ՀԱՐՑ. Ողջունելի է այն հանգամանքը, որ մանկապարտեզներն արդեն անվճար են, բայց սա էլ իր հետեւանքներն ունի: Խմբերում երեխաների քանակը շատ է լինում, եւ հնարավոր է, որ բոլոր երեխաներին հավասարապես ուշադրություն չկարողանան դարձնել: Ուզում եմ իմանալ, թե ըստ կարգի՝ ամեն խմբում քանի երեխա պետք է լինի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը տեղեկացնում է, որ ըստ նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի խտության ու նորմատիվների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ն հրամանի՝ նախատեսվում է.
• մինչեւ 3 տարեկան տարիքային խմբերում՝ 15-20 երեխա,
• 3-6 տարեկան տարիքային խմբերում՝ 25-30 երեխա:
Նույն հրամանով սահմանված է, որ «եթե նախադպրոցական հաստատությունների տարիքային խմբերում երեխաների խտությունը կրկնակի գերազանցում է նախատեսված նորմատիվները, հիմնադրի կողմից կարող են լրացուցիչ հատկացվել դաստիարակի մեկ եւ դաստիարակի օգնականի կես հաստիքային միավորներ»:
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած թվերը կարող են «ուղեցույց» դառնալ բոլոր մանկապարտեզների համար: Ամեն ծնող, նշված թվերը գերազանցված տեսնելով, տվյալ մանկապարտեզի տնօրինությունից կարող է պահանջել, որ նոր խումբ բացվի: Մանկապարտեզ հաճախող երեխաների քանակի աճի մասին շատ է խոսվել, եւ այն պետք է որ նոր աշխատատեղերի ավելացման հնարավորություն ընձեռի՝ դրանով իսկ նաեւ կրճատելով գործազրկությունը: