«Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված պատգամավորներից շատերը դիմում են գրել եւ հրաժարվել իրենց մանդատներից, իսկ ոմանց ճակատագիրն էլ «օդից կախված է»: Մենք զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչու են հրաժարվել մանդատներից:
Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Դեռեւս պարզ չէ՝ Դուք արդյոք լինելու եք ապագա ԱԺ-ում, մեր տեղեկություններով՝ Ձեր հարցում Գագիկ Ծառուկյանը դեռ հստակ որոշում չի կայացրել:
-Ես դիմում չեմ գրել ու չեմ հրաժարվել մանդատից՝ առայժմ, նման հարց չկա, նման խոսակցություն չկա: Ես տեսակետներ արտահայտել եմ եւ սպասում եմ կուսակցությանը, քանի որ ես անկուսակցական եմ, միայն թիմի անդամ եմ, սպասում եմ, թե ինչպես կկողմնորոշվի կուսակցությունը:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը վաղուց է բոլորին հանձնարարել դիմումներ գրել, որպեսզի ընտրությունների ավարտից հետո ինքը որոշի, թե ով է ԱԺ գնալու:
-Ես նման տեղեկություն չունեմ:
-«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, թե Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, որ ԱԺ-ում Դուք չպետք է լինեք, եւ դրա համար ինքն ամեն ինչ անելու է, քանի որ Դուք «անաղուհաց» մարդ եք. ինքն ամեն ինչ արել է Ձեզ համար, բայց Դուք դա չեք գնահատել:
-Ինձ հետ նման խոսակցություն չի եղել, նման պայմանավորվածություն կամ իմ կողմից գրված դիմում չի եղել: Բայց հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի մակարդակով շահագրգռված են արգելափակել իմ մուտքը խորհրդարան: Հիմա չեմ ցանկանում մեկնաբանել, քանի որ դա ինձ բանավոր եք ասում, եւ դա դեռեւս հրապարակված փաստ չէ:
-Իսկ ո՞ր դեպքում Դուք կհրաժարվեք մանդատից:
-Դուք ինքներդ ասացիք, որ պետք է Սերժ Սարգսյանը հայտարարի, թե իմ ներկայությունն Ազգային Ժողովում իր համար անընդունելի է: Եւ հաշվի առնելով, որ դա ասում է երկրի նախագահը, ուրեմն կարող է այդ պահանջին ընդառաջեմ կամ չընդառաջեմ (ծիծաղում է-Ս.Գ.), հասկանո՞ւմ եք: Բայց, համենայնդեպս, դա հետաքրքիր է, եթե նման մակարդակով մտավախություն են արտահայտում խորհրդարանում իմ ներկայությանը, դա ինձ մոտ սպորտային ցանկություն է առաջացնում լինել խորհրդարանում:
-Սպորտային ցանկությո՞ւն:
-Նկատի ունեմ շախմատը (ծիծաղում է-Ս.Գ.), որովհետեւ ի վերջո չի կարելի, որ ամեն ինչ կատարվի մեկ մարդու ցանկությամբ: Եթե այս երկրում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու ցանկությամբ կամ նրա քմահաճույքով, դա վտանգավոր է: Ես ընդհանրապես կառչած չեմ մանդատից եւ ժամանակին իմ թեկնածությունը հանեցի՝ զիջելով Նիկոլ Փաշինյանին՝ դրանով ցույց տալով, որ ամենեւին էլ ինձ համար դա ինքնանպատակ չէ: Եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այդ հարցով, ապա երեւի իր կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է, որ, այնուամենայնիվ, պահպանեմ իմ մանդատը: Ես միշտ մտածել եմ երկրի համար, բայց եթե հարցերն անձնավորում են, տղայական ռազբորկայի մակարդակով են լուծում, ով ում ինչ է պարտական… Ես, այնուամենայնիվ, անցել եմ ճանապարհ եւ այդ ճանապարհի բարձրությունից եմ նայում խնդիրներին:
Քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել Ձեր մանդատից:
-Ես մեկնաբանություն չունեմ այդ հարցին:
-Իսկ ինչո՞ւ մասնակցեցիք ԱԺ ընտրություններին, եթե, ի վերջո, հրաժարվելու էիք մանդատից:
-Ասում եմ՝ մեկնաբանություն չունեմ, ցտեսություն:
Ազգային Ժողովի պատգամավոր ՄԽԻԹԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Դուք եւս հրաժարվել եք խորհրդարան գնալ, ո՞րն է դրա պատճառը:
-Ցանկությունը:
-Այսինքն՝ Ձեզ այլեւս չե՞ք տեսնում օրենսդիրում:
-Չեմ ուզում այլեւս մեկնաբանել, ասացի՝ ցանկությունը:
Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ԲՀԿ-ականները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին ՝Արամ Սաֆարյան, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյան, Ռուբեն Գեւորգյան ՝ Ծաղիկ Ռուբո, եւ այլք, նրանք, որոնք դիմում են գրել եւ հրաժարվել իրենց պատգամավորական մանդատներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՝ նրանց հրահանգել են այս օրերին «չշփվել» լրագրողների հետ, մինչեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ դիրքորոշում հայտնի կոալիցիա կազմել-չկազմելու վերաբերյալ: