ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի ելույթը «եռյակի» հանրահավաքին՝ ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:
Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն: Ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքական ոլորտում:
Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի՛ է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով:
Դուք համաձա՞յն եք իշխանության նման քայլերի հետ:
Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստա՛կ արտահայտի: Մենք` երեք քաղաքական ուժերս, գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք.
Ես, որպես ԲՀԿ նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը:
Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:
Սիրելի՛ հայրենակիցներ
Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած:
Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է` մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը և իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք չանում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը և ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը:
Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարևոր է մեծացնել համաժողովրդական համախմբման ծավալը: Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում. սա բոլորի՛ս գործն է:
Լուրջ անելիք ունի նաև սփյուռքը: Պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի քաղաքական և տնտեսական հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում: Ես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին և հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի՛ ձեր կարիքը: Միասի՛ն ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմներ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:
Հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը:
Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել. Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք:
Եվ երկրորդ` անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված և աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որևէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի և անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը:
Սիրելի հայրենակիցներ
Որևէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ Հոկտեմբերի տասից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:
Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, և որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու:
Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարևոր որոշման մասին.
Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձևավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դրանք դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական և քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարևորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը:
Մենք պարտավոր ենք այս նոր ձևավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպչական լուծումներ:
Սիրելի հայրենակիցներ
Մենք շատ ժամանակ չունենք:
Անհրաժեշտ են այս խոր, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր.
Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից, և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի և ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:
Իսկ մինչ այդ, հաշվի առնելով ժողովրդի օրհասական վիճակը և գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջը` ռացիոնալ քննարկումների դաշտում, հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները:
Սա՛ է այս իրավիճակից դուրս գալու գրագետ , օպտիմալ ճանապարհը:
Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ:
Մեր գործն արդար է. Աստված մեզ բոլորիս պահապան»: