Ինչպես խաբվեց երեխային փրկած ոստիկանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է, թե ինչպես իր տանը հյուրընկալած եւ Կարեն Գենաշվիլու Օհանյանի հիվանդ երեխային կերակրած Աշոտ Մանուկյանը հայտնվեց ոստիկանությունում եւ հանուն փոքրիկ երեխայի փրկության` ստորագրեց սեփական մեղայականի տակ` խոստովանելով, որ ինքն է Կարենին թմրանյութ տվել:

«Ես դա արեցի, որ երեխային փրկեմ, որ նա չմնա ոստիկանությունում անօգնական: Սակայն հաջորդ պահին ես հասկացա, որ ծուղակ էր, եւ ես խաբված եմ: Փաստաբան պահանջեցի եւ հայտնեցի, որ ես առհասարակ ծխող չեմ, որ կապ չունեմ որեւէ թմրամիջոցի հետ եւ պատմեցի ողջ եղելությունը: Ես չէի կարող լսել երեխայի հեւոցն ու ճիչը, քանի որ լավ գիտեմ, թե ինչ սարսափելի ցավեր են դրանք. մայրս արդեն 35 տարի է, ինչ տառապում է այդ հիվանդությամբ (երեւանյան հիվանդություն), ում անգամ իրեն հասանելիք հաշմանդամության կարգը չեն տալիս: Տունս հոսանաքազրկված է, քանի որ մայրս հնարավորություն չունի վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը»,-կատարվածի դեմ անօգնական հուսահատությամբ լցված ասում է Աշոտ Մանուկյանը:

Նա դատապարտված է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ, ահա, Կարենն ազատության մեջ է: Մինչդեռ Աշոտ Մանուկյանի մասին հարեւանների բնութագիրը լրիվ այլ բան է փաստում. հարգալից, համեստ, աշխատասեր եւ հավասարակշռված անձնավորություն:

Ուշագրավն այն է, որ խուզարկությունն անցկացվել է տաքսու վարորդի ներկայությամբ, ով ինքն էլ փաստում է, որ Աշոտի մոտից թմրանյութ չի հայտնաբերվել: Իսկ Կարենի մոտի «թմրանյութ» կոչվածը ձեռք է բերվել հենց ճանապարհին, երբ Կարեն Օհանյանը վարորդին խնդրել է մեքենան կանգառել` բնական կարիքները հոգալու, եւ հենց այդտեղ էլ նկատել է կանեփի թուփը: Կարելի է մտարծել, որ այդտեղ քիչ դեր չեն խաղացել նաեւ Ինդիրա եւ Անահիտ ընկերուհիները, ովքեր քաջատեղյակ էին, որ Կարենն օգտագործում է թմրանյութ, ինչը նրա մոտ միշտ անպակաս է:

Հետեւաբար Կարենից հեշտ ազատվելու միջոցն արդեն կար, եւ, ըստ ամենայնի, ոստիկանների հետ համաձայնեցրած` իրագործվել է նախապես պլանավորած սցենարը: Իսկ Ինդիրա եւ Անահիտ ընկերուհիները, ինչպես տեղեկացանք հեռուստատեսությունից եւ Արմավիր քաղաքի բնակիչներից, գտնվում են ոստիկանության «հովանավության» տակ` որպես «գործակալներ»: Նշենք նաեւ, որ մտերիմ ոստիկանները նրանց տեղափոխել են մեկ այլ բնակարան վերը նշված սկանդալների եւ կրակոցների պատճառով… Ավելորդ չէ նաեւ հիշատակել, որ այս գործով երբեւէ վկաների առերեսում չի կատարվել, չեն առերեսվել նաեւ Աշոտ Մանուկյանն ու Կարեն Օհանյանը:

Քննիչ Դանիելյանը մերժել է միմյանց հետ առերեսում կատարելու Կարենի եւ Աշոտի պահանջը, ասելով, թե ժամանակ չկա, գործը կերկարի, եւ միանգամից այն ուղարկել է դատարան` նրանց ասելով, որ այդ ամենը պահանջեն դատարանից: Երբ վկաներին դատարանում հարցրել են, թե արդյո՞ք Աշոտը Կարենին թմրանյութ տվել է, վկաները միաբերան պատասխանել են, որ Աշոտին առհասարակ չեն տեսել եւ չեն ճանաչում: Այս ամենից հետո դատավոր Ադամյանն Աշոտ Մանուկյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Կարեն Օհանյանին ազատություն շնորհել:

Ի դեպ, Կարենն ամեն անգամ դատարան է ներկայացել իր ընտանիքի ողջ կազմով, ընդ որում, Աշոտի զոքանչից գումարներ է պահանջել` ասելով, որ հեռվից տաքսիով գալիս է հանուն Աշոտի (Վանաձոր-Արմավիր եւ հետադարձ): Այդուամենայնիվ, նա նշել էր, որ իր խղճին ծանրացել է Աշոտին անմեղ դատապարտելու հանգամանքը: Ստացվում է, որ հենց Աշոտի դեպքի համար է ասված`ոչ մի լավություն անպատիժ չի մնում:

Հ.Գ.: Այս ամենից հետո Աշոտն ու իր հարազատները դեռեւս չեն հուսալքվում. համոզված են, որ մեր հանրապետությունում կան իրենց աշխատանքին եւ մարդկային ճակատագրերին պատասխանատվությամբ եւ արդար մոտեցումով պետական պաշտոնյաներ` ոստիկանության աշխատակիցներ, դատավորներ եւ այլք, ովքեր իրավասու են մարդու ապագան որոշելու, իրավիճակները ճիշտ գնահատելու եւ վերլուծելու: Հուսով ենք` արդարությունն անպայման ի կատար կածվի հենց նման պաշտոնյաների շնորհիվ, իսկ իրավապահ մարմիններում աշխատող ապաշնորհ ոստիկաններն անպատիժ չեն մնա: Հոկտեմբերի 13-ին Աշոտ Մանուկյանը դիմել է վճռաբեկ դատարան` արդարությունը վերականգնելու միտումով:

Թերեզա Ասատրյան




Լրահոս