն ինչ լավ լինի, սակայն արտերկրից գրավիչ առաջարկ ստանաք, կգայթակղվե՞ք:
-Եթե լավ առաջարկ լինի, ինչու՝ ոչ, բայց միայն մեր բնագավառի աշխատանքի մասին է խոսքը. ուզում եմ իմ սիրելի գործով զբաղվել:
-Մոտ մեկ տարի առաջ Դուք ակտիվորեն մասնակցում էիք տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին: Առհասարակ, Ձեզ ակտիվ քաղաքացի համարու՞մ եք:
-Երբ մի բանը 100 անգամ ասելուց հետո արդյունք չես ունենում, հետ ես քաշվում, ստացվում է՝ ե՛ւ քաղաքականության մեջ ես, ե՛ւ դրանից դուրս ես. արդեն չես կողմնորոշվում: Բայց եկեք քաղաքականությունից չխոսենք. կարող է՝ մի երկու հոգու հայհոյեմ, պետք չի (ծիծաղում է):
-Դուք հայությանը հուզող մի շարք հարցեր բարձրացնում եք նաեւ թատրոնում՝ «Քիթ-Cut» ներկայացման շրջանակներում: Այդտեղ արծարծվում է հայի տեսակը կորցնելու վտանգը. ինքներդ ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում:
-Շատ պարագաներում է հայի գենը վերանում, պարզապես մենք դա անտեսում ենք: Երբ, օրինակ, հայ տղաները ներկում են մազերը, ականջօղ են դնում, պիրսինգ են անում, հայի տեսակը կորցնում են: Ես չեմ ուզում մեր երկրում տեսնել պիրսինգով ու մայրենիով չխոսող հայ մարդու:
-Վերջերս ֆեյսբուքում կատակով գրել էիք, որ երկրորդ անգամ եք հայրիկ դառնալու. ցանկությունը, կարծես, մեծ է, այո՞:
-Տանը որքան շատ երեխայի լաց, ծիծաղ լսվի, այնքան լավ: Ես, իհարկե, կատակում էի, մենք դեռ սպասում ենք՝ աղջկաս ամուսնացնենք, ինքը երեխա ունենա, նոր՝ մենք (ծիծաղում է):
ՄԵԿ ՎԱՅՐԿՅԱՆ ԺՊԻՏ, ՄԻ ԿԱԹԻԼ ՀՈՒՅՍ…
Մեկ զարդ, մեկ կտավ գնելով՝ հոկտեմբերի 19-ին հնարավոր դարձավ փոքրիկ լումա ներդնել Քեսաբի վիրավոր պաշտպաններին աջակցելու համար:
Քեսաբի ազատագրմանը մասնակցած հայ ազատամարտիկներից ոմանք վիրավոր են, եւ նրանց բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ ոմանք էլ, թեեւ արիաբար պայքարելով՝ կռվել ու ընկել են գործողության ժամանակ՝ իրենց հետեւից թողնելով հարազատներին՝ կանանց, զավակներին, ովքեր սրտացավ մարդկանց խնամքի ու աջակցության կարիքն ունեն: «Օգնություն Քեսաբի վիրավոր պաշտպաններին» բարեգործական երեկոյի նպատակն էլ հենց վիրավոր ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին նեցուկ կանգնելն էր, ֆինանսապես եւ հոգեպես աջակցելը: Երեկոյի կազմակերպիչ, երաժիշտ, դիզայներ Յուլյա Գյուլոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ վիրավոր հայ պաշտպաններից մեկի բուժման համար 30 հազար եվրո է ծախսվել, սակայն նա դեռ ոտքի չի կանգնել. ամբողջական բուժման համար անհրաժեշտ է եւս 10 հազար եվրո:
Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանն էլ մանրամասնեց, որ վիրավոր ազատամարտիկ Սարո Բաբուջյանի ոտքերն ու աջ ձեռքը վիրավոր են, մկանները՝ պատռված: Նա հիմա Քեսաբում է: Բուժում ստանալու եւ հիվանդանոցում մնալու համար օրական 100 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ. «Մենք պետք է օգնենք Սարոյին բուժվել եւ կանգնելու ենք զոհված ազատամարտիկ Վարդան Անդրեյանի որդու եւ պաշտպանների մյուս հարազատների թիկունքին»,-ընդգծեց Ա.Աբրահամյանը:
Բարեգործական երեկոյի ընթացքում անհատական կատարումներ ունեցան մի շարք արտիստներ եւ երաժիշտներ, տեղի ունեցավ Հայաստանի հայտնի նկարիչների կտավների, կիրառական արվեստի գործերի, Ռուսաստանից, Ամերիկայից եւ Եվրոպայից դիզայներական զարդերի ցուցահանդես-վաճառք:
Դերասանուհի, ասմունքող Արսինե Նավասարդյանին միջոցառման մասին տեղեկացրել էր իր նկարիչ ընկերներից մեկը. «Եթե կարող ենք այնպես անել, որ վիրավոր Սարոն իմանա այս նախաձեռնության մասին եւ թեկուզ մեկ վայրկյան ժպտա, մի կաթիլ հավատ ավելանա, էլ ինչո՞ւ զլանանք»,-ասաց նա:
Երգչուհի Նարե Գրիգորյանն էլ նկատեց, որ այսօր շատ արտիստներ խույս են տալիս բարեգործական համերգներից, եւ ուրախություն հայտնեց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել սատարել Քեսաբի հայ պաշտպաններին: Իսկ երգչուհի Արաքսյա Ամիրխանյանը նախաձեռնությունը համարեց անձնվեր գործ եւ հույս հայտնեց, որ այն կծառայի իր բուն նպատակին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՈՐԴՈՒ ՀԵՏ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին: Միացյալ Նահանգներում ծնված իրենց որդուն նրանք անվանակոչել են Լեո: Նախօրեին էլ երջանիկ հայրիկը լուսանկար է հրապարակել իր որդու հետ, ով արդեն մեկ շաբաթական է: Ի դեպ, մայրանալու հանգամանքը չի անդրադարձել Հռիփսիմեի ստեղծագործական կյանքի վրա: Նա երկրպագուներին անակնկալ մատուցեց. հոկտեմբերի 20-ին թողարկվեց «Loca Loca» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը:
ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՌԻՎԱՍԻՆ
«Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում ընդգրկվելուց հետո երգչուհի Եվա Ռիվասի անվան շուրջ խոսակցություններն ու սկանդալները չեն դադարում: Սոցցանցերում եւ կայքերում ակտիվ քննարկվում է նրա պահվածքը, հաղորդման ժամանակ երգչուհու արած այս կամ այն քայլը: Եվայի անվան շուրջ հերթական աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ վերջինս կույր լսումների ժամանակ ոտքով խփեց մրցավարական կոճակին: Այս առիթով բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ձայնը դարձավ զիբիլ: Ինչպես սովորական հյուրանոցները, որ մի ժամանակ անց դառնում են «բոռդել», կամ լրատվականները՝ պոռնոլրատու: Ի՞նչ է նշանակում կոշիկով խփել կնոպկին»: Նա առաջարկել է դիտել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը:
Նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սակայն, պաշտպանել է երգչուհուն` մեկնաբանությունների բաժնում գրելով. «Ֆորմատային է, ինչպես եւ ձեր թիթեռնիկ փողկապը եւ ռուսերեն շփումը ձեր հաղորդման ֆորմատում»: Ռեժիսորը նաեւ մատնացույց է արել նմանօրինակ կադր «Ավստրալիայի ձայնից»:
ԱՆԱԿՆԿԱԼ` «ՏՆՓԵՍԱ 3»-ՈՒՄ
«Տնփեսա 3»-ի շրջանակներում անակնկալները շարունակվում են: Սիթքոմի դերասանների կազմում ընդգրկվել է երգիչ Վրեժ Կիրակոսյանը: Նա Armstar.am-ին հայտնել է, որ հրավերն իր համար անսպասելի է եղել: «Սկզբում մտածում էի, թե ինչ դեր կարող եմ մարմնավորել հատկապես կատակերգական ժանրում: Հանդիպումից հետո, արդեն, հասկացա, որ կարելի է փորձել, ռեժիսորն էլ կարծում է, որ կկարողանամ իմ առջեւ դրված խնդիրն իրագործել»,-ասել է նա: