Եթե ինչ-որ կերպ փորձենք բնորոշել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած ժամանակը, ապա կարող ենք ասել, որ նա աչքի է ընկնում իր նախաձեռնություններն ավարտին չհասցնելու, կիսատ թողնելու սովորությամբ:
Այս կիսատությունն առկա է ինչպես քաղաքական գործընթացներում, Սարգսյանի նախաձեռնություններում, այնպես էլ կադրային քաղաքականություն վարելիս:
Անցած տարվա հունիսին պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու մասին:
Չնայած՝ այդ որոշումն անմիջական հենց Սերժ Սարգսյանը չէր ստորագրել, սակայն, կասկածից վեր էր, որ որոշումն առանց նրա համաձայնության չէր կայացվել: Սակագնի բարձրացման որոշմանը հաջորդեցին բողոքի ակցիաները, արդյունքում որոշումը փոխվեց, եւ ուժի մեջ մնացին տրանսպորտի նախկին սակագները. հարցի քննարկումը մի քանի ամսով հետաձգվեց: Մինչ օրս այս հարցի քննարկումը չի վերսկսվել, եւ խնդրին վերջնական լուծում չի տրվել:
Այս տարվա սկզբից ուժի մեջ մտավ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի Հայաստանում պետք է ներդրվեր պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը: Այս օրենքի դեմ հանրության շրջանում սկսված եւ ծավալված բողոքի ալիքը հանգեցրեց նրան, որ ՀՀ իշխանությունները փոխեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ պարտադիր կուտակայինը տարածելով միայն 1974 թվից հետո ծնված պետական հիմնարկների աշխատակիցների վրա, իսկ մասնավոր հիմնարկների աշխատակիցներին իրավունք տրվեց գրավոր հրաժարվել այդ համակարգից մինչեւ 2017 թվականի հուլիսը: Այս խնդիր էլ կիսատ լուծվեց:
ՀՀ իշխանությունները դեռեւս ամռանն ընդունել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքի մի փոփոխություն, ըստ որի բոլոր տնտեսավարողները իրենց գործունեությունը պետք է պարտադիր փատաթղթավորեն: Մանր եւ միջին ձեռներեցներն ու հատկապես մանրածախ առեւտրով զբաղվողները բողոքի ալիք բարձրացրեցին: Այսօր խորհրդարանում է գտնվում մի նախագիծ, որով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի` պարտադիր փաստաթղթավորումը մասնակի հետաձգել մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը:
Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 4-ին Սարգսյանը հայտարարեց, որ չնայած ինքը դեմ է Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված կառավարման` կիսանախագահական կարգը փոխելուն, բայց միեւնույն է՝ նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց: Այդ նպատակով նա հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը մշակեց եւ նրա հաստատմանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Մինչ այդ հայեցակարգը մշակվում էր, Հայաստանի որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություննեին: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն այդ թեմայով խոսեց եւ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեց: Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հաստատելով կամ մերժելով՝ Սերժ Սարգսյանը պետք է այս խնդրին կոնկրետ լուծում տար: Բայց այս անգամ էլ Սերժ Սարգսյանը խնդրին միանշանակ լուծում չտվեց եւ այն հետաձգեց մինչեւ 2015 թվականի փետրվար-մարտ ամիսները: Բացառված չէ, որ այդ ժամանակ էլ նա խնդրին լուծում չի տա, եւ կրկին այն կհետաձգի:
Վերը բերված շարքից բացի, թերեւս ավելի արտառոց է նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ավելի քան հինգ ամիս թափուր թողնելու փաստը: Եթե այդ պաշտոնն այդքան անիմաստ է, եթե անվտանգության խորհուրդը կարող է առանց քարտուղարի ամիսներ շարունակ գործել, ապա հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է այն ընդհանրապես սահմանվել, ինչո՞ւ պետք է այդ անիմաստ պաշտոնի համար հարկատուների միջոցները ծախսվեն:
Սրանք Սերժ Սարգսյանի հրապարակային կեսքայլերն են, բայց եղել են նաեւ ոչ հրապարակայինները, որոնց մասին՝ հաջորդիվ:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանը «մեծ կոմբինատոր» է, եւ նրա այս կիսատությունն ինչ-որ մարտավարական քայլ է, սակայն իրականում դա նրա թուլության ապացույցն է: Նա պարզապես ի վիճակի չէ իր հռչակած գործընթացներն ավարտին հասցնել եւ «պաուզաներով» փորձում է պատասխանատվությունից խուսափել` հուսալով, որ ժամանակն իրենը կանի եւ կլուծի խնդիրը կամ առնվազն կհուշի այն:
Վահագն Հովակիմյան