Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ կոռուպցիոն ռիսկեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատն իր՝ 2013 թվականի տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկին, որի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր:

Նշենք, որ թեեւ ծրագրի նպատակն է եղել 31 մլն դոլարով բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, սակայն ծրագիրը խախտումներով է իրագործվել: Այսպիսով՝ ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների, հիմնականում` գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆրանսիական «ՍԱԴԵ» ԲԲԸ-ի, ռուսական «Բլեսկ» ՍՊԸ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով:

ՎՊ-ի կողմից գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613 մլն 300 հազար դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները:




Լրահոս