ԻՋԵՎԱՆԸ ՏՈՒԺՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն այցելեցին Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան ու միասին ծաղկեպսակ դրեցին: Սակայն Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում ՀՀԿ-ԲՀԿ խուլ հակամարտությունը շարունակվում է: Իջեւանի ավագանին չի հաստատել քաղաքի այս տարվա բյուջեն, ուստի Իջեւանի քաղաքապետարանը խաղաղության եւ հաղթանակի տոնի առթիվ համայնքային բյուջեից իջեւանցի պատերազմի վետերաններին ֆինանսապես օգնելու հնարավորություն չուներ:  2011թ. նոյեմբերի 13-ին ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանն ընտրվեց Իջեւանի քաղաքապետ՝ հաղթելով ՀՀԿ անդամ, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Սակայն անցյալ տարեվերջից մինչ այժմ համայնքի ավագանու նիստերին քվորում չի ապահովվում, որպեսզի ավագանին հաստատի մարզկենտրոնի՝ 2012 թվականի բյուջեն:
Ավագանու հերթական նիստը հրավիրված էր մայիսի 7-ին, որը, սակայն, կրկին չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Առանց լուրջ պատճառաբանությունների նիստերին չներկայացող ավագանու անդամների թվում կան մարզպետարանի ենթակա պետական հիմնարկների տնօրեններ: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը ցանկության դեպքում կարող էր ապահովել նրանց ներկայությունը, ինչը, սակայն, չի անում: Իջեւանը մարզի 62 համայնքներից միակն է, որի ավագանին չի հաստատել համայնքի՝ 2012 թվականի բյուջեն: Մայիսի 31-ին լրանում է Իջեւանի ավագանու ընտրության մեկ տարին: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ մտադիր է մայիսի 31-ից հետո դիմել դատարան՝ անհիմն կերպով նիստերից բացակայող ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու պահանջով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս