1999թ. հոկտեմբերի 27. ահաբեկչությունից անցել է 15 տարի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից անցել է 15 տարի: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանին ներկա էին նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները։  Այդ օրն ահաբեկչություն տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։

Երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են:

Ահաբեկիչների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորություն և արդար դատի երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվել են պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվել են։

Գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը եղել է նախկինում ՀՅԴ անդամ և 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից, ըստ իր իսկ ցուցմունքների պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել դեռևս 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով իրագործել է 1999 թվականին:

Մյուս գործող անձինք  են եղել. Կարեն Հունանյան՝ Նաիրի Հունանյանի կրտսեր եղբայրը, Դերենիկ Բեջանյան, Էդիկ Գրիգորյան, Վռամ Գալստյան՝ Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին էր, դատապարտվելուց հետո 2004 թվականին մահացել է ԱԱԾ մեկուսարանում։ Պաշտոնական վարկածով նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով: Աշոտ Կնյազյան՝ բուն ահաբեկչական գործողությանը չի մասնակցել։ Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված խմբի անդամներին իր մեքենայով բերել է ԱԺ։ Նրա միջոցով հանցագործները զենք են գնել:

Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին. 6 հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Տեսանյութը՝ a1plus-ի




Լրահոս