Ինչպես գրել էր armlur.am-ը, շաբաթ օրը Ծաղկաձորում հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նրանք երեքով քննարկել են իշխող կոալիցիա ձեւավորելու հարցը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը ներկայացրել է միակ պայմանը, որ ԲՀԿ-ն հայտարարի, թե նախագահական ընտրություններին պաշտպանելու է իր թեկնածությունը: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, թե ինքը միանշանակ չի կարող ասել կամ խոսք տալ, որ այդպես է լինելու, քանի որ պետք է կուսակիցների հետ խորհրդակցի: Զրույցին խառնվել է Արգամիչն ու հավաստիացրել, որ ոչ մի խորհրդակցություն պետք չէ, ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Սակայն Ծառուկյանը անդրդվելի է մնացել. «Նախագա՛հ ջան, ժամանակ է պետք»: Սերժ Սարգսյանն ըմպել է կոնյակն ու չի արձագանքել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ