Երեկ` երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն իր յուրայինների հետ քննարկել է ապագա կառավարության հարցը և ինչ-որ որոշումներ կայացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` այսօր` ցերեկը, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո` երեկոյան, Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ կքննարկի կուսակցության համամասնական ընտրացուցակի և կառավարության անդամների հարցը: Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ կառավարության կազմում առանձնապես լուրջ փոփոխություններ չեն լինելու: Ու չնայած տարաբնույթ խոսակցություններին` Հայաստանում առաջիկա օրերին կձևավորվի իշխող կոալիցիան, բայց կունենա այլ անվանում` կոալիցիոն համաձայնագիր: Երեկ նախագահականում քննարկված տեքստի համաձայն` ամեն կուսակցություն պատասխանատվություն է կրելու իր ղեկավարած ոլորտի համար: Սրանով ՀՀԿ-ն կհեշտացնի իր գործը, իսկ ԲՀԿ-ն կփորձի փրկել դեմքը` հայտարարելով, թե ձևական կոալիցիա չի կազմել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են ՀՀ ապագա կառավարության կազմը, կոալիցիոն համաձայնագրի տեքստը: Որպես պլան «բ»` քննարկվել է նաև կոալիցիա չկազմելու դեպքում ձևավորվելիք կառավարության կազմը, ինչը քիչ հավանական է, որ իրականություն դառնա: Քանի որ ԲՀԿ-ի ներսում արմատացած կարծիք կա, որ պետք չէ ձևական կոալիցիա կազմել, որպես «ոսկե միջին» տարբերակ` որոշվել է, որ կոալիցիոն հուշագիր չստորագրվի, այլ լինի համաձայնագիր, որտեղ ֆիքսված կլինի, թե ով որ ոլորտն է ղեկավարում և ինչի համար է պատասխանատու: Ըստ համաձայնագրի նախնական տարբերակի` ՕԵԿ-ն ունենալու է երկու նախարարություն` ՀՀ արտակարգ իրավիճակների ու գյուղատնտեսության, և մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետների պորտֆելներ: ԲՀԿ-ին 4-ի փոխարեն տրվելու են 5 նախարարական և 3 մարզպետի պորտֆելներ. ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության, սպորտի և երիտասարդության ու մշակույթի նախարարությունները: Վայոց ձորում կշարունակի պաշտոնավարել Սերգեյ Բագրատյանը, Կոտայքում, ըստ թերթի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, իսկ Գեղարքունիքի հարցը դեռ լուծված չէ: Մնացած նախարարությունները ղեկավարելու են ՀՀԿ-ականները` մի երկու պորտֆել էլ բաժին հանելով անկուսակցականների:
Թերթը նշում է, որ անկախ նրանից` կլինի կոալիցիոն համաձայնագիր, թե ոչ, ՀՀ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, որը պատրաստվում է իրականացնել մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Ծրագրի համաձայն` առանձնանալու են հարկային և մաքսային ծառայությունները: Առանձնանալու են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պարտականությունները (փոխվարչապետի հարցը վերջնականապես լուծված չէ): Ըստ նախնական տարբերակի`Հայաստանում ձևավորվելու է մի նոր նախարարություն` ներքին գործերի, որը պիտի գործի ոստիկանության կազմից դուրս` իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե ստացվի, այս պաշտոնը կտրվի Արմեն Երիցյանին: Ըստ նախնական տարբերակի` հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն`
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր ԳասպարյանըՀՀ գլխավոր դատախազ Աղվան ՀովսեփյանըՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
ՀՀ էներգետիկայի ևը բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Իսկ ՀՀԿ ընտրացուցակի ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցանկը դեռ ամբողջական չէ: Այն քննարկման կներկայացվի այսօր` ժամը 20:00-ին` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: Ի դեպ, կառավարության ամբողջական ցանկը ևս կքննարկվի այսօր: