Երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ով առավել մեծ ճանաչում ստացավ իր հեղինակած երաժշտական պոեմի շնորհիվ, որի հիման վրա ստեղծվեց «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրաման, այս աշուն մեկնել է Բելգիա՝ այնտեղ ուսում ստանալու եւ աշխատելու նպատակով: Երաժիշտը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր գրանցած հաջողությունների ու մտորումների մասին:
Համաշխարհային ասպարեզում կարիերան ամրապնդելու քայլեր:
-Բելգիա մեկնելուս նպատակը միայն ուսումս շարունակելը չէր, քանի որ, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր ստեղծագործող ուսմանը զուգահեռ պետք է փորձ ձեռք բերի եւ հանրությանը ներկայանալու հնարավորություններ փնտրի: Այստեղ պատրաստվում եմ ներկայացնել իմ ստեղծագործությունները եւ համաշխարհային կարիերայում քայլերս ամրապնդելու փորձեր եմ անում:
«Ղեկավարելու եմ Մուսորգսկի տեղական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը»
-Բելգիայում հաճախ դժվարանում եմ ծրագրեր կազմելու հարցում: Դրանք շատ-շատ են: Այստեղ ես մի քանի բան ստիպված եմ միաժամանակ անել, կենտրոնանալն ամենակարեւոր սկզբունքներից մեկն է դարձել: Արդյունքում ծնվում են նոր ամբիցիոզ մտքեր. դա հրաշալի է… Մի քանի օրից ղեկավարելու եմ Մուսորգսկի տեղական երիտասարդական նվագախումբը (Leuven La Neuve youth symphonic orchestra):
«Հայաստանում դեռ չի հնչել իմ «Երկրորդ սիմֆոնիան»»
Արդեն ունեմ հանրությանը ներկայացնելու մի քանի նոր գործեր, բայց դեռեւս չեմ շտապում դա իրականացնել: Այս տարվա համար, կարծում եմ, բավական էին «ՊԻԿ» նախագծի աշխատանքները: Խոսքը, մասնավորապես, «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մասին է: Բացի այդ, ինձ համար կարեւորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում դեռ չի հնչել իմ «Երկրորդ սիմֆոնիան», որը հաղթող էր ճանաչվել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում:
«Կուզենայի՝ երեւանցին արժեւորեր այն, ինչ ունի»
Կուզենայի՝ երեւանցին արժեւորեր այն, ինչ ունեցել է եւ ունի, սպասեր ու գնահատեր այն, ինչ ունենալու է, լինի դա երաժշտական ստեղծագործություն, ճարտարապետական կառույց, մշակութային իրադարձություն կամ՝ թատերական որեւէ ներկայացում:
Աննա Բաբաջանյան