Ես ձեր կողքին եմ մինչև վերջ. Գ. Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, ձեր խնդիրը, պրոբլեմը և, ամենակարևորը, գիտեմ դրանց լուծման ձևը»,-Ազատության հրապարակում այսպես սկսեց իր խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես խոսում եմ ի սրտե: 2009-ից, երբ ճգնաժամը սկսվեց, Ծառուկյանն ասում էր, որ անպայման պետք է թեթևացում, բայց որոշ մարդիկ լուրջ դեմքերով ասում էին, թե Ծառուկյանը չի տիրապետում», – նշեց նա, հավելելով, թե դրա հետևանքը եղավ այն, որ շատ կրպակներ փակվեցին, և մարդիկ մնացել են առանց աշխատանք:

«Ես գիտեմ, որ ժողովրդի 90 տոկոսը բանկի վարկի տակ է: Այսօր հարցը պետք է գործով լուծվի: Այսօր, ամենակարևորը, Ծառուկյանին որևէ դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել, Ծառուկյանն ամեն ինչ տեսել է. դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել: Ծառուկյանը մինչև վերջ իր գործն առաջ է տարել: Ես այսօր այստեղ եմ: Ճիշտ է՝ արդեն 8 տարի է, ինչ ասում են՝ Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը չի անի, նրա ինչին է պետք: Եվ իսկապես. ինչու եմ անդարդ գլուխս դրել ցավի տակ:  Բայց պետք է մեկը լինի, որ ոչ թե իր մասին մտածի, այլ՝ ազգի ու ժողովրդի», – հայտարարեց նա:

Նա նշեց, թե չկա մի բան, որ ինքը խոստացել է և չի արել: «Այսօր հաղթանակը մերն է, որոշողը ժողովուրդն է: Իհարկե, կա մասսա, որ այսօր մեր կողքին չէ, բայց վաղը կլինի: Այսօր ժողովուրդը ծանրագույն վիճակում է: Մարդկանց համար հնարավարություն ու պայման պետք է ստեղծվի, բայց դրա համար մարդիկ պետք է միասնական լինեն: Երբ որ դուք միասնական, մի մարդու պես իրար կողք լինեք, ապա ինչ քայլ կատարել ենք, անմիջապես լուծելի է», – ընդգծեց նա:

Գ. Ծառուկյանի խոսքով՝ ուժը ժողովրդի մեջ է, և ոչ մեկ նրանց չի կարող բան անել: «Մենք եռյակով պետք է միասնական լինենք: Անհատական գործողություններ չպետք է լինեն: Մենք գործը սկսել ենք, պետք է ավարտենք: Ես ուզում եմ ասել, որ ես ձեր կողքին եմ մինչև վերջ, մինչև խնդիրների լուծումը», – վստահեցրեց նա:




Լրահոս