ՆՊԱՏԱԿԸ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է
ՀՀ իշխանությունների առանցքային բնավորություններից մեկը ցանկացած երեւույթից, այդ թվում նաեւ՝ մարդկանց դժբախտության հաշվին, սեփական գրպանները լցնելու մոլուցքն է: Նման ամենաթարմ օրինակը «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի պատմությունն է: Այս նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Երեկ ԱԺ-ն անհետաձգելիության ռեժիմով սկսեց քննարկել նշված նախագիծը:
Այս նախագիծը ծնվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում էր 50 տոկոսով փոխհատուցել սահմանապահ համայնքների բնակիչների կոմունալ վճարները, Ադրբեջանի սադրանքների արդյունքում վիրավորվածներին պարտադիր ապահովել պետպատվեր բուժումով, զոհվածների ընտանիքներին տրամադրել դրամական փոխհատուցում, բնակարան կորցրածներին ապահովել իրենց համայնքում կացարանով եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր սահմանապահ համայնքների բնակիչներին օրենքով արտոնություններ եւ պաշտպանություն տրամադրել, որպեսզի նրանք իրենց լքված չզգան:
Սակայն ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ մտադիր են խնդրին ավելի ընդլայնված եւ համապարփակ լուծում տալ ու պարտավորվեցին համապատասխան օրենքի նախագիծը կարճ ժամկետում ներկայացնել խորհրդարան:
Նախագիծը ներկայացվեց եւ … ՀՀ կառավարությունը, պարզվում է, այս դեպքում էլ միայն մեկ խնդիր է լուծել. փորձում են լրացուցիչ հարստանալու գործիքներ ստեղծել: Նախագիծը կոչվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին»: Դրանով առաջարկվում է 2015 թվականի հունվարի 1-ից «ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունն ազատել հիմնական հարկերից»: Ոչ մի խոսք սահմանապահ գյուղերի բնակիչների կոմունալ վճարների, գնդակոծումներից տուժածներին պետպատվերով բուժելու, բնակարանով ապահովելու եւ նման կարգի ուղղակի օգնություն հատկացնելու մասին: Ի վերջո, սահմանապահ համայնքում ձեռնարկատիրական գործունեւություն ծավալելու եւ հարկերից ազատվելու համար մարդիկ նախ պետք է իրենց պետության կողմից հովանավորված զգան: Առանց պետության կողմից պաշտպանված լինելու երաշխիքների հարկերից ազատելը ոչինչ է: Իսկ թե ինչու է կառավարությունը նման նախաձեռնությամբ հանդես գալիս, եւ ինչու են իշխանական պատգամավորներն այն պաշտպանում, պարզից էլ պարզ է: Կառավարության անդամները եւ իշխանական պատգամավորները, բոլորն էլ փաստացի գործարարներ են: Այս օրենքի ընդունվելուց հետո նրանք հնարավորություն կունենան սահմանապահ համայնքներում ընկերություններ բացել եւ ազատվել հիմնական հարկեր վճարելուց: Այս մեխանիզմը նախկինում էլ գործել է: Ժամանակին մարզերում գրանցված ընկերությունները հարկային արտոնություններ ունեին: Արդյունքում՝ պաշտոնյաներն իրենց ընկերությունները գրանցում էին մարզերում, իսկ մայրաքաղաքում մասնաճյուղ էին բացում, եւ նրանց կողմից վճարվելիք հարկերն էապես նվազում էին: Այս մեխանիզմը հետագայում վերացվեց, քանի որ օրենքը պահանջում է, որ ընկերությունները գրանցվեն հենց այն տարածքում, որտեղ գործունեություն են ծավալում:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը եթե ընդունվի, ապա պաշտոնյա-գործարարները, սահմանամերձ համայնքներում ընկերություններ գրանցելով, կրկին հնարավորություն կունենան հարկեր վճարելուց խուսափել, բայց օրենքի շրջանակներում: Մի խոսքով՝ ինչ ուզում ես արա, ՀՀ իշխանությունների ուշք ու միտքը միայն սեփական գրպանները լցնելն է:
Վերջում տեղեկացնենք, որ նշված օրինագծի ընդունման հետեւանքով, ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ՀՀ պետբյուջեն կունենա 2,5 մլրդ դրամի եկամուտների նվազում: Իսկ այդքան գումարով գյուղական քանի՞ ընտանիքներ իրական օգնություն կստանային:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲՂԱՎԵՑ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ իր ելույթում շատ կոպիտ արտահայտություններ արեց ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հասցեին: Կրքերն այնքան թեժացան, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց բղավել: «Մեր որոշ գործընկերներ այս ամբիոնից խոսում էին որպես դատավորի, դատախազի, ԱԱԾ ներկայացուցչի կամ օտարերկրյա ագենտի լեզվով, որը ցանկալի չէ: Հիշում էին հանցագործություններ, իհարկե, անտեսում էին 90-ական թվականները: Ես խորհուրդ կտայի, որ չմտնեն մարդկանց ընտանիքներ եւ դեռ չսպիացած վերքերը նորից բորբոքեն՝ իրենց քաղաքական շահարկումներին հագուրդ տալու համար»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը նախօրեին ԱԺ ամբիոնից շատ կոշտ հայտարարություններով էին հանդես եկել, ուստի Բաղդասարյանն այդ կերպ փորձեց նրանց հակադարձել: Փաշինյանը խոսել էր Մարտի 1-ի եւ Աղվան Հովսեփյանի ապօրինությունների մասին, իսկ Փոստանջյանը պետական դավաճանության հոդվածով դատավճիռ էր կարդացել ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի: «Այս պառլամենտի ամբիոնն օգտագործվում էր Ադրբեջանին ապատեղեկատվություն տալու, կեղծ նյութեր տրամադրելու համար: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա մեր երկրի նախագահի եւ մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հանդիպումը: Ինձ համար հասկանալի է, որ Արեւմուտքից բավականին գումարներ են ներհոսում այստեղ, եւ մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում»,- իրենից գոհ հայտարարեց Բաղդասարյանը: Փաշինյանն ու Փոստանջյանը տեղից բղավեցին ու կոչ արեցին Գալուստ Սահակյանին ընդհատել Վ. Բաղդասարյանին: Սակայն Գալուստ Սահակյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքը չընդհատեց, եւ վերջինս շարունակեց իրենց քննադատողներին տարբեր պիտակներ կպցնել:
ՄԻՊ-Ը ՀԱԿԱԴԱՐՁԵՑ
Երեկ ԱԺ-ում կրկին կրքերը թեժ էին, քանի որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշեց պատասխանել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանին ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Նախօրեին պատգամավորները քննադատել էին Անդրեասյանին՝ նշելով, որ իրենք օմբուդսմենին ժամանակին հրավիրել են մասնակցելու մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների, սակայն Անդրեասյանը չի ներկայացել: «Մարդու իրավունքների պաշտպանը մեկն է, իսկ խնդիրները, ոլորտները տասնյակներ են: Եթե որեւէ պատգամավոր, որեւէ կառույց իր ամբիցիայից ցածր է տեսնում համագործակցել ոչ թե անձամբ ինձ հետ, այլ իմ տեղակալի, իմ խորհրդականի կամ մեր աշխատակազմում աշխատող 34 մյուս իրավապաշտպանների հետ, ապա առանց վրդովվելու հայտնեք, ես կփոխեմ իմ օրակարգը, կգամ այդ հանդիպմանը: Բոլոր տեսակի հանդիպումներին, ժողովներին, քննարկումներին ես ներկայանում եմ իմ աշխատակազմով»,- պատգամավորների մեղադրանքին հակադարձեց օմբուդսմենը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆՀԱՅՏ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ մոտ 3 ժամ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջերը՝ gov.am եւ i-gov.am, չեն գործել: Կառավարության լրատվական բաժնից Armlur.am-ին պարզաբանել են, թե կայքերը չեն գործել տեխնիկական խնդիրների պատճառով: Տեղեկացնենք, որ վերոնշյալ կայքերը զուտ տեղեկատվական չեն. i-gov-ը էլեկտրոնային կառավարման համակարգ է, որի միջոցով հնարավոր է իրականացնել բազմաբնույթ եւ բազմաֆունկցիոնալ գործարքներ:
ՈՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ
168.am-ը Զ. Փոստանջյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր է նա նախատեսում ձեռնարկել` նախօրեին Սերժ Սարգսյանին ցմահ դատապարտելու մասին Աժ-ում իր հրապարակած դատավճիռը իրականացնելու ուղղությամբ: «Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում հայ ժողովրդի կամքով: Այ, կամքի խնդիրն է, որը պետք է ձեւավորվի մեր հասարակության մեջ, որ նման անձանց մենք պետք է ոչ միայն դատապարտենք, այլեւ ազատազրկենք»,- ասել է Փոստանջյանը: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե դահլիճում ալիեւյան նավթադոլարների հոտ է առել, Զ. Փոստանջյանը նշել է. «Հավանաբար ինքը նկատի ունի պարոն Սերժ Սարգսյանին, որ հայտարարել է՝ ինչ է, Աղդամը մեր հայրենի՞քն է, մենք դիտավորյալ չենք բնակեցնում այդ տարածքները, որպեսզի հանձնենք Ալիեւին… Հավանաբար, դա նկատի ուներ: Նաեւ, հավանաբար, ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր հայտարարություններով»:
ՈՏՔԸ ԿՈՏՐԵԼ Է
ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը երեկ ավարտվել է ոչ ոքի՝ 8:8 հաշվով: Խաղի ընթացքում տեղի են ունեցել նաեւ ցավալի միջադեպեր. ՊՆ թիմի խաղացողներից մեկը ոտքով հարվածել է լրագրողներից մեկի ոտքին եւ կոտրել սեփական ոտքը: Նրան դաշտից դուրս են բերել պատգարակով ու շտապ օգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿՆԵՐԻ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով թուրք-քրդական հաշտեցման գործընթացին, հայտարարել է, որ դա ներքին, ազգային նախագիծ է: Նա, սակայն, մանրամասնել է, որ արգելք է դրվում պետականության դեմ եւ մարդկանց կյանքին սպառնացող բոլոր ակցիաների վրա: Դավութօղլուն ընդգծել է, որ թույլատրված բողոքի ակցիաների մասնակիցները չեն կարող դիմակ կրել ու թաքցնել դեմքը. դա կդիտվի որպես սպառնալիք. «Իսկ, ահա, ցուցարարների կողմից «մոլոտովյան կոկտեյլների» նետումը կգնահատվի որպես զենքի կիրառում»:
ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
Պրահայի քաղաքային դատարանը «օրենքով գող» հայազգի Անդրանիկ Սողոյանին (մականունը՝ Զապ) ու նրա 4 համախոհներին կալանավորելու եվրոպական հրաման է տվել: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ` Սողոյանը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման հայ գործարարի սպանության համար ու պետք է վկայություն տար մինչեւ սեպտեմբերի 1-ը: Սակայն ո՛չ նա, ո՛չ մյուս դատապարտյալները չեն ներկայացել դատարան: Հիշեցնենք, որ 2007-ին Սողոյանը պատվիրել էր հայ գործարարի սպանությունը: Քիլլերը, սակայն, սխալմամբ սպանել էր մեկ այլ մարդու, ապա վիրավորել մեկ ուրիշին:
ԿԱՅՑԵԼԻ
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նախ` նրան կընդունի Հանրապետության նախագահը, ապա՝ տեղի կունենան Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիսը։
ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
Ալեք Ենիգոմշյանի մասնակցությամբ միջադեպը դատապարտող բողոքի երթի ավարտին երեկ ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանին: Նա «Ազատությանը» փոխանցել է, որ իրեն բերման են ենթարկել երթի ավարտից հետո, երբ նա կանգառում էր եւ պատրաստվում էր տուն գնալ: Ակտիվիստը երեք ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո ազատ է արձակվել: