Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեռեւս հակված չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի 42 միլիոնանոց հայցը բավարարել:
Այս տարվա փետրվարի 27-ին նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան՝ իր դեմ մահափորձի գործով երեք ամբաստանյալներ Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Էպոսագետ Վարդան Սեդրակյանից 42 մլն դրամ բռնագանձելու հիմքով: Ըստ Հայրիկյանի՝ մահափորձի հետեւանքով իր առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում պետք է արվի: Ի դեպ, Հայրիկյանը դատարանին հայտնել է, որ գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, ինչպես նաեւ՝ հետագա հնարավոր բուժման ծախսերի վրա, որի կարիքը նա ունի:
Երեկ դատարանում պետք է հրապարակվեր շուրջ 8 ամիս քննվող գործի վճիռը, եւ հստակեցվեր՝ արդյո՞ք Պարույր Հայրիկյանին «հասնում էր» պահանջված 42 միլիոն դրամը, թե ոչ: Սակայն գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց նորից սկսել գործի քննությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով գործի քննության վերսկսման փաստին, ասաց. «Այդ գործով ես չեմ հետաքրքրվում: Կա փաստաբան, եւ ես նրան վստահում եմ: Ինձ չի մտահոգում, թե ինչու է դատավորը որոշել նորից գործի քննությունը սկսել»:
Հավելենք, որ մինչ այս գործով քննությունը շարունակվում է, ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի հարազատներն արդեն հայտարարել են, որ իրենք ոչ մի բան չունեն տալու Հայրիկյանին, իսկ, ահա, Վարդան Սեդրակյանի կինը դեռեւս սպասում է վճռին, որից հետո կիմանա իր անելիքները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ. մարտի 28-ին Հայրիկյանի բուժման նպատակով նրան հատկացրել էր 20,5 մլն դրամ (մոտ 50.000 դոլար): Ինչը, ըստ էության, ԱԻՄ առաջնորդին չի բավարարել: Նա ամբաստանյալներից էլ է ցանկանում «քամել»:
Քնար Մանուկյան