Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Փարվանա ռեստորան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի գործարար պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը շնորհավորել է ՀԱԿ-ի անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին` համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու առթիվ եւ հրավիրել նրան իրեն պատկանող “Փարվանա” ռեստորան` նշելու ազատ, արդար ընտրությունների անցկացումը:
Սամվել Ալեքսանյանի շնորհավորանքում ասվում է.
“Հարգելի պարոն Փաշինյան,
Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ  հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, “Փարվանա” ռեստորանային համալիրումե”: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով թեկնածու էր առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում, որտեղ պարտվել է Սամվել Ալեքսանյանին:
 




Լրահոս