Ր. Հովհաննիսյանը հարգում է Տեր-Պետրոսյանին, բայց տարաձայնություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ եղեռնի 100-ամյակից 6 ամիս առաջ մենք հավաքվել ենք այստեղ, և սա ձեր պահանջն է: Եթե այս հարթակում տարաձայնություններ լինեն, դուք պիտի պահանջեք, որ մենք միասին լինենք:  Այս մասին ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ով ինչ ուզում է, թող ասի՝ Լևոն, Գագիկ կամ մեկ այլ անուն, սակայն մեզ միացնողը մեկ անուն է՝ Հայաստան: Իսկ ամենակարևորն այն է, որ դուք եք այստեղ, այլ ոչ թե մենք՝ առաջնորդներ»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ հայ հասարակությանը պետք է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգի, քաղաքացու: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական ու իրավական»,- ասաց Հովհաննիսյանն ու անդրադարձավ նաև «եռյակի» միջև եղած տարաձայնություններին:

Նա նշեց, որ ինքը հարգում է Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, եթե անգամ նրա հետ որոշ հարցերում համաձայն չէ:

«Դուք գիտեք մեր տեսակետը: Ես չեմ խորացնի, ուղղակի կրկնեմ, որ մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, մենք դեմ ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, և կարծում ենք, որ Սերժ Սարգսյանն իր առ ոչինչ ստորագրությամբ տանում է սխալ ուղիով»,- ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ դա չի խանգարում «եռյակի» միասնական պահանջին:

«Չնայած մեր անցած տարաձայնություններին՝ մենք կոչ ենք անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին միավորվել՝ մեր երկիրը փրկելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ես թարմացնում եմ իմ` անցյալ տարի արած առաջարկն այն մասին, որ պետք է գալ քաղաքական համաձայնության, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու ամբողջ իշխանությունը պետք է հրաժարական տան, և մինչև Ապրիլի 24 կազմակերպվեն արդար ընտրություններ»,- ասաց Հովհաննիսյանը:




Լրահոս