ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ

Դերասանուհի Լիլի Էլբակյանի ամուսինը` ռեփեր, սերիալային դերասան Համոն, նույն ինքը՝ «Քաղաքում»-ի Ռշտունը, մի քանի օրից կրկին զգալու է հայրության բերկրանքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Համոն կիսվել է իր զգացումներով, պատմել իր առաջիկա ծրագրերի եւ հուզող խնդիրների մասին:

Նոր կոմեդիայում՝ գյուղի տղայի կերպարում:
Այժմ նկարահանվում եմ կոմեդիայի ժանրի նոր ֆիլմում: Այն էկրանին կլինի հաջորդ տարի: Ռեժիսորն իմ ընկերն է, այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի: Իմ կերպարն ինձ շատ դուր եկավ, մարմնավորում եմ գյուղում ապրող երեք տղաներից մեկին: Սա միանգամայն տարբերվում է նախկինում իմ կերտած կերպարներից: Ֆիլմի հիմքում ընկած է գյուղի եւ քաղաքի մարդկանց մենթալիտետի տարբերության եւ դրանից ծագող հակասությունների թեման: Կոմեդիայում նկարագրվում է քաղաքից եկած աղջիկների եւ գյուղի տղաների բնավորությունների բախումը:

Ռեփը մղվել է հետին պլան:
Այնքան եմ դերասանական կարիերայով տարվել, որ ռեփը բավական հետ եմ մղել: Բացի սերիալում նկարահանվելուց ու թատրոնում ներկայանալուց երրորդ տեղում էլ եմ աշխատում (բայց չեմ ասի՝ որտեղ. գաղտնիք է), ժամանակս չի հերիքում երաժշտությանը նվիրելու համար: Նաեւ մի խնդիր էլ կա. եթե մի ժամանակ ստեղծագործում էինք ինչ-որ բաներ, այդ թվում՝ ֆինանսներ վերադարձնելու ակնկալիքով, հիմա արդեն բանը դրան չի հասնում: Օրինակ՝ ձայնասկավառակ թողարկելը, այդ առումով, անիմաստ է, իսկ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես գիտենք, մեծ գումարներ են պետք:
Այնուամենայնիվ, երկրպագուներիս հայտնեմ, որ «սինգլ» տարբերակով երկու նոր երգ եմ թողարկելու, որոնց հեղինակը հենց ես եմ: Կարծում եմ՝ մեկ տարի անց, արդեն որպես ռեժիսոր, ինքս կմտածեմ տեսահոլովակ նկարահանելու մասին: Երգերից մեկը մեր քաղաքի թեմայով է: Ուզում եմ փոխանցել այն մեսիջը, որ եթե ուզում ենք՝ մեր քաղաքում ինչ-որ բան փոխվի, պետք է ոչ թե խոսել, ամպագոռգոռ բաներ գրել սոցցանցերում, նստել ու սրան-նրան փնովել, այլ գործել, ընդ որում՝ կազմակերպված: Իսկ մյուս երգը նվիրված է իմ եւ, առհասարակ, բոլոր երեխաներին:

«Մի քանի օրից տղա պետք է ունենամ. էմոցիաներս շատ խառն են»:
Այնքա՜ն եմ սպասում որդուս ծնունդին… Մի քանի օրից տղա պետք է ունենամ. էմոցիաներս շատ խառն են, զգացումներս՝ անբացատրելի: Սպասումի ամեն վայրկյանը վայելում եմ: Արդեն ամեն ինչ առել ենք փոքրիկի համար: Ապագա որդուս անունը որոշել ենք Էդգար դնել՝ երջանկահիշատակ քեռու պատվին: Աղջիկս՝ Էլմին (Էլմիրա), անհամբեր սպասում է եղբոր ծնունդին: Ամեն օր ուրախությամբ հաշվում է՝ երբ է գալու այն օրը, որ եղբորը խնամելու հարցում կօգնի իր մայրիկին, կքնեցնի փոքրիկին:

«Ուզում եմ որդուս ժամանակին համահունչ դաստիարակել»:
Թե ինչպես կդաստիարակեմ երեխայիս, կախված է մեր ժամանակի արժեքներից: Ամեն բան շատ արագ փոխվում է, հիմա կան արժեքներ, որ վաղուց տրորվել-անցել են: Իմ աղջիկը դեռ երեք տարեկան է, մանկապարտեզ է գնում, մի օր զանգեց, խնդրեց, որ իրեն խաղալիք ատրճանակ գնեմ… Չգիտեմ՝ երեւի ժամանակներն են այդպիսին… Ուզում եմ ապագա որդուս ամեն հարցի շուրջ ճիշտ բացատրություն տալ, նրան ժամանակին համահունչ դաստիարակել:

«Այսօր բոլորն անտարբեր են միմյանց նկատմամբ»:
Երբեմն շուրջս նայելով՝ տարբեր մտորումներ եմ ունենում: Ինձ շատ է մտահոգում մարդկանց անտարբերությունը: Բոլորը գնում են գործի, աշխատում իրենց «իքս» գումարն ու վերադառնում տուն, եւ այդպես՝ ամեն օր. կարծես զոմբիացել են… Հիշում եմ՝ մի ժամանակ, երբ վարձով էի ապրում, երեք տարիների ընթացքում նկատեցի, որ հարեւանը հարեւանին չի ճանաչում, անգամ չի բարեւում: Իսկ նախկինում մարդիկ ավելի հոգատար էին միմյանց նկատմամբ: Շատ կուզենամ, որ այդ անտարբերությունը մարդկանց շրջանում վերանա:

 

 
ՄԵԿՆԵԼ Է ԲԵԼԳԻԱ` ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ

Երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ով առավել մեծ ճանաչում ստացավ իր հեղինակած երաժշտական պոեմի շնորհիվ, որի հիման վրա ստեղծվեց «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրաման, այս աշուն մեկնել է Բելգիա՝ այնտեղ ուսում ստանալու եւ աշխատելու նպատակով: Երաժիշտը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր գրանցած հաջողությունների ու մտորումների մասին:

Համաշխարհային ասպարեզում կարիերան ամրապնդելու քայլեր:
-Բելգիա մեկնելուս նպատակը միայն ուսումս շարունակելը չէր, քանի որ, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր ստեղծագործող ուսմանը զուգահեռ պետք է փորձ ձեռք բերի եւ հանրությանը ներկայանալու հնարավորություններ փնտրի: Այստեղ պատրաստվում եմ ներկայացնել իմ ստեղծագործությունները եւ համաշխարհային կարիերայում քայլերս ամրապնդելու փորձեր եմ անում:

«Ղեկավարելու եմ Մուսորգսկի տեղական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը»:
– Բելգիայում հաճախ դժվարանում եմ ծրագրեր կազմելու հարցում: Դրանք շատ-շատ են: Այստեղ ես մի քանի բան ստիպված եմ միաժամանակ անել, կենտրոնանալն ամենակարեւոր սկզբունքներից մեկն է դարձել: Արդյունքում ծնվում են նոր ամբիցիոզ մտքեր. դա հրաշալի է… Մի քանի օրից ղեկավարելու եմ Մուսորգսկի տեղական երիտասարդական նվագախումբը (Leuven La Neuve youth symphonic orchestra):

«Հայաստանում դեռ չի հնչել իմ «Երկրորդ սիմֆոնիան»»:
Արդեն ունեմ հանրությանը ներկայացնելու մի քանի նոր գործեր, բայց դեռեւս չեմ շտապում դա իրականացնել: Այս տարվա համար, կարծում եմ, բավական էին «ՊԻԿ» նախագծի աշխատանքները: Խոսքը, մասնավորապես, «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մասին է: Բացի այդ, ինձ համար կարեւորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում դեռ չի հնչել իմ «Երկրորդ սիմֆոնիան», որը հաղթող էր ճանաչվել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում:

«Կուզենայի՝ երեւանցին արժեւորեր այն, ինչ ունի»:
Կուզենայի՝ երեւանցին արժեւորեր այն, ինչ ունեցել է եւ ունի, սպասեր ու գնահատեր այն, ինչ ունենալու է, լինի դա երաժշտական ստեղծագործություն, ճարտարապետական կառույց, մշակութային իրադարձություն կամ՝ թատերական որեւէ ներկայացում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԿԻՐԹ ՀՈՒՄՈՐ
Նոյեմբերի 6-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի դեբյուտային ֆիլմը, որը կոչվում է «Ուրիշի փոխարեն»: Գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը Armstar.am-ի հետ զրույցում նշել է, որ ճանաչելով ռեժիսորին՝ չի կարողացել բաց թողնել դեբյուտում խաղալու հնարավորությունը, հատկապես այն դեպքում, երբ Հրանտը գլխավոր դերում հենց իրեն է տեսել: Սոս Ջանիբեկյանի համար կատակերգության մեջ ամենակարեւորը հումորն է. «Ես մարդուն չեմ ծիծաղեցնի՝ ծիծաղելի բան ասելով: Գրոտեսկային ժանրից դեպի տնազ մի քայլ է, ես վախենում եմ ստեղծագործել այդ սահմանագծի վրա»,-ասել է նա:
Դերասանի խոսքով՝ ֆիլմի շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու կիրթ հումոր:
Խոսելով իր կերպարի մասին՝ Սոս Ջանիբեկյանը նկատել է. «Արսենը, կարելի է ասել, իմ դրսեւորումներից մեկն է, եւ եթե ես հայտնվեի նմանատիպ իրավիճակներում, երեւի կլինեի հենց այդպիսին»:

 

ԿԱՐԵՄԲՈՆ ԱՅԼԵՎՍ ՕՀԱՆՅԱՆ Է
Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած մոդելը, ամենաերկար ու սլացիկ ոտքերի տիրուհին՝ Ադրիանա Կարեմբոն, ում ամուսինը հայազգի Արամ Օհանյանն է, այս օրերին Երեւանում է: Նա Ֆրանսիայի հայկական հիմնադրամի՝ հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռուստամարաթոնի՝ « Ֆոնեթոն 2014»-ի այս տարվա կնքամայրն է: Bravo.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում սլովակուհին նշել է, որ մինչ Արամի հետ ամուսնությունը Հայաստանի մասին քիչ տեղեկություն է ունեցել եւ հիմա այդ բացը լրացնում է. «Շատ բան իմացա նրա ընտանիքի շնորհիվ, նաեւ ծանոթացել եմ արտերկրում բնակվող հայերի հետ: Բացի այդ, հայերենի բառարան եմ կազմել՝ երբեմն ամուսնուս հետ գաղտնի խոսելու համար»,-ասել է նա:
Նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի ազգանվամբ հայտնի մոդելն այեւս Օհանյան է. «Փոխել եմ ազգանունս: Իսպանիայում եւ Իտալիայում հայտնի էի որպես Սկլենարիկովա, Ֆրանսիայում՝ որպես Կարեմբո, բայց նախընտրում եմ, որ ինձ պարզապես Ադրիանա դիմեն, ավելի ճիշտ՝ Ադրիանա ջան»,-նշել է նա: Զույգը նախատեսում է Հայաստան այցելել նաեւ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

 




Լրահոս