ՏԽՈՒՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ հերթական փլուզումն է տեղի ունեցել Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում: Այս տարվա ընթացքում սա արդեն ավերածության երրորդ դեպքն է` տարեսկզբին տեղի ունեցած երկու հրդեհներից հետո: Օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով  փլուզվել է անմխիթար վիճակում գտնվող եկեղեցու` Հովնաթանյանների որմնանկարներով զարդարված  զանգակատունը: Սուրբ Նշանը  մեկն է այն վիճահարույց 6 եկեղեցիներից, որոնց պատկանելության հարցը վրաց եկեղեցին առաջարկում է լուծել համատեղ հանձնաժողով կազմելով եւ երկուստեք առկա վիճահարույց խնդիրները քննարկելով: Իրականում Վրաց ուղղափառ եկեղեցու այդ առաջարկի նպատակը Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցական համալիրների հանդեպ ունեցած հավակնությունները բավարարելն է, ինչին էլ, բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին չի համաձայնում: Իսկ ինչու բնականաբար, որովհետեւ, ի տարբերություն Թբիլիսիի 6 հայկական եկեղեցիների, որոնց իրական պատկանելությունը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, Հայաստանի տարածքում գտնվող վանքերի գերակշիռ  մասը, որոնք վրացական կողմը փորձում է վերագրել իրենց, անվիճելի հայկական պատկանելություն ունի: Իրականում հենց միայն Թբիլիսիում գտնվող եկեղեցիներից ավելի քան երկու տասնյակը հայկական են, սակայն այսօր մեր հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության արդյունքում մենք չենք կարողանում լուծել անգամ  նշված 6-ի` վիրահայոց թեմին վերադարձնելու հարցը: Ընդ որում, հակառակ սպասելիքների, այս իրավիճակը  որեւէ կերպ չփոխեց  Գարեգին Բ-ի` անցած  հունիսին  Վրաստան կատարած  այցը, որը Սահակաշվիլին որակեց «պատմական»: Թե  որքանով էր այդ այցը պատմական զուտ իրադարձային տեսանկյունից, դժվար է ասել, սակայն որ այդ այցով ոչ միայն  չհարթվեցին առկա խնդիրները, այլեւ առաջացան նորերը` ակնհայտ փաստ է: Եվ այն, որ վրաց իշխանությունները, ընդառաջ գնալով իրենց ստանձնած  եվրոպական պարտավորություններին, ի վերջո Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին (ի թիվս այլոց)  տվեցին իրավաբանական  անձի կարգավիճակ, դեռ  չի  նշանակում, որ հաջորդ քայլով իսկ վրացիները մեզ էին վերադարձնելու մեր եկեղեցիները: Առավել եւս, որ դրանց  համար իրապես պայքարող չկա` Իլիա Երկրորդի սրունքը թփթփացնող եւ նրա հետ կիսագրագետ ռուսերենով խոսող Ամենայն հայոց կաթողիկոսը այլ խնդիրներ ունի` Երեւանի կենտրոնում սեփական «ռեզիդենցիան» է կառուցում, զբաղված է մոմավաճառության բիզնեսի ընդլայնմամբ եւ տարբեր օբյեկտների մեջ «փայ մտնելով»: Իսկ կոնկրետ Սուրբ Նշանի փլուզման օրը Մայր աթոռը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտում էր ոչ թե փլուզված եկեղեցու  նկատմամբ հանցավոր անտարբերությունը, այլ… Մեծի տանն  Կիլիկիո  Արամ Ա կաթողիկոսին  որոշ լրագրողների կողմից  Ամենայն հայոց կաթողիկոս անվանելու «բարբարոսությունը»:
Հ. Գ. Իսկ Սուրբ Նշանի մասով Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը հարկ կհամարի խոսել միայն այսօր:




Լրահոս