«Փարքինգ սիթի սերվիս»-ը թալանո՞ւմ է բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի բնակիչների շրջանում համոզմունք կա, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը թալանում է վարորդներին: Ավելին՝ Երեւանում այսօր շատ են այն փողոցները, որտեղ ե՛ւ կարմիր գծեր կան, ե՛ւ ավտոկայանատեղիի աշխատակիցներ: Արդյունքում վարորդները ստիպված վճարում են ե՛ւ կարգավարներին, ե՛ւ կարմիր գծերի համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Երեւանի փողոցներում ե՛ւ կարմիր գծեր կան, ե՛ւ ավտոկայանատեղիի աշխատակիցներ, ովքեր վարորդներից գումար են վերցնում: Արդյունքում վարորդները ստիպված են լինում վճարել ե՛ւ Ձեր ընկերությանը, ե՛ւ կայանատեղիներում կանգնած կարգավարներին: Դո՞ւք եք ուղարկել նրանց:

-Ավտոկայանատեղիի աշխատակիցների հետ «Փարքինգ սիթի սերվիս»-ը բացարձակ կապ չունի: Ասեմ ավելին՝ մեր ընկերությունը ոչ մի իրավական հիմք չունի այդ աշխատակցին տուգանելու կամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ օրենսդրությամբ նմանատիպ գործունեությունը կանխելու ու ինչ-որ միջոցներ ձեռնարկելու համար պետք է լինի վարչական մարմին, ով կզբաղվի դրանով: Այդ մարմինը ՀՀ ոստիկանությունն է: Իսկ Ձեր ասածը «Փարքինգ սիթի սերվիս»-ի իրավասությունից դուրս է:

-Դուք տեղյա՞կ եք, որ մայրաքաղաքում, օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառի դիմաց, «Կակտուս» սրճարանի, «Երեւանի ոսկու շուկայի» մոտ կան ե՛ւ կարգավարներ, ե՛ւ կարմիր գծեր: Ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում:

-Մենք բազմիցս նամակներով, գրություններով դիմել ենք ՀՀ ոստիկանությանը: Ինչ որ մեր իրավասությունների շրջանակում է, մենք դա անում ենք: Բայց այն, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը գնա կարգավարներին տուգանի կամ արգելի նման վայրերում կանգնել, նման իրավասություն ընկերությունը չունի: Իսկ եթե ընկերությանը նման հնարավորություն տրամադրեն, ապա միանշանակ, մենք դա կանենք, բայց դա օրենսդրությանը կհակասի: Երեւանի քաղաքապետարանի կողմից կան օրենքով սահմանված, ընտրված ծառայողական կանգառներ, որտեղ համաձայն ավագանու որոշման՝ կարող են կարգավարների միջոցով սահմանափակել կանգառ ցանկացող տրանսպորտային միջոցների մուտքը: Այսինքն՝ իրենք պետք է որոշեն, թե ով իրավունք ունի կանգնելու այդտեղ: Բայց նմանատիպ դեպքերում էլ նույնիսկ տվյալ կարգավարներն իրավունք չունեն գումար վերցնելու վարորդներից: Իսկ «Կակտուս» սրճարանին ծառայողական ավտոկայանատեղի տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը՝ համաձայն ավագանու որոշման: Եւ նա, համաձայն այդ որոշման, իրավունք ունի կարգավար պահելու, բայց վերջինս գումար գանձելու իրավունք չունի: Նմանատիպ ծառայողական ավտոկայանատեղիների հետ մեր ընկերությունն ընդհանրապես առնչություն չունի:

-Պարո՛ն Հարությունյան, հասարակության շրջանում ընկալում կա, որ Դուք զբաղված եք մարդկանց թալանելով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ես կխնդրեի նմանատիպ կարծիք արտահայտողներին ուշադիր լինել իրենց ասածներին, քանի որ չեմ կարծում, որ կա ինչ-որ մեկը, ով «Փարքինգ սիթի սերվիս»-ին գումար է տալիս: Հիմա բոլորն էլ կարող են իրենց կարծիքն արտահայտել, բայց դա ոչ միշտ է իրականությանը համապատասխանում:

-Իսկ ե՞րբ եք պատրաստվում քննարկել եւ լուծել մեքենաների անվտանգության հարցը: Չէ՞ որ մեքենան կայանելու համար վարորդները գումար են վճարում` չունենալով դրա անվտանգության ապահովման որեւէ երաշխիք: Ընդհանրապես` ին՞չ ծառայություն է մատուցում Ձեր ընկերությունը:

-Ճիշտ է՝ «Փարքինգ սիթի սերվիս»-ը չունի նման պարտավորություն, բայց ընկերությունը տրամադրում է ապացույց՝ պատահարի հետ կապված տեսաձայնագրություն: Եւ այսօր նման փորձը գործում է, կա սահմանված կարգ, ժամկետ, որի համաձայն ցանկացած քաղաքացի պատահարի հետ կապված կարող է դիմել Երեւանի քաղաքապետարան: Իսկ վերջինս ընկերությանը կարգադրում է տրամադրել տվյալ ձայնագրությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ նմանատիպ դեպքերն օրական մի քանի տասնյակի են հասնում: Եւ յուրաքանչյուր պատահար, վնասվածք բացահայտվում է: Անվտանգության հարցը փոխհատուցման մասով ֆիզիկապես մեզ վրա չենք վերցրել, որովհետեւ ամբողջ աշխարհում նմանատիպ պրակտիկա չկա:

-Շատերը պնդում են, որ Ձեր ընկերությունը գրասենյակ չունի: Ավելին՝ օրեր է տեւում, մինչեւ վարորդները կարողանում են կապ հաստատել ընկերության որեւէ աշխատակցի հետ: Բացի այս՝ քաղաքացիները դժգոհում են նաեւ, որ երբեմն տուգանքը վճարելիս բանկը վարորդին ուղղորդում է դեպի Երեւանի քաղաքապետարան:

-Մենք գրասենյակ ունենք, եւ համապատասխան գրասենյակում էլ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը: Առաջին անգամ եմ նման բան լսում: Մեր զանգերի սպասարկման կենտրոնն ամեն կերպ աջակցում է վարորդներին եւ ցանկացած բողոքի կամ առաջարկության դեպքում առաջին հերթին հայտնում է տնօրինությանը: Նմանատիպ խնդրի առաջ չենք կանգնել կամ նման ահազանգ դեռ չի հնչել: Վճարման մեթոդները տարբեր են: Գրեթե յուրաքանչյուր տեղ կարող ես ավտոկայանատեղիի տուրքը վճարել: Բանկը վարորդին չի կարող ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Դա բանկերի հիմնական գործառույթն է: Այնպես որ, չեմ կարծում, որ ինչ-որ բանկ հրաժարվի իր գործառույթից ու քաղաքացուն ուղարկի այլ ուղղությամբ: Գուցե՞ քաղաքացու կողմից թյուրըմռնման արդյունք է:

-Ձեր ընկերության աշխատանքից գո՞հ եք:-Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է համապատասխան պայմանագրի եւ իր պայմանագրային պարտականությունները կատարում է պատշաճ:

-Վերջերս խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը:

-Եթե դիտենք փաստերով, ապա ընկերությունը մինչ այսօր շահույթ չի հետապնդել եւ հաշվապահական փաստաթղթերով բացարձակ շահույթ չունի: Իսկ կսնանկանա՞, թե՞ ոչ, դա արդեն կապված է մի շարք հանգամանքներից: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ընկերությունը կսնանկանա, որովհետեւ հավելյալ ներդրումներ կկատարվեն: Այնպես որ միջոցներ կձեռնարկվեն սնանկացումը բացառելու համար:

-Պարո՛ն Հարությունյան, ընկերության ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է փաստացի հավաքագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70 տոկոսը: Այսինքն՝ քաղաքացիների վճարած տուրքերի եւ տուգանքների 70 տոկոսն անցնում է Ձեր ընկերությանը, իսկ մյուս 30 տոկոսը՝ քաղաքային բյուջե: 70 տոկոսը փոխանցվում է Ձեր ընկերությանը, իսկ Դուք պնդում եք, որ շահույթ չի ապահովում: Դուք ինչի՞ վրա եք ծախսում այդ գումարը:

-Որովհետեւ այնքան գումար է հավաքագրվում, որ նույնիսկ ընկերության ծախսերը չի ապահովում, այս պատճառով ընկերությունը շահույթ չունի: Չի բավարարում: Նշեմ, թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը. 250 կմ օպտիկամանրաթելային ցանց է կառուցված, 1600 հատ տեսախցիկ է տեղադրված, որոնք ամենօրյա սպասարկման կարիք ունի: Բացի տեխնիկական ծրագրերի սպասարկումից՝ նաեւ ծրագրային սպասարկում էլ է անհրաժեշտ: Մի շարք սարքավորումներ կան, որոնք ընթացիկ սպասարկման կարիք ունեն:

-Խնդրում եմ՝ նշե՛ք, թե ամսական որքա՞ն գումար է կազմում այդ 70 տոկոսը:

-Չեմ կարող հրապարակել այդ թվերը, բայց շատ քիչ է:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվը կազմել է 483 հազար 614, որից 388 հազար 43-ը մարդատար է:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս