Սերժ Սարգսյանը դեմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ձերբակալմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: «Վիկիլիքսի» ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումները: Հատկանշական է, որ Բրայզան Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է նաեւ երկրորդ անգամ, որի ընթացքում Սարգսյանն ուշագրավ մեսիջներ է փոխանցել ընդդիմությանը: Հետաքրքիր ընթացք է ունեցել նաեւ Քոչարյանի հետ զրույցը. վերջինս մարտի 1-ին տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

Այսպես՝ Բրայզայի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը ցավով է արտահայտվել մարտի 1-2-ին իր կառավարության իրականացրած գործողությունների մասին՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ չխնայելով Տեր-Պետրոսյանի հասցեին: Նա նկատել է, որ ողջ մեղավորությունն անձամբ Տեր-Պետրոսյանի վրա է, եւ հատկապես շեշտել է մարտի 1-ին տեղի ունեցած գործողությունները, որ «գծագրվել ու պլանավորվել են Տեր-Պետրոսյանի թիմի կողմից»: Քոչարյանի պնդմամբ՝ ցուցարարների թիվը եղել է ոչ ավելի, քան 10-11 հազար: Ըստ էության, Քոչարյանն այս հանգամանքով փորձել է արդարացնել իր ծավալած բռնությունները: Այդուհանդերձ, եթե անգամ հրապարակում 10-11 հազար մարդ հավաքված լիներ, իշխանությունը ոչ մի իրավունք չուներ դիմահար կրակ արձակելու հրահանգ տալ: Ավելին՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել ձերբակալել ու պատժել բոլոր մեղավորներին: Հետաքրքիր է, որ Բրայզան անմիջապես հակադարձել է Քոչարյանին՝ նկատելով, որ իր տպավորությամբ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի հեղինակությունը նվազեցնելու համար, ով հայությանն ու միջազգային հանրությանը համոզելու կարիք ունի այլեւս:

Փենինգտոնն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես հստակեցրել է, թե իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ինքը վերցնում է իր վրա, եւ եթե որեւէ մեղադրելու բան կա, ապա թող հե՛նց իրեն մեղադրեն: Հարկ է արձանագրել, որ Քոչարյանն այս խոսքերով ցույց է տվել, թե ով է իրականում կանգնած իրավիճակի սրելու թիկունքում: Ավելին՝ այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել նաեւ Մարտի 1-ի սպանությունների համար, քանզի, ըստ նրա, միայն իրեն պետք է մեղադրել: Ըստ այդմ, սույն փաստաթուղթը կարող է համարվել Քոչարյանի՝ մարտի 1-ի առնչությամբ տված առաջին ցուցմունքը: Բրայզան հայտնել է իր տեսակետը, թե Հայաստանի իշխանության կողմից նման գործողությունների շարունակականությունն է՛լ ավելի է մեծացնելու լարվածությունը: Ի պատասխան` Քոչարյանն իր անհամաձայնությունն է արտահայտել՝ պնդելով, որ եթե կառավարությունն ամուր մնա իր դիրքերում, ապա ընդդիմությունը շուտով կնահանջի:

Երկօրյա այցի ընթացքում Բրայզան Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է երկրորդ անգամ՝ առանձնազրույց ունենալով նրա հետ: Փենինգտոնը տեղեկացնում է, որ այս անգամ Սարգսյանն ավելի հանգիստ է եղել: Վերջինս նկատել է, որ կա՛մ արտակարգ դրությունը, կա՛մ էլ ցույցերի արգելանքի քաղաքականությունը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Տեր-Պետրոսյանը չի դադարեցնի փողոցային պայքարն առնվազն մինչեւ իր երդմնակալության արարողությունը: Նման համաձայնության դեպքում Սերժ Սրագսյանը խոստացել է վերացնել լրատվական շրջափակումը, չեղյալ հայտարարել արտակարգ դրությունն ու բանակցել ընդդիմության հետ: Այսպիսով` Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է պատասխանատվություն վերցրել լրատվական համատարած շրջափակման, արտակարգ դրության հաստատման եւ ընդդիմության հետ երկխոսության ձախողման համար:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանին պատասխանատվության կանչելու խնդրին՝ Սարգսյանն իր հստակ անհամաձայնությունն է արտահայտել՝ նկատելով, որ դա աղետ է լինելու Հայաստանի համար: Նա նկատել է, որ Տեր-Պետրոսյանին ձերբակալելն այն միակ հարցն է, որին ինքը կընդդիմանա Քոչարյանի առաջ: Բրայզան «ազդված» Սարգսյանի մոտեցմամբ` նրան խորհուրդ է տվել դառնալ համազգային առաջնորդ, մերձենալ քաղաքացիական հասարակությանը, դադարեցնել քաղաքական հակառակորդների ձերբակալությունները, վերականգնել լրատվական ազատությունները եւ իրավական հետաքննություն սկսել նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են ընտրական խախտումներին ու կեղծարարություններին: Սարգսյանը խոստացել է, որ իր միակ խնդիրն է լինելու մեղավորներին պատժելը, թեպետ, ինչպես տեսանք, իրականում նա պատժեց միայն իր դեմ ըմբոստացողներին:

Ս. Սարգսյանի կարծիքով ժողովուրդը հիմնականում դժգոհում էր իշխանություններից, քան աջակցում Տեր-Պետրոսյանին: Նա նաեւ ընդգծել է, թե ինքը շատ լավ է հասկանում, որ Քոչարյանը մեծ վնաս է հասցրել իր լեգիտիմությանը: Մարտի 1-ի արունալի իրադարձությունների գնով նախագահի աթոռին տիրացած Սարգսյանը պնդել է, թե ինքը ձգտում է քաղաքացիական հասարակություն կառուցել իր եղանակով: Ամփոփելով նկատենք, որ այսօր արդեն ականատեսն ենք, թե ինչպիսի քաղաքացիական հասարակություն է կառուցել Սերժ Սարգսյանը` աղքատ, ենթարկվող, հարստահարվող:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս