ՕԵԿ-ՈՒՄ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը նիստ է հրավիրել եւ որոշել, թե ովքեր են լինելու ապագա խորհրդարանում: Երիտասարդ ՕԵԿ-ականներին առաջարկում են փոխնախարարների պաշտոններ, ինչին նրանք կտրականապես դեմ են:
Չնայած կուսակցությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում հայտարարեց, թե ՕԵԿ-ից խորհրդարան են գնալու միայն երիտասարդներ, միեւնույն է, ՕԵԿ-ն այս անգամ եւս իր խոստումը չի կատարել: Բանն այն է, որ համամասնական ցուցակի պատվավոր հորիզոնականներում ընդգրկված անդամները չեն ցանկանում իրենց դիրքերը զիջել:
Ըստ տեղեկությունների՝ Հեղինե Բիշարյանը լինելու է ՕԵԿ խմբակցության ղեկավար, Խաչիկ Հարությունյանը՝ խմբակցության քարտուղար, խմբակցության անդամները լինելու են Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադեւոսյանը:
ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված Իշխան Խաչատրյանը գործող պատգամավոր է, որը մեծամասնական ընտրակարգով պայքարում էր թիվ 18 ընտրատարածքում եւ հավաքեց 3887 ձայն: Բայց դա չի խանգարում նրան, որ նախարարի պաշտոն ակնկալի: Մանդատի դիմաց պաշտոն է ուզել նաեւ Սամվել Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ վերջինս Վերահսկիչ պալատի 1-ին վարչության պետն է եւ Հայաստան լամինատի խոշորագույն ներկրողը:
Պաշտպանության նախարարի նախկին մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանին ու «Եվրոֆյուչեր» հետազոտական կենտրոնի տնօրեն Նելսոն Զուլոյանին ՕԵԿ-ում առաջարկել են դառնալ փոխնախարար: Կարապետյանին մասնավորապես առաջարկել են էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը, սակայն ՊՆ նախկին մամլո խոսնակը կտրականապես հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե իրենք համամասնական ցուցակում ընդգրկվել են ԱԺ պատգամավոր դառնալու համար, այլ ոչ թե փոխնախարար:
Արդեն հայտնի է, որ ՕԵԿ նախարարների պորտֆելները երկուսն են՝ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության: Իսկ կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն ՕԵԿ ձեռքից վերցրել են: Ինչպես հայտնի է, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկ հայտարարեց ու թիվ 25 ընտրատարածքում չմասնակցեց մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, համամասնական ցուցակից էլ դուրս մնաց: Շատ հավանական է, որ Վարդանյանը ՕԵԿ-ից էլ դուրս գա:  Հավելենք, որ ՕԵԿ պատգամավորական ցուցակը դեռեւս նախնական է, եւ չի բացառվում, որ մինչեւ խորհրդարան մտնելը այն հիմնովին փոփոխվի, քանի որ այդ ցուցակը պետք է ճշտվի նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ  ՕԵԿ ցուցակի երիտասարդները Ս. Սարգսյանի փեսայի ընկերներն են:
Ի դեպ, կուսակցության երեկվա նիստից հասկանալի դարձավ, որ եթե անգամ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան չձեւավորվի, ապա ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան արդեն գոյություն ունի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս