Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 17-ին ընդունել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:  Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության՝ հանդիպմանը Գարեգին Բ–ն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը է հայտնել Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին և դրա սոսկալի հետևանքներին: Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի և հայոց եկեղեցու սրտակցության, ինչպես նաև ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար: Նորին Սրբությունը մաղթել է, որ Ճապոնիան շուտափույթ հաղթահարի աղետի հետևանքները և ինչպես Ճապոնիայի ժողովուրդը, այնպես էլ ամբողջ աշխարհը զերծ մնան նման ողբերգություններից:




Լրահոս