Ի պատասխան մեր հրապարակած այն տեղեկատվությանը, թե Տավուշի մարզում գրանցվել է խոզերի անկման հերթական դեպքը, սննդի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 21-ին հայտարարություն էր տարածել, որով հերքվում էր Նոյեմբերյանի տարածաշրջանում խոզերի անկման, հիվանդության եւ կասկածելի մսի վաճառիքի մասին տեղեկատվությունը: Նկատենք, որ առավելապես խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակ հետապնդող այդ հրապարակման մեջ նշել էինք, որ Կոթիի Ձիանու ուրթ սարամասում մի քանի խոզ է անկվել:
Հոկտեմբերի 22-ին զանգահարեցինք Կոթի համայնքի անասնաբույժ Սասուն Նազարյանին, ով հաստատեց, որ մեկ ամիս առաջ Ձիանու ուրթ սարում 3 խոզ է հիվանդացել, որոնք տիրոջ կողմից ենթարկվել են հարկադիր մորթի, իսկ միսն էլ օգտագործվել է: Ս. Նազարյանն ասաց, որ կենդանիների հիվանդության պատճառը կանաչած կարտոֆիլից թունավորվելն էր: Հավելենք, որ անասունների հիվանդանալու պատճառը կարող է որոշվել միայն նրանց մսի լաբորատոր հետազոտության արդյունքում, որը տվյալ դեպքում չի արվել:
Երբ գրել էինք խոզերի հիվանդանալու մյուս դեպքի մասին, նկատի ունեինք Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Խաչիկյանին պատկանող անասունները: Վերջինս խոզապահությամբ է զբաղվում Նոյեմբերյան քաղաքից մոտ 30 կմ հեռավորությամբ գտնվող Կարմիրգյուղ սարում: Նոյեմբերյանում հանդիպեցինք նրա հորը՝ Սամվել Խաչիկյանին, ով շատ դժկամորեն էր խոսում` խոզերի մասին մեր հարցերը համարելով վիրավորական: Չի բացառվում, որ դրա պատճառը սննդի անվտանգության պետական ծառայության աշխատողների հետ խոզերի մասին մինչ այդ կայացած տհաճ զրույցը լիներ: Ինչեւէ, Սամվել Խաչիկյանն ասաց, որ այս ամառ վաճառվել են իր որդու՝ Սարգիս Խաչիկյանի 5 խոզերը, որոնք հիվանդ չեն եղել: Վաճառված այլ խոզերի մասին նա ոչինչ չհայտնեց:
Մինչդեռ Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատան մոտ գտնվող սպանդանոցում հաստատեցին, որ Սարգիս Խաչիկյանը վերջերս մեկ խոզ է հանձնել սպանդանոց, սակայն հավելեցին, որ խոզը հիվանդ չի եղել: Սարգիս Խաչիկյանին բազմաթիվ անգամ զանգահարեցինք, սակայն հեռավոր սարում բջջային կապ չկա: Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւս հետաքրքրվեցինք Սարգիս եւ Սամվել Խաչիկյանների ունեցած խոզերի քանակի մասին, սակայն քաղաքապետարանի աշխատակից Մարտիկ Խաչիկյանն ասաց, որ այդ տվյալները գաղտնի են: Նշենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում վաճառված խոզերի մասին ստույգ տեղեկատվության ոչ մի կառույց չի տիրապետում: Այստեղ շատ ընդունված է անասունների բակային մորթը, որոնց միսը հաճախ հայտնվում է ճաշարաններում: Ինքնին հասկանալի է, որ որեւէ խոզատեր կամ սպանդանոցի աշխատող չի խոստովանի, որ իր վաճառած միսը հիվանդ կենդանու է եղել, այլապես նա խնդիրներ կունենա:
Ներկայումս խոզի մսի կիլոգրամը 3500 դրամ է, եւ մսի խիստ դեֆիցիտ կա, ուստի խոզատերը չի սպասի, որ կենդանին սատկի, նա հիվանդանալու նշանների առկայության դեպքում կգերադասի անասունին իսկույն մորթել: Սննդի անվտանգության պետական ծառայության` նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նշված է.«Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել: Ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում եւ հարակից համայնքներում անկման դեպքեր եւ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել»: Չնայած հիվանդանոցներում բժիշկների գործադրած ջանքերին՝ ամեն օր տարբեր հիվանդություններից մարդիկ են մեռնում: Իսկ ի՞նչ են լինում հիվանդ խոզերը, գյուղերում որտե՞ղ են դրանց թաղման տեղերը. սա լրջագույն հարց է, որի վրա ենք հրավիրում սննդի անվտանգության պետական ծառայության ուշադրությունը: Նաեւ հարկ ենք համարում հիշեցնել, որ Տավուշի մարզում որոշ սպանդանոցներ չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին, ինչի հետեւանքով միս օգտագործողների մոտ կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:
Ոսկան Սարգսյան