Հրազդանի կիրճ տանող թունելը վերածվել է հասարակական զուգարանի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնամյակներ շարունակ Հրազդանի կիրճում գտնվող Երեւանի մանկական երկաթուղին եղել է ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների սիրված հանգստի վայրերից մեկը: Այստեղ բազմաթիվ սերունդներ են իրենց մանկության տարիներն անցկացրել: Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված էր ուղիղ կապը կիրճի հետ` գլխավոր պողոտայի վերջնամասում գտնվող թունելի միջոցով: Քաղաքը բնության հետ կապող նման հնարավորությունը, մասնագետների հավաստմամբ, հազվադեպ երեւույթ է, եւ Ալ. Թամանյանի հանճարի դրսեւորումներից մեկը: Ներկայումս, սակայն, այդ թունելը մատնված է անտարբերության եւ որոշ հատվածներում պարզապես վերածվել է աղբանոցի:

Դեռ Արամի փողոցի կողմից քանդված սալիկներով սկսվող թունելի մետաղյա հենապատերն անձրեւի պատճառով այնքան են խոնավացել, որ ճկռել են ու քանդվել, եւ թունելով քայլելիս թվում է, թե այն շուտով փլվելու է: Բացի այս՝ թունելի մեջ այնպիսի գարշահոտություն է տիրում, որ թվում է, թե դա ոչ թե թունել է, այլ հասարակական զուգարան: Էլ չասած այն մասին, որ թունելը լուսավորված է մասնակի, իսկ տեղ-տեղ էլ պարզապես խավար է: Որն է պատճառը, գուցե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնայո՞ւմ է թունելի լուսավորմանը հատկացվող էլեկտրաէներգիան: Չի բացառվում, որ հենց լուսավորության բացակայության պատճառով էլ ոմանք թունելը վերածել են հասարակական զուգարանի:

Մինչդեռ այդ թունելը նախատեսված էր Երեւանի կենտրոնը ուղիղ կապով Հրազդանի կիրճին կապելու եւ երեւանցիներին ոտքով Հրազդանի կիրճ դուրս գալու եւ բնության ստեղծած հրաշալի լանդշաֆտից օգտվելու համար: Իսկ այդ հատվածում ստեղծված Մանկական երկաթուղու զբոսայգին էլ, ինչպես արդեն կարելի է հասկանալ անվանումից, մանուկների հանգստյան գոտի էր: Ինչը նշանակում է, որ քաղաքային իշխանությունները պետք է հոգ տանեին այդ հատվածում հանրային զուգարան տեղադրելու մասին: Այնինչ` քաղաքապետարանի աշխատակիցներն այդ տարածքում անգամ աղբամանների խնդիրը չեն լուծել:

Այս ամենից բացի՝ Արամի փողոցի վերջնամասում գտնվող այգում, որտեղից սկսվում է թունելը, բետոնե սալիկներն ամբողջովին քանդված են, եւ անցորդները կարող են լրջորեն վնասել իրենց ոտքերը: Գլխավոր պողոտայի այս հատվածի այգին նույնպես այսօր վերածված է աղբանոցի, տեղ-տեղ էլ` հարեւանությամբ կառուցվող էլիտար շենքերի շինհրապարակի, որտեղ տեղադրված է այդ շենքերի կառուցման շինտեխնիկան: Տխուր տեսարան է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

hrazdani kirj

hrazdani kirj2

hrazdani kirj3

hrazdani kirj4

hrazdani kirj5

hrazdani kirj7

hrazdani kirj9

hrazdani kirj10

hrazdani kirj11

hrazdani kirj12

hrazdani kirj13

 




Լրահոս