Իջևանցիների «Լաչինի միջանցքի» հարցի լուծումը` տարակարծության պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի շուկան գտնվում է Տավուշի մարզկենտրոնի «սրտում»՝ միջպետական ավտոճանապարհի եզրին: Այդ տարածքը Իջեւանում գործող մի քանի տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիստների կայանատեղին է: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի ձախ եզրին՝ Իջեւանի շուկային կից գոտում, մշտապես երկու շարքով կայանում են գյուղատնտեսական մթերքներ շուկա բերած գյուղացիների եւ մթերքներ վերավաճառողների ավտոմեքենաները: Իսկ ճանապարհի աջ եզրին էլ տաքսիներն են կայանում: Դրա հետեւանքով այդ հատվածում ամեն օր ավտոմեքենաների մեծ քանակություն է կուտակվում, եւ հաճախ խցանումներ են առաջանում: Իջեւանցիները կատակով տարածքը «Լաչինի միջանցք» են անվանում՝ ասելով, որ նա, ով առանց պատահարների հաղթահարել է գերբեռնված այդ հատվածը, առանց քննության կարող է վարորդական իրավունքի վկայական ստանալ: Տարիներ շարունակ Իջեւանի շուկայի մոտ ճանապարհային երթեւեկության անվտանգության, այդ հատվածում հետիոտների անվտանգ անցման հիմնախնդիրն առկա է եղել, սակայն դրա լուծման ուղղությամբ ոչինչ չի արվել:

Ներկայումս նշված հատվածում սկսվել է միջպետական ճանապարհը բետոնյա հենապատով անջատելու գործընթաց: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ այդ աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի շրջանակներում: 6 մետր լայնությամբ հենապատը ճանապարհը կանջատի դրա եզրին կայանող տաքսիներից եւ Իջեւանի շուկա գյուղմթերքներ ներկրող ավտոմեքենաներից: Իջեւանի շուկայի դիմացի մայթին բազմաթիվ են մսի, այլ սննդի վաճառքի կրպակները, քաղաքի տաքսիները: Դրանց տերերը «Ժողովուրդ»-ին ասացին, որ ճանապարհը հենապատով արգելափակող ծրագիրն իրենց զրկելու է գնորդներից, արդյունքում՝ օրվա հանապազօրյա հացից:

Նկատենք, որ Տավուշի մարզի, Իջեւանի շատ բնակիչներ էլ ողջունում են ճանապարհը երիզող հենապատի տեղադրումը, թեեւ նշում են, որ ավտոճանապարհը երկու կողմից բետոնյա պատով անջատելը չի նվազեցնելու այդ հատվածում կատարվող առեւտրի ծավալը. միս, գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ գնողներն իրենց ավտոմեքենաները շուկայից քիչ հեռու կայանելով՝ սովորականի պես կատարելու են իրենց գնումները: Նշենք, որ ներկայումս Ճանապարհը եզրափակող բետոնյա պատնեշի միայն մի մասն է տեղադրվել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս