Եթե կա ցանկություն, բանակցելու տեղն իրենք լավ գիտեն. Հ. Սահակյանը՝ ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հետևել է հոկտեմբերի 24-ին կայացած երեք ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքիցն և հատկապես տպավորվել է այնտեղ հնչած հումորներով: Նշելով այս մասին Armlur.am-ի հետ զրույցում, պատգամավորը վերլուծեց հանրահավաքում հնչած ելույթները:

– Պարոն Սահակյան, ի՞նչ տպավորություններ  ունեք հանրահավաքից:

– Բավականին տպավորված եմ հանրահավաքից, բավականին տպավորիչ էին կատակները: Լավ հումորային հանրահավաք ստացվեց. հատկապես այդ պահն է տպավորվել:

– Բոլորը սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթին: ԲՀԿ առաջնորդն ի՞նչ մեսսիջներ հղեց իր ելույթով:

– Ես չեմ կարող ասել, թե Գագիկ  Ծառուկյանի ելույթում ինչ մեսսիջներ կային: Օրինակ այնպես չէր, որ ես  սպասում էի Գ.  Ծառուկյանի ելույթին, ընդհանուր հանրահավաք էր և այն պետք է դիտարկել այդ  կոնտեքստի մեջ:

– Նախորդ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, իշխանությունների հետ բանակցությունների մասին ակնարկեց  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, այս հանրահավաքում նման առաջարկ արեց արդեն Գագիկ Ծառուկյանը: Ըստ Ձեզ, երեք ուժերն ինչի են ցանկանում հասնել բանակցությունների միջոցով:

– Ես մի փոքր տարակուսած եմ, որ նոր են խոսում բանակցությունների մասին: Երբ որ սկսվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումը, և հիմա էլ արդեն բուն հայեցակարգը պատրաստ է, դա այն հարթակն է, որտեղ պետք է խոսենք, քննարկենք: Պետք է խնդիրները քննարկենք և գտնենք օպտիմալ, ճիշտ ճանապարհը: Հետևաբար, եթե կա որևէ խնդիր, որ պետք է քննարկվի, լինի դա 100 տոկոս համամասնական կամ մեկ ուրիշ խնդիր: Կարծում եմ՝ ամենաճիշտ հարթակը հենց սահմանադրական բարեփոխումներն են, որտեղ մենք նաև պետք է կարողանանք այդ հարթության մեջ մեր բոլոր պատկերացումները կյանքի կոչել:

– Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բանակցությունների բոլո՞ր ոչ իշխանական ուժերի հետ:

– Հանրապետականները մշտապես նշել են, որ մենք բաց ենք ցանկացած քաղաքական թիմի հետ  նստենք, քննարկենք ցանկացած հարց: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ գնացել ենք կոալիցիոն կառավարման, նստել ենք, քննարկել ենք մի շարք հարցեր: Հետևաբար, դա նորություն չէ. եթե կա ցանկություն, բանակցելու ձևը և տեղն իրենք շատ լավ գիտեն:

– Կարծիքներ կան, թե «եռյակ»-ում տարաձայնություններ կան: Դուք համաձայն ե՞ք այս դիտարկման հետ:

– Պետք է հանրահավաքը ամբողջական դիտարկել: Շատերը սպասում էին Ծառուկյանի ելույթին, կամ խոսում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմն առանձնացված էր: Այդ ամեն ինչը մենք տեսել ենք, մենք էլ ենք հասկանում, որ լիդերների մակարդակով որոշակի խնդիրներ կան: Բայց այդ երևույթը պետք է ընդհանուրի մեջ նայել և գնահատել: Որևէ  ընդանուր բանաձև հանրահավաքից չեմ կարող առանձնացնել: Շարժման գնահատականը ես տվել եմ և այն անվանել շարժում առանց կոնկրետ օրակարգի:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս