Վերջերս Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում մի տատիկ իր թոռանը պատվիրել է անցյալ տարվա հոնի մուրաբան ուտելուց հետո հոնի կորիզները չշպրտել, այլ հավաքել: Տատիկն այդ կորիզներից, այլ մրգերի սպիրտից «հոնի օղի է սարքում»: Հոնի կորիզները պետք է մրգերից թորված տնական օղուն հոնի համ տան՝ խաբելով անտեղյակ գնորդներին: Ներկայումս Տավուշի մարզում հոնի տնական օղու լիտրը վաճառվում է 5 հազար դրամով:
2014թ. սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզ կատարած իր այցի ավարտին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանում, որտեղ գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանն ասել է, թե այս տարի իրենց մոտ մթերել են ծիրան եւ հոն, որից օղի են թորել: Տավուշի մարզում ծիրանենիները քիչ են, իսկ այս տարվա գարնանը ցրտահարությունից գրեթե ամբողջությամբ ոչնչացավ հոնի եւ ծիրանի բերքը:
Դիմեցինք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կոնյակի արտադրության գծով փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանին՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք մթերել ծիրանի եւ հոնի բերք, երբ այն մարզում բացակայում է: Նա ասաց, որ իրենք ծիրան մթերել են ոչ թե Տավուշի մարզից, այլ Արարատյան դաշտից: Գ. Աղաբաբյանի խոսքերով` իրենք պատվիրատուների հետ պայմանագիր ունեն հոնի օղի մատակարարելու վերաբերյալ, ուստի Աչաջուր գյուղից կիլոգրամը 450 դրամով հոն են մթերել, որից օղի են թորել, մուրաբա եւ կոմպոտ պատրաստել:
Փոխտնօրենը նշեց, որ իրենք Իջեւանի տարածաշրջանից 60 կգ հոն են մթերել` կիլոգրամը 600 դրամով: Նշենք, որ անցյալ տարի Իջեւանի տարածաշրջանի բնակիչները հոնը մթերողներին հանձնել են կիլոգրամը 150-170 դրամով: Տավուշի մարզի անտառամերձ համայնքների շատ բնակիչների համար անտառում հոն հավաքելը, դրանք մթերող անձանց կամ կազմակերպություններին վաճառելը ընտանեկան կարիքները հոգալու միջոց է:
Ոսկան Սարգսյան