Օսկանյանը ցավալի է որակում վարչապետի քննադատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում հակադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետի կողմից իր հասցեին հնչեցրած պատասխանին, որոնք վերաբերվել են ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ արված Օսկանյանի քննադատություններին: Օսկանյանը, մասնավորապես, նշել է. “Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու “հեշտ” ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով “անգրագետ”, այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները և քննադատությունները, երևի թե, բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։ Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, և դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած “գրագետ” քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել։ Ի գիտություն վարչապետի և նրա տնտեսական թիմի՝ ուզում եմ նաև ասել, որ այսօրվա գլոբալ տենդենցներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։ Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած “նաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը” (The Death of Inflation Targeting, http://www.project-syndicate.org/commentary/the-death-of-inflation-targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում:
Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում և հաշվի առնելով նաև այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան և այն շարունակում է մնալ անորոշե:
 




Լրահոս