ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԴԱՍԱԼԻՔԸ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ քարտուղար Թեւան Պողոսյանը առաջարկել են փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքում եւ ուսումը շարունակելու հիմքով տարեկետումը վերացնել: Տեղեկացնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս փորձել են լուծել այս խնդիրը, բայց դրա շուրջ բարձրացած բողոքի ալիքը ամեն անգամ ստիպել է հրաժարվել այդ մտադրությունից: Ուստի, բնական է, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ պատրաստվում է զգուշավոր եզրակացություն տալ` առաջարկելով խնդրի շուրջ լայն քննարկում կազմակերպել: Բայց ամենակարեւորն այստեղ այն փաստն է, որ նախագծի հեղինակներից Թեւան Պողոսյանն ինքը խուսափել է բանակում ծառայելուց: Պատգամավորի պաշտոնական կենսագրությունը սկսվում է 1996-ից, երբ արդեն 24 տարեկան է եղել: Իսկ թե ինչով է մինչ այդ զբաղվել, ինչպես է խուսափել բանակում ծառայելուց, անհայտ է: Այս փաստը չի խանգարել, սակայն, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին բանակից «փախած» Պողոսյանին ՀՀ պաշտպանության նախարարությունը 2012-ին պարգեւատրի «ՀՀ զինված ուժեր, 20 տարի» հուշամեդալով:

 

 

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը՝ «Բիզնես լեդին», միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը` ավելի քան 452 միլիոն դրամ կամ շուրջ 1 միլիոն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ: Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչեւ տարեվերջ կվճարվի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերը ինքն է: Իսկ թե ինչպես է ստացվում, որ Նաղդալյանին պատկանող ընկերությունների հետ մշտապես նման թանկարժեք պայմանագրեր են կնքվում, Նաղդալյանը չի գաղտնազերծում: Թեեւ կարիք էլ չկա պարզաբանման:

 

 

 

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ տարածքային նախկին նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի Հանրապետություն: Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գեւորգյանն ընդդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր: Սակայն Գեւորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով եւ մոտ ապագայում ընտանիքի հետ կվերադառնա Հայաստան: Ի դեպ, երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր, թե տարածքային նախարարի պաշտոնում ով է փոխարինելու Արմեն Գեւորգյանին: Ենթադրվում է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ ապագա նախարարի անունը հայտնի կդառնա: Ի դեպ, ըստ լուրերի, ԱԺ ՀՀԿ խմակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է՝ ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու համար:

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար: Մեր տեղեկություններով Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու ընկերն է: Բացի այդ՝ խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախագահի մոտ արդեն տեւական ժամանակ է՝ քննարկվում է նաեւ Լեւոն Սարգսյանին խորհրդարանում աշխատանքի «տեղավորելու» հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ տարբերակներից մեկով նախկին պատգամավորը հնարավոր է նշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդական: Սակայն այդ որոշումը դեռեւս մնում է որպես մտադրություն, քանի որ Լեւոն Սարգսյանը փորձում է դառնալ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար:

 

 

 

ԱՆՕՐԱԿԱՐԳ

Եվ այսպես` ոչ իշխանական եռյակի հրավիրած երկրորդ համապետական հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե որն է այն միասնական օրակարգը, որով եռյակը ներկայանալու է հանրությանը: Երեկվա նիստից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, թե եռյակում այս պահին փորձում են մշակել «իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ»: Չքննարկելով անգամ այդ քարտեզի բուն էությունն ու դրա իրագործման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցը՝ չենք կարող չընդգծել, որ, մեղմ ասած, լուրջ չէ առանց հստակ մշակված եւ որոշված քայլերի իշխանափոխության համար պայքար սկսելը: Այն դեպքում, երբ միասնական օրակարգի ձեւավորման համար եռյակը լիուլի ժամանակ ուներ:
Եթե եռյակի (այն ժամանակ քառյակ էր) մտադրություններն իրապես լուրջ էին, ապա դեռ հայտնի 12 կետերի առաջադրման օրվանից ոչ իշխանական ուժերը պետք է քննարկած-մշակած լինեին իրենց հետագա քայլերի բոլոր տարբերակները: Մինչդեռ կառավարությանը տրված ժամկետի ավարտին հետեւած մարզային հավաքներից հետո անգամ եռյակը չկարողացավ հանգել մեկ միասնական դիրքորոշման եւ այն հնչեցնել հոկտեմբերի10-ի հանրահավաքում:
Այնպիսի տպավորություն է, որ եռյակում որոշումները կայացվում են` ելնելով իրենց առաջնորդների այդ օրվա տրամադրություններից կամ տեսած երազից: Ընդ որում, հատկապես հոկտեմբերի10-ի հանրահավաքում հարթակին կանգնածների անկազմակերպ պահվածքը, Րաֆֆի Հովհաննիսյանի անավարտ մնացած ելույթն ու մյուս առաջնորդների հետ քննարկման անհաջող փորձը, Գագիկ Ծառուկյանի` հաջորդ հանրահավաքում խոսելու խոստումը եւ Տեր-Պետրոսյանի` իր ընդդիմախոսներին (այդ թվում եւ` Րաֆֆուն) «սաստելու» ոճը որեւէ տեղ չթողեցին` համոզելու, թե եռյակն իր միասնական օրակարգը չի հրապարակում` ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու համար: Բոլորի համար պարզապես ակնհայտ դարձավ, որ հարթակին կանգնած երեք ուժերի միջեւ տարակարծություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները:
Ինչեւէ, հաջորդ հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, եւ եթե մինչ այդ եռյակը չկարողանա կայացնել միասնական եւ հստակ որոշում իշխանափոխության իրականացման քայլերի շուրջ, ապա հոկտեմբերի 24-ին այլեւս դժվար կլինի խուսափել հանրության հիասթափությունից, եւ է՛լ առավել դժվար կլինի պատկերացնել պայքարի հետագա ընթացքը: Ինչպես նույն Ռուբիկ Հակոբյանն է երեկ նկատել` «Ժողովուրդն այլեւս չի սպասում խոսքերի հանրահավաքի, ժողովուրդը հստակ գործողություններ է ակնկալում»:

 




Լրահոս