Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց «Սարդարապատ» շարժման անդամ, հացադուլ անող Արտավազդ Վարդանյանն արդեն իններորդ օրն է՝ իր հացադուլով պահանջում է «այլընտրանքային ընտրություններ»: Վարդանյանն իրեն ֆիզիկապես թույլ է զգում: Նա վրան է պահանջում՝ արեւից ու անձրեւից պաշտպանվելու, նաեւ երբեմն-երբեմն պառկելու համար:
Վարդանյանի հետ զրուցեց նաեւ «Ժողովուրդ»-ը՝ պարզելու համար նրա պահանջը եւ իմանալու, թե այդ վիճակը որքան ժամանակ է շարունակվելու: Արտավազդ Վարդանյանը նշեց, որ գիշերն ամեն ինչ խաղաղ է անցել, ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել, կրկին առեւանգման փորձ չեն արել: Հացադուլավորը գիշերն անցկացրել է իր կողքին հերթապահող ընկերների վերահսկողության ներքո. «Ինձ մոտենում եւ իրենց աջակցությունն են հայտնում քաղաքացիները, մարդիկ, որոնց չեմ ճանաչում, եւ մարդիկ ինձ ասում են՝ բան փոխվելո՞ւ է, ասում եմ, որ հեղափոխության խոսք չեմ տալիս, այլ իմ հորդորն է, որ մարդիկ մտածեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, միայն մտածելու ու հասկանալու համար էլ կարելի է այս քայլին գնալ»:
Արտավազդ Վարդանյանի համոզմամբ, եթե ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան եւ ի զորու չլինի որեւէ բան փոխել, ուրեմն դրանում իմաստ չկա: «Նրանք փոքրամասնություն են, միայն կարող են իրենց հարազատի կամ տասնյակ մարդկանց հարց լուծել, բայց մեծ առումով նրանք հարց չեն կարող լուծել: Հարցերը լուծվում են փողոցում»,-հավաստիացրեց մեր զրուցակիցը:
Նշենք նաեւ, որ չնայած երեկ` օրվա երկրորդ կեսին, կարծես լուծվել էր հացադուլավորի համար վրան տեղադրելու հարցը, սակայն ոստիկանության ներկայացուցիչները թույլ չէին տվել վրան տեղադրել` տեղեկացնելով, որ դա խանգարում է մարդկանց տեղաշարժին:
Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերն անհայտ անձինք առեւանգել էին Արտավազդ Վարդանյանին եւ ավտոմեքենայով տարել ու իջեցրել իր տան մոտ, ապա հորդորել չգնալ ԿԸՀ-ի շենքի դիմաց: Սակայն Վարդանյանը չի ենթարկվել նրանց «պահանջներին» եւ շարունակում է իր հացադուլը նույն փողոցում:
Իսկ թե երբ կդադարեցնի հացադուլը, Վարդանյանը դեռ չի որոշել: Նշենք, որ հացադուլավորին պարբերաբար այցելող բժիշկները նրան տեղեկացրել են, որ արյան ճնշումը բարձր է, եւ առաջարկել են ճնշումն իջեցնող դեղեր ներարկել, սակայն ընդդիմադիր ակտիվիստը մեզ հետ զրույցում նշեց, թե մերժել է՝ ասելով, որ գտնվում է հացադուլի մեջ եւ չի ցանկանում՝ ավելորդ նյութեր մտնեն իր օրգանիզմ:
ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ