ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով ՀՀ Ոստիկանությունն արձագանքում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված ուղերձին, որն արվել էր երեկ։ “ՀՀ ոստիկանությունը ողջունում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությունը, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և մյուս քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը վերաբերող խնդիրների կապակցությամբ շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ անցկացնելու նախաձեռնություններով և հետևաբար բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում հայտնած պատրաստակամությունը”,- ասված է ՀՀ Ոստիկանության հայտարարությունում: Հիշեցնենք, որ երեկ ՄԻ Պաշտպանն իր հայտարարությունում մտահոգություն էր հայտնել “Հավաքների ազատության մասին” օրենքի կիրառման հետ մի շարք հարցերի կապակցությամբ։ “Ընդհանուր առմամբ դրական գնահատելով “ավաքների ազատության մասին” ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռևս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռևս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները”,– ասված էր տարածված հայտարարության մեջ։
Ոստիկանությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ