Ստիպված հին հաց են գնում, որ սոված չմնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

37-ամյա Քրիստինե Կարապետյանը երկար տարիներ է, ինչ բնակվում է Սեւան քաղաքում: Ունի հինգ անչափահաս երեխաներ: Քրիստինեն վերջերս է ամուսնալուծվել, ինչի պատճառով նրան տանից դուրս են անում:

«Ամուսնուս հարազատները տանից հանում են, որ գցեն փողոց: Ես իմ հինգ երեխաների հետ ուր գնամ: Ո՞վ ինձ կընդունի: Լույսն անջատել են, հինգ էրեխու նպաստը կտրել են: Ես չգիտեմ, թե ո՞ւմ դիմեմ: Ոչ մեկ ինձ չի օգնում»,- թաց աչքերով ներկայացրեց Քրիստինեն:

Անօգնական վիճակում հայտնված բազմազավակ մոր պատմելով՝ իր նախկին ամուսինը ոստիկանական բաժանմունքներից դուրս չի գալիս, քանի որ մշտապես խմած է: «Հինգ երեխաներ ունեմ, որից երեքը գրենական պիտույքներ եւ հագուստ չունենալու պատճառով նախորդ տարվանից չեն հաճախում դպրոց: Տղա երեխաներ են, ես չգիտեմ՝ գնա՞մ աշխատանքի, թե՞ ոչ: Ո՞ւմ մոտ թողնեմ երեխաներիս»,- հուսահատված ներկայացրեց Քրիստինեն:

Նշենք, որ այն տունը, որտեղ Քրիստինեն բնակվում է, տարրական կոմունալ պայմաններից զուրկ է, անգամ տան պատուհաններն ապակի չունեն, իսկ դռները՝ փական: Այս ամենից բացի` սարսափելի խոնավությունից տան պատերն ամբողջովին բորբոսնել են: Քրիստինեի խոսքով՝ լինում է, որ երեխաները նույնիսկ շաբաթներով չեն լողանում: «Իմ էրեխեքը կարտոֆիլից բացի ոչինչ չեն ուտում, իսկ դա էլ այստեղից-այնտեղից խնդրում, բերում եմ: Հին հաց եմ կիլոգրամով գնում, որովհետեւ այդպես ավելի էժան է, ի՞նչ անեմ, էրեխեքիս հո՞ սոված չեմ թողնելու»:

Անելանելի դրության մեջ հայտնված Քրիստինեն իր հինգ երեխաների հետ սարսափով սպասում է ձմռան գալստյանը, որն այս տարածաշրջանում ավելի վաղ է սկսվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս