Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ-ում գործազրկության իրական ցուցանիշը գերազանցում է պաշտոնական տվյալները: Գործազուրկ են ավելի շատ միջին տարիքի քաղաքացիները, հատկապես՝ կանայք:

2014 թ.-ի հոկտեմբերի մեկի դրությամբ Կոտայքի մարզի Հրազդանի տարածքային զբաղվածության կենտրոնում հաշվառված քաղաքացիների թիվը 1435 է, որից 1088-ը կանայք են: Նույն ժամանակահատվածի տվյալներով Գյումրու տարածքային ԶԲԿ գրանցված քաղաքացիների թիվը 9102 է, որից 8427-ը՝ գործազուրկի կարգավիճակով: Նշենք, որ նրանց շուրջ 70 տոկոսը կանայք են: Զրուցելով մարզերի ԶԲԿ-ների տնօրեների հետ՝ պարզեցինք, որ ամենուր գործազրկության մակարդակը բարձր է: Կան նաեւ թափուր աշխատատեղեր, եւ որքան էլ զարմանալի է՝ կա բժիշկների պահանջարկ, որը լրացնել հնարավոր չէ, քանի որ պատճառը, ինչպես նշեցին ԶԲԿ-ների տնօրենները, ցածր աշխատավարձն է:

Զբաղվածության կենտրոնների կողմից պարբերաբար իրականացվում են աշխատանքի տեղավորման եւ ուսուցման ծրագրեր, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն: Կենտրոնների աշխատակիցների խոսքով` իրականում աշխատատեղեր կան, օրինակ՝ կարողներ, մանողներ, մեխանիկներ… միայն թե մասնագետներ չկան:
Մեզ հետ զրույցում, սակայն, երիտասարդներն այլ կարծիք հայտնեցին: Նրանց խոսքով` երբ դիմում են ԶԲԿ, հաճախ աշխատանքի առաջարկ են ստանում սպասարկման ոլորտում՝ մատուցողներ, վաճառողներ, սպասուհիներ: Ի վերջո, բարձրագույն կրթությամբ գնալ աշխատել այդ ոլորտներում, այնքան էլ ճիշտ չէ:

Արեւիկ Հակոբյան




Լրահոս