ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՌՅԱԿՆ ԷԼԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄՈՏ ԷՐ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության իր աշխատասենյակում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո երեկ ԲՀԿ գրասենյակ է հրավիրել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Տետատետ զրույցներից հետո տեղի է ունեցել նաեւ առաջնորդների եռակողմ հանդիպում: Կողմերը ժլատ էին հանդիպման մասին տեղեկատվության հարցում: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Տեր-Պետրոսյանից, քանի որ եռյակում առանցքային որոշումները կայացնելուց հետո են միայն իրեն տեղյակ պահում: Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ լավ կլինի առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել: Ըստ այդմ էլ որոշվել է, որ Ծառուկյանի խոսքը պետք է լինի սուր քննադատական՝ սոցիալական ուղղվածությամբ, բայց «չափի մեջ»: Նկատենք, որ առաջին նախագահի կողմից «քառյակ» որակված միավորման այս հանդիպմանը եւս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չկար:

 

 
Հետին թվով պայմանագրեր կնքելը Երեւանի քաղաքապետարանի մոտ կարծես թե գործելաոճ է դարձել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը հոկտեմբերի 15-ին երեք ընկերությունների` «Անանո» ԱՊԸ-ի, «Կարգին մատակարար» ՍՊԸ-ի եւ «Ռուբիկոն Պլյուս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր՝ համապատասխանաբար 11 մլն 992 հազ, 471 հազ եւ 3 մլն 914 հազ դրամ արժեքով: Ըստ պայմանագրերի՝ ընկերությունները քաղաքապետարանին պետք է մատակարարեն 56 անուն սննդամթերք, որոնցից մի մասի մատակարարման ժամկետը սահմանվել է հունիսի 1-ից հունվարի 1-ը: Այսինքն՝ քաղաքապետարանը սեպտեմբերին մրցույթ է հայտարարել, որպեսզի հոկտեմբերին պայմանագիր կնքի հունիսին արդեն իսկ մատակարարված ապրանքների ձեռքբերման համար: Սա կոռուպցիայի դասական օրինակ է: Ի դեպ, քաղաքապետարանից դեռ չեն պատասխանել Հրազդան կիրճի ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետին թվով պայմանագրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանը:

 

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը` հոկտեմբերի 21-ին՝ 22.30-ի սահմաններում, անհայտ անձը մահափորձ է իրականացրել Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի դեմ: Անհայտ անձը սպորտային կոշիկի մեջ դրված մարտական «Ֆ-1» տեսակի նռնակը կապել է Հակոբյանի բնակարանի դռանը: Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, եւ ոչ ոք չի տուժել: Նախկին ռեկտորը, չգիտես ինչու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խուսափել է ընդունել, որ այն չօգտագործվող բնակարանը, որի դռանը նռնակը կախված է եղել, իրեն է պատկանում: ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը վկայում է, որ ինչ-որ լուրջ միջադեպ է եղել: Բայց Հակոբյանը մեզ հետ զրույցում ամեն կերպ փորձել է տեղի ունեցածը ներկայացնել որպես թյուրիմացություն: Այս ամենը մեկ բացատրություն կարող է ունենալ. «պոտենցիալ զոհը» գիտի, թե ով է «թյուրիմացության» հեղինակը եւ ինչու է այն արել, բայց չի ցանկանում, որ ուրիշներն էլ դա իմանան:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ըստ նույն տեղեկությունների՝ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի՝ քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել: Այժմ Հայկազ Խաչիկյանի դեմ նյութեր են նախապատրաստվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկազ Խաչիկյանը նախ պահանջեց հարցերը գրավոր ներկայացնել: Այնուհետեւ համաձայնեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք ինքը յուրացումներ է թույլ տվել: «Նման բան չկա»,- կարճ ասաց քաղաքապետը:

 

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ

Արդեն քանի օր է` երգչուհի Եվա Ռիվասի կողմից «Հայաստանի ձայնը» նախագծում մրցավարական կոճակը ոտքով սեղմելու փաստը հանգիստ չի տալիս մեր հազարավոր հայրենակիցների, ովքեր իրենց վրդովմունքի եւ քննադատության տարափը չեն դադարեցնում սոցիալական ցանցերում, տարբեր լրատվամիջոցներում, եւ ինչու չէ` նաեւ բակային եւ երթուղային տաքսիներում ընթացող քննարկումներում:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով էր երգչուհու նման պահվածքը գեղեցիկ, նկատենք, որ հանրության արձագանքը, մեղմ ասած, համարժեք չէր ո՛չ ծավալի, ո՛չ էլ բովանդակության առումով: Ի վերջո, խոսքն ընդամենը երաժշտական շոուի մասին է, իսկ շոուն նաեւ այդպիսի արտառոց եւ ոչ սովորական բաղադրիչներով է դիտարժան դառնում: Մինչդեռ մեր՝ չափազանց բարեկիրթ հայրենակիցները, որոնք, ի դեպ, մեծ հաճույքով առավոտից երեկո դիտում են շատ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայկական սերիալները, երգչուհու արարքը դարձրել են «հայոց հարց»:
Իրականում այս կեղծ բարեպաշտության դրսեւորումը մեր հասարակության արժեքային համակարգի դեգրադացիայի մասին է խոսում, հատկապես, երբ հիշում ենք, որ նույնպիսի, անգամ տասնակի պակաս ընդվզում եւ ըմբոստացում չեղավ, երբ, օրինակ, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն իր շուկայի ոսկերիչների հետ վարվելով սեփական ճորտերի նման` ջարդուխուրդ արեց նրանց սեղաններն ու հրամայեց դուրս նետել պատուհաններից: Եվ այս ամենը` մեր տեսախցիկի առջեւ: Իսկ ՀՀ ոստիկանությունն էլ հրաժարվեց քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով:
Մեր հասարակությունն անգամ Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակման որոշումն ընդունեց պակաս ընդվզմամբ, իսկ մինչ այդ էլ գրեթե լռելյայն ընդունել էր Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած սպանությունն ու հատկապես մարդասպանին պատժից ազատելու դատարանի որոշումը: Տասնապատիկ ավելի անաղմուկ անցավ Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն` Շահեն Հարությունյանին չորս տարով դատապարտելու որոշումը:
Մեր չափազանց բարեպաշտ տանտիկիններին ու նրանց ամուսիններին դույզն-ինչ չզայրացրեցին եւ չեն զայրացնում մեր իրականությունում ամեն օր տեղի ունեցող բազմաթիվ իրապես անընդունելի եւ պարսավելի երեւույթները: Հենց այսպիսի հասարակությունն է դառնում կոռումպացված իշխանության հենարանը՝ Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանի» հենասյունը: Այդ մարդիկ երբեք դուրս չեն գա փողոց` պայքարելու իրական արժեքների համար: Նրանց ընդվզման առավելագույն շեմը Եվա Ռիվասի ոտքերն են:

 




Լրահոս