Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ոչ միայն ընտրակաշառքը իր ազդեցությունն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա, այլև, իր բնորոշմամբ, ընտրակեղծիքների բուրգը: “Ճիշտ չէ ասել, որ ընտրությունները միայն ընտրակաշառքով են որոշվել, այլ նաև ընտրակեղծիքների բուրգով, որի մեջ են մտել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, համատիրությունները տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառույցները, ընտրական հանձնաժողովների անդամները”,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:
Բադալյանի խոսքով՝ ընտրակեղծարար այդ բուրգը սկսեց աշխատել դեռ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այդ բուրգը, ըստ նրա, կաշխատի նաև 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե անգամ իր թեկնածությունը առաջադրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա “այդ բուրգը միևնույն է աշխատելու է նրա օգտին, ով հիմա նստած է Բաղրամյան 26-ում”: “Չի աշխատի մի դեպքում, երբ որ Արևմուտքը կամ Ռուսաստանը կպարտադրի, որ չաշխատի”,- ասաց քաղտեխնոլոգը:
Ըստ նրա՝ “Բարգավաճ Հայաստանի” կոալիցիա մտնելու կամ չմտնելու դեպքում բուրգը իր գործառույթը, միևնույն է, կիրականացնի:
“Կմտնի, թե չի մտնի ԲՀԿ-ն կոալիցիա, դա հարց չի լուծի նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ այդ ընտրակեղծարար բուրգը նորից աշխատելու է”,- ասաց Բադալյանը: Խոսելով “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի և Հայ հեղափոխական դաշնակցության հավաքած ձայներից` քաղտեխնոլոգը նշեց, որ դրանք նվազել են ոչ միայն “Բարգավաճ Հայաստանի” պատճառով, այլև անհաջող քարոզարշավի: Նրա խոսքով՝ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հայտնի 30 վայրկյան հեղափոխությունը ժողովուրդը փոխարինեց 30 արծաթով: