ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ

Հարգելի խմբագրություն ես Ձեր թերթի մշտական ընթերցողն եմ, սիրում եմ ու կարդում եմ Ձեր թերթի բոլոր հոդվածները, Դուք պաշտպանում եք հասարակ մարդկանց շահերը, ուստի միայն Ձեզ կարող եմ դիմել եւ խնդրել, որ տպագրեք իմ այս փոքրիկ նամակը, որով դիմել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» թերթին, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությանը, Բարգավաճ կուսակցության նախագահ Գ. Ծառուկյանին եւ նրա հիմնադրամին, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին: Սակայն նշված լրատվամիջոցներն իմ նամակը չեն տպագրել, իսկ Ծառուկյանից եւ Ս. Սարգսյանից էլ որեւէ պատասխան չեմ ստացել, թեեւ նամակն ուղարկել եմ 2014թ. ապրիլի 11-ին փոստային պատվերով:

Որդիս՝ Խաչիկ Մեխակի Խաչատրյանը, վիրավոր զինծառայող է` 1-ին կարգի հաշմանդամ, վիրավորվել եւ հաշմանդամ է դարձել մարտական ծառայության ժամանակ, 1995թ. ստացել է «մարտական ծառայություն» մեդալ: Իր առողջությունն ու արյունը տվել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը եւ մնացել մի չնչին թոշակի հույսին: Ունի գործազուրկ կին, 3 անչափահաս փոքր երեխա, ինքս ծերության թոշակառու եմ, ապրում ենք վարձով, պարտքերով ծանրաբեռնված: Հաշմանդամ որդիս անկողնային է, այժմ բուժում պետք է ստանա, քանզի դաժան պայմաններից ու հոգեկան ապրումներից ինսուլտ ստացավ: Երեխաները տկլոր են, սոված, ճնշված, չունենք տարրական կոմունալ հարմարություն, նույնիսկ լվացքի մեքենա եւ սառնարան: Երեխաներից մեկը դպրոց պետք է գնա, բայց ինչպե՞ս:
Որդիս սիրեց իր երկիրը, պաշտպանեց նրա սահմանները, զրկվեց կենսական կարեւոր օրգաններից, ապրում է մեկ երիկամով, ոտքի մեկը չի աշխատում. 1-ին խմբի հաշմանդամ՝ ծանր ընտանեկան պայմաններում, 6 շնչից բաղկացած ընտանիք, անելանելի վիճակ, ոչ մի օգնություն, ոչ մի բարեգործություն, միայնակ իր սոցիալական ծանր պայմանների եւ բազմանդամ ընտանիքի հետ: Իր միակ կիսակառույց տունն էր հենարանը, որն այդպես էլ մնաց կիսակառույց՝ իր կյանքի նման: Այսպես որ գնա, որդիս ընդունակ է դիմել անկանխատեսելի քայլերի, որից այնքան վախենում ու սարսափում եմ: Երեք տարի առաջ այդպիսի մի փորձ արեց, հազիվ փրկեցինք: Ես տեսնում եմ նրա հոգեկան ճնշվածությունը, օր օրի նա կորցնում է հույսը, զգում եմ, որ կյանքը նրա համար արժեք չունի, արժանապատիվ ապրելու փոխարեն այս վիճակից որդիս կխելագարվի: Իր հայրենիքի, իր ժողովրդի համար առողջությունն ու արյունը տված զինվորն այդպե՞ս պետք է փոխհատուցվի, ինչպես կարող է երկիրը չսիրել, չպաշտպանել իր պաշտպանին, այսպես արհամարհել եւ թողնել այս ահավոր վիճակի մեջ:
Ես ձեր թերթի միջոցով դիմում եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «Արմենիա» հեռուստաընկերությանը, ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին, բոլոր բարերարներին, հասարակական կազմակերպություններին. սատար կանգնե՛ք որդուս, օգնե՛ք նրան այս վիճակից դուրս գալ, խնդրում եմ, աջակցե՛ք, որ գոնե կարողանա ֆինանսական եւ սոցիալական այս ճահճից մի քիչ դուրս գալ: Օգնե՛ք, որ նա չկորցնի իր հավատը կյանքի նկատմամբ: Կյանքից դեպի հուսահատություն մի քայլ է մնացել:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 41/3 բն.

ԱՄԱԼՅԱ ՀԱՅԿԻ ՂԱԶԱՐՅԱՆ

 




Լրահոս