ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄՈՎ ՆԱԽԿԻՆ «ԳՐՈՒԶՉԻԿԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱԺ-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր «Սահմանամերձ գյուղական համայնքներին արտոնություններ տալու մասին» օրենքի փաթեթը: Դրա քննարկման շրջանակներում թեժ բանավեճ սկսվեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ: Վերջինս իր ելույթում հայտարարեց՝ բոլորին մոլորեցնում են, թե սահմանամերձ համայնքների մասին օրենքով օգտակար գործ են ցանկանում կատարել:

«Ինչի՞ եք դրել սահմանամերձ անունը: Ոչ մի արտոնություն էլ չեք տալիս: Տատիկ-պապիկների մասին որ մտածող լինեիք, այսքան տարի չէիք թալանի իրենց: Նիսյաներ ունեն, էտ փողերը տվեք, թող փակեն, այլ ոչ թե նախագծի անվան տակ ձեր օբյեկտները հարստացրեք»,-իր ելույթում նշեց պատգամավոր Փաշինյանը: Ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր, իր իսկ խոստովանությամբ՝ նախկին գրուզչիկ Վարդան Այվազյանը հայտարարեց, թե. «Սահմանամերձ տարածքներում ինչքան օբյեկտ ունեմ, քեզ եմ տալիս, հանգստացի»: Խոսակցությանը տեղից փորձեց միջամտել նաեւ Զարուհի Փոստանջյանը, ինչին Վարդան Այվազյանն արձագանքեց այսպես. «Էս դո՞ւ ինչի անհանգստացար»: Նիկոլ Փաշինյանի պատասխանին, թե՝ լավ արեց, Այվազյանը կրկին «դու»-ով ասաց. «Լավ չի կարա անի: Դու չես կարա լավ անես, ուր մնաց քո կողքի նստածը: Դու ես, ա՛յ տղա, դու»: Սա հունից հանեց Փաշինյանին, որը բարկացած տոնով նետեց, թե՝ դու-ն դու ես, ա՛յ տղա, ու քո շեֆերը: Սրան էլ Այվազյանն արձագանքեց.«Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես»՝ հավելեով. «Ձեր պապաներով վեր-վեր մի թռեք»: «Պատգամավորնե՛ր, հանգստացե՛ք, սա Ազգային ժողով ա, շուկա չի»,-փորձեց իրավիճակը հանդարտեցնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Կրքերը չհանդարտվեցին անգամ հայտարարված ընդմիջման ժամանակ: Զարուհի Փոստանջյանը ԱԺ նիստերի դահլիճում անգամ սպառնաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին պայուսակով հարվածել: Սակայն ՀՀԿ-ականներին հաջողվեց այդ փորձը կանխել ու հանդարտեցնել երկու կողմերին:
Միջադեպից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի հետ:
-Պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ նման կերպ արձագանքեցիք Վարդան Այվազյանի ելույթին:
-Ամեն ինչ ավելի քան պարզ է, ես ինչ ցանկանում էի ասել, նիստերի դահլիճից արդեն ասացի: Իրավիճակն այլեւս մեկնաբանության կարիք չունի:
-Բայց ինչո՞ւ հենց Դուք եւ Զարուհի Փոստանջյանը հայտնվեցիք Վարդան Այվազյանի «թիրախում»:
-Չեմ ցանկանում մեկնաբանություն անել, իմ տեսակետը նիստերի դահլիճից արդեն հնչեցրել եմ:

Իսկ Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով նույն հարցին, ասաց.
-Չեմ էլ ուզում խոսել այդ մասին: Իրականում չեմ կարծում, որ նրանք կենտրոնացած են հենց հատկապես իմ եւ Նիկոլ Փաշինյանի վրա: Նրանք պարզապես չեն կարողանում կառավարել իրենց այդ վարքագիծը:
-Վարդան Այվազյանն իր ելույթում խոսում էր Ձեր պապաներից: Ի՞նչ պապաների մասին է խոսքը: Ի՞նչ նկատի ուներ ՀՀԿ-ական պատգամավորը:
-Դա պետք է իրեն հարցնեք, ես չեմ կարող ասել, թե ինչ պապաների մասին է խոսքը:
-Շատ հաճախ իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Դուք համագործակցում եք ԱՄՆ դեսպանի հետ: Նշվում է, որ Վարդան Այվազյանը պապա ասելով՝ հենց նրան նկատի ունե՞ր:
-Դա ձեր մեկնաբանությունն ու գնահատականն է: Հենց իրենք կարող են ասել, թե ինչ նկատի ունեին:
-Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել ԱՄՆ-ի դեսպանի հետ:
-Վերջին անգամ ամռանն եմ հանդիպել:
-Վահրամ Բաղդասարյանը ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց, թե. «Այս պառլամենտի ամբիոնն օգտագործվում է Ադրբեջանին ապատեղեկատվություն տալու, կեղծ նյութեր տրամադրելու համար: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա մեր երկրի նախագահի եւ մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հանդիպումը: Ինձ համար հասկանալի է, որ Արեւմուտքից բավականին գումարներ են ներհոսում այստեղ, եւ մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում»: Այս ելույթը կարծես թե հենց Ձեզ էր ուղղված:
-Չեմ ցանկանում այս հարցերին պատասխանել:
Հ.Գ. Զարուհի Փոստանջյանը մեր այս հարցը լսելուց հետո պահանջեց չեղյալ համարել հարցազրույցը, ջնջել ձայնագրությունը, քանի որ կարծում է, թե մենք պատվեր ենք կատարում: «Միայն օրենքի բովանդակային մասին վերաբերող հարցերին կպատասխանեմ, իսկ նման հարցերին չեմ պատրաստվում արձագանքել»,-եզրափակեց Զ. Փոստանջյանը: Հուսանք՝ Փաստանջյանի բարկությունն արդեն անցել է, նա փոշմանել է, որ պահանջում էր ձայնագրությունը ջնջել: Կարծում ենք՝ Փոստանջյանը լավ գիտի, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի կարող նախկին «գրուզչիկ» Վարդան Այվազյանի կամ նրա թիմի պատվեր կատարողը լինել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԽՆԱՄԻՆԵՐԻ ՀԵՏ ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՔ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը յուրօրինակ քաղաքական ֆիգուր է դարձել հատկապես ոչ իշխանական եռյակի ակտիվացման ֆոնին: Նրա ասած յուրաքանչյուր բառի մեջ փորձ է արվում տեսնել այն, թե որտեղ է Աբրահամյանը «տակից պաշտպանում» եռյակին:

Եւ այսպես՝ երեկ ՀՀ Ազգային Ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք ընդդիմության կողմից բարձրացրած կառավարման ճգնաժամի խնդրի մասին, ասաց.
-Դուք տեսնում եք, որ մենք չե՞նք կարողանում կառավարել: Մենք շատ լավ կառավարում ենք եւ դեռ նույնիսկ փորձում ենք մեր լիազորությունների պոտենցիալը հարյուր տոկոսով օգտագործել: Մենք առաջիկայում ավելի արդյունավետ ենք կառավարելու: Հաջորդ տարվա բյուջեն, որ ներկայացրել ենք ԱԺ, ավելի իրատեսական է, եւ մենք պատասխանատվություն ենք կրում, քանի որ մենք ենք կազմել ի սկզբանե: Բոլոր այն ծրագրերը, որը մենք ներկայացրել ենք, եւ ԱԺ-ի հավանությանը կարժանանան, իրատեսական են, եւ մենք կիրականացնենք 2015 թվականին: Ամեն դեպքում՝ այսօր մեր հանդիպումները, կառավարության ակտիվությունը, մեր պատվիրակությունների այցելությունները փորձում են հիմքեր ստեղծել, որ մեր տնտեսության զարգացումն ապահովենք: Ամեն դեպքում՝ հակված ենք առկա խնդիրներին լուծում տալուն:
-Իսկ ընդդիմությունը իշխանափոխություն է պահանջում:
-Իշխանոփոխություն ասելով չի, պետք է հիմք լինի: Ինչպես դուք ասեցիք՝ կառավարման ճգնաժամ, չեմ տեսնում դա, հակառակը՝ տեսնում եմ, որ կառավարությունը ակտիվ աշխատում է եւ պետք է է՛լ ավելի արդյունավետ աշխատի: Այնպես որ, ես որեւէ ճգնաժամ չեմ տեսնում:
-Կցանկանայի՞ք, որ Ձեր խնամի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դառնա ՀՀ նախագահ:
-Դուք մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք: Ժամանակավրեպ է հիմա նախագահի պաշտոնի մասին խոսելը, քանի որ Սերժ Սարգսյանը դեռ 4 տարի ունի աշխատելու։

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՏ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին Տիգրան Մեծի պողոտայի Բնության պահպանության թանգարանի մոտ լուրջ վիճաբանություն է եղել: Ըստ ականատեսների՝ 3 հոգի թանգարանի մոտ ցուցանակ են տեղադրել եւ ինչ-որ գրքեր բաժանել: Ավելի ուշ ցուցանակին է մոտեցել մի կինը եւ սկսել վիճաբանել ցուցանակի մոտ գրքեր բաժանող անձանց հետ: Լեզվակռիվն այն աստիճան է թեժացել, որ ցուցանակին մոտեցած կինը՝ Նանեն, սկսել է կոտրել ցուցանակը եւ այս ու այն կողմ շպրտել ցուցանակի վրա գտնվող թռուցիկները եւ գրքերը: Ավելին՝ վիճող կողմերը մեկը մյուսին սպառնացել է: Ավելի ուշ պարզվել է, որ Նանեին զայրացրել է այն փաստը, որ ցուցանակի վրա գտնվող գրքերը եւ թռուցիկները պատկանել են «Եհովայի վկա» կրոնական կազմակերպությանը, եւ այդ գրքերը բաժանվել են երեխաներին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Էրեբունի բաժնում միջադեպի հետ կապված հետաքննություն է կատարվում:

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ ԵՏՄ-ԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո շուրջ 750 անուն ապրանքների նկատմամբ, այսպես կոչված, անցումային շրջանում կիրառվելու են ներմուծման մաքսատուրքերի հատուկ դրույքաչափեր: Այդ ապրանքների շարքին են դասվում կաթնամթերքները, այդ թվում՝ խտացրած կաթը: Նշված խմբի մեջ մտնող ապրանքները ԵՏՄ մաս չկազմող երկրից Հայաստան ներկրելու դեպքում 2015, 2016 եւ 2017 թվականներին մաքսատուրքը լինելու է 10 տոկոս, ինչպես որ այժմ է, իսկ 2018-ին մաքսատուրքը կդառնա 11 տոկոս, 2019-ին՝ 13 տոկոս, իսկ դրանից հետո սակագինը կսահմանի ԵՏՄ-ն: Նույն սակագները գործելու են նաեւ կարագի եւ կաթից պատրաստված մնացած յուղերի նկատմամբ: Ձիթապտղի՝ յուղի արտադրությունում օգտագործվողից բացի, ներկրման դեպքում 2015-ից մինչեւ 2018 թվականը կիրառվելու է 10 տոկոս մաքսատուրք, 2019-ին՝ 13 տոկոս, իսկ դրանից հետո կգործի ԵՏՄ-ի սահմանած մաքսատուրքը: Ներկայումս այս մթերքների ներկրման համար գործում է 10 տոկոս մաքսատուրքը:

 

ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՏՎԵԼ
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսօր հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի մոտ: ՀՀ կառավարության ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են նոյեմբերի 5-ին հստակ պատասխան տալ: Իսկ մինչ այդ «Արցախբանկ»-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն կառավարության՝ այս հարցով պատասխանատուների հետ եւ մանրամասն քննարկեն, թե ինչպես կարգավորեն խնդիրը: Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սնանկանալուց հետո «Արցախբանկ»-ում գրավադրված բնակարանները դարձել են բանկի սեփականությունը:

 




Լրահոս