«Հրապարակ» թերթը գրում է. ««Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն իր կարճատեւ պայքարի ընթացքում հասել է որոշակի հաջողությունների: Ճիշտ է` թեպետ նրանց դեռ չի հաջողվել հասնել երթուղայինի գինն անփոփոխ թողնելուն (70 դրամի փոխարեն քաղաքացիներն այժմ վճարում են 100 դրամ), բայց հասել են նրան, որ բանակցություններ են տարվում սակագինը վերանայվելու ուղղությամբ: Նախաձեռնության ներսում կարեւոր արդյունք են համարում նաեւ այն, որ իշխանություններն աննախադեպ դաս ստացան հասարակության կողմից, բացի այդ, Արցախում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է պայքարել սեփական իրավունքների համար, եւ իշխանությունները պետք է հասկանան, որ այլեւս հնարավոր չի լինելու առանց լայն հանրային քննարկումների ծածուկ որոշումներ կայացնել կարեւոր հարցերի շուրջ: Նախաձեռնության անդամների խոսքով, այսպիսի հարցերում իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ժողովրդի հետ: «Քննարկվել են փոխհատուցման մի շարք տարբերակներ՝ իրենց ռիսկերով ու առավելություններով հանդերձ, նախարարը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքները, եւ պայմանավորվեցինք շարունակել ուսումնասիրությունները՝ դրանք վերջնականացնելու նպատակով»,- ասաց Մարինեն՝ ավելացնելով, որ պայքարը կշարունակեն մինչեւ վերջ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: