Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, զրուցել է զինաձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է նրանց պարտականությունների և մարտավարամասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, ինչպես նաև ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը: Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասի հիմնավոր վերակառուցման աշխատանքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Ելույթ ունենալով շարահրապարակում շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ` պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների պահպանությունն ստանձնող յուրանքանչյուր զինծառայող:
Սեյրան Օհանյանը զինծառայողներին է ներկայացրել նաև զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել է հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած ագրեսիվ ու մտացածին քաղաքականության մասին:
Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: