Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունը Մեդիամաքս-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ԵՄ ինստիտուտները պատշաճ գնահատական են տվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության կարողությունների զարգացմանն ուղղված ՊՆ քաղաքականությանը:
Դավիթ Տոնոյանն ասել է այդ մասին, Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն Ներկայացուցչի կողմից հրապարակած Եվրոպական Հարևանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ 2011թ.-ի համատեղ աշխատանքային փաստաթղթերը՝ Հայաստանի, ինչպես նաև այլ գործընկեր երկրների վերաբերյալ:
,Նախքան փաստաթղթերի անվտանգության և զինված ուժերի ոլորտին վերաբերող հատվածին անդրադառնալը, կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերի ձևաչափը միատեսակ չէ բոլոր դիտարկվող երկրների համար: Միևնույն ենթավերնագրի ներքո տարբեր երկրներին վերաբերող զեկույցներն անդրադառնում են տարբեր ուղղությունների: Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ գործընկերներն անդրադարձ են կատարել հիմնականում այն հարցերին, որոնցում ակնհայտ առաջընթաց է նկատվում (ինչի մասին զեկույցներում հատուկ նշվում է), կամ էլ առկա են շուտափույթ լուծման ենթակա լուրջ խնդիրներ: Ուշագրավ է, որ մեր տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանի վերաբերյալ զեկույցում է անդրադարձ արվել զինված ուժերի և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության խնդիրներինե, – նկատել է Դավիթ Տոնոյանը:
“Կարծում եմ, զեկույցները բավականին օբյեկտիվ գնահատական են տալիս առկա վիճակին: ԵՄ ինստիտուտների կողմից պատշաճ գնահատական են տվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության կարողությունների զարգացմանն ուղղված ՊՆ քաղաքականությանը: Այն արտահայտվում է թե ազգային անվտանգության թույլատրելի սահմաններում թափանցիկության ապահովման, թե քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ բաց համագործակցության և թե մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերում: 
Անշուշտ, դեռևս կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված խնդիրներ, բայց պետք է ընդունել, որ բարեփոխումն աստիճանական գործընթաց է, որի շարունակականության ապահովման համար առկա է քաղաքական կամք: Այդ խնդիրները գտնվում են ՀՀ նախագահի և պաշտպանական գերատեսչության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Մոտեցումը հետևյալն է. չկա ժողովրդավարական արժեքներին այլընտրանք նաև պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում”, – Մեդիամաքս-ին ասել է Դավիթ Տոնոյանը:




Լրահոս